«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2004-07-13 | #129, 2004-07-14 | #130, 2004-07-15


ԱՆՐԻ ԺԱԿՈԼԵՆ. «Ո՞Վ Է ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼՙ ԵԱՀԿ-Ն, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԿԱՄ ՄԻԳՈՒՑԵ ԱԴՐԲԵՋԱ՞ՆԸ»

Ղարաբաղյան խնդրի կարգավորված չլինելը չի խանգարում ԱՄՆ-ի տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին, ասում է Սթիվեն Մանը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խումբը երեկ վերադարձավ Ստեփանակերտից: Արդեն Երեւանում տված մամուլի ասուլիսում ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը հայտարարեց. «Ես հարցն այլ կերպ կձեւակերպեմ. ո՞վ է իրեն սպառել, ԵԱՀԿ-ն, թե՞ Հայաստանը, կամ միգուցե Ադրբեջա՞նը: Ես ուղղակի կասեմ, որ այս երկու երկրները չեն օգտվում այն աջակցությունից, որ ցուցաբերում է ԵԱՀԿ-ն խնդրի կարգավորման հարցում»: Ժակոլենը նման նյարդային եւ ոչ այնքան դիվանագիտական պատասխան տվեց լրագրողներից մեկի հարցինՙ «Հայաստանում որոշ ուժեր եւ Ադրբեջանի նախագահը կարծում են, թե Մինսկի խումբն իրեն սպառել է եւ կարգավորման համար նոր ձեւաչափ պետք է գտնել»:

Ամերիկացի համանախագահող, Հայաստանում ԱՄՆ առաջին հավատարմատար Սթիվեն Մանն այն հարցին, թե արդյոք համանախագահները պարզե՞լ են իրենց համարՙ բանակցային հետագա գործընթացը շարունակվելո՞ւ է նախկինում ձեռք բերված (նկատի էր առնվում Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի փարիզ-քիվեսթյան համաձայնությունները-խմբ.) հիմքի վրա, պատասխանեց. «Շատ կարեւոր է, որ ճիշտ հեռանկարով դիտարկվի: Մինսկի խմբի այս փուլի քննարկումներն ընդամենը մի քանի ամիս առաջ են սկսվել: Ապրիլից Ադրբեջանում նոր արտգործնախարար է նշանակվել, Ադրբեջանի նախագահը պաշտոնում ընդամենը 9 ամիս է: Ուղղակի ճիշտ չէ այն մոտեցումը, երբ նայենք ժամացույցին եւ ասենքՙ լուծում կա թե չկա»:

Մանը նկատեց, որ խնդրի լուծումը կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքի դրսեւորումից: «Ոչ մի արտաքին ուժ չի կարող գալ եւ կախարդական լուծում առաջարկել: Լուծման կարելի է հանգել միայն մանրամասն քննարկումների եւ փոխզիջումների միջոցով: Մենք չգիտենք, թե այդ փոխզիջումներն ու համաձայնություններն ինչպիսին կլինեն, որովհետեւ կողմերն իրենք պիտի որոշեն», ասաց նա:

Ամերիկացի համանախագահողը այն հարցին, թե ինչ-որ կերպ ղարաբաղյան հարցի չլուծված լինելը խանգարո՞ւմ է Մ. Նահանգների տարածաշրջանի էներգետիկ ծրագրերին, պատասխանեց. «Կասպյան ավազանի ամերիկյան էներգետիկ քաղաքականությունը կար Քլինթոնի եւ Բուշի ժամանակ, դրանում փոփոխություններ չեն եղել: Չնայած կովկասյան տարածաշրջանում առկա մի շարք հակամարտություններին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը կառուցվում է, մինչ այժմ հակամարտությունները չեն անդրադարձել, այժմ էլ չեն անդրադառնա (էներգետիկ ծրագրերին): Խողովակաշարերը կառուցում են ոչ թե կառավարությունները, այլ մասնավոր ընկերությունները: Մասնավոր ընկերությունները հաջողությամբ համագործակցել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների հետ եւ ձեւավորել այս («Արեւելք-արեւմուտք» էներգետիկ) միջանցքը»:

Ե՞րբ է հնարավոր Ղարաբաղի ներգրավումը բանակցություններին որպես կողմի: Տեսակետներ կան, թե իբր բանակցային գործընթացից ղարաբաղյան կողմին դուրս թողնելու պատճառով է հարցը մտել փակուղի: Այս հարցին Մանը տվեց հետեւյալ պատասխանը. «Բոլորովին էլ խելամիտ չէ ասել, որ բանակցությունները փակուղի են մտել: Խնդրի կարգավորման պատասխանատվությունը հենց կողմերին է վերաբերում: Սա նույնպես այն խնդիրներից մեկն է, որը թողնվում է, որ կողմերն իրենք որոշեն եւ հստակեցնեն»:

Ռուսաստանցի համանախագահող Յուրի Մերզլյակովը տարածաշրջան այս այցից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք օրակարգում Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հարց, ասել էր. «Ես այս պահին չեմ կարող բացել բանակցությունների բովանդակությունը, սակայն Ադրբեջանի տարածքում Հայաստանի զորքերի առկայության հարցը պիտի որ քննության նյութ դառնա: Բայց մանրամասներ ես իրավունք չունեմ հրապարակելու, որովհետեւ կողմերը գաղտնիության պայմանավորվածություն են ձեռք բերել»:

«Ազգը» Մերզլյակովին հետեւյալ հարցն ուղղեց. «Դուք մի քանի օր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էիք, որ բանակցություններում կարեւոր հարցերից մեկը պետք է դառնա հայկական ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքից: Որքանո՞վ է այդ հարցը քննարկվել այս այցի ժամանակ»: Ռուս համանախագահողը պատասխանեց. «Կոնկրետ այդ հարցազրույցը ես չեմ հիշում, բայց նման հայտարարություն չեմ արել, հավատացեք ինձ: Ինձ ճիշտ չեն հասկացել, կամ դուք չեք ճիշտ մեջբերում: Հարցն այդպես չի դրվել եւ չի քննարկվել»:

Ասուլիսից հետո Մերզլյակովից փորձեցինք ճշտել, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս է ինքը մեկնաբանել ադրբեջանական տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հնարավորությունը: «Այն ժամանակ (նկատի ունի բանակցությունների այն փուլը, երբ Ադրբեջանում արդեն նախագահն Իլհամ Ալիեւն էր-խմբ.) ադրբեջանական կողմից նման հարց դրվում էր, դրանից հետո կողմերը կրկին հաստատեցին, որ քննարկումների մանրամասները կրելու են գաղտնապահական բնույթ: Այդ պատճառով, թե ինչ է հիմա քննարկվել, ես չեմ կարող ասել, բայց այն ժամանակ, երբ ինձ հարց տվեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, նա հարցը տվեց քանակի (նկատի ունի շրջանները-խմբ.), այլ ոչ թե փաստի մասին, այսինքնՙ քանիսի՞ց (նկատի ունի շրջանները-խմբ.): Ես կրկնում եմ, այդ մասին հաստատ չի ասվի, որովհետեւ գաղտնի է եւ հետո համանախագահները ելնում են նրանից, որ այդ մասին պետք չէ խոսել, դա բանակցությունների առարկա է: Ուղղակի քննարկվել է ադրբեջանական տարածքներից հայկական ուժերի դուրս գալու հարցը: Դա գործընթացի սկզբում էր, երբ օրակարգը բաց էր եւ կողմերից յուրաքանչյուրը կարող էր քննարկման համար իր առաջարկությունն անել», ասաց Մերզլյակովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4