Միջազգային հարաբերությունների պատմաքաղաքագետ Ավետիս Կալաջյանը հրատարակության է պատրաստել եւ շուտով կհրատարակի իրՙ «Թուրք-թուրանական ծավալողապաշտությունը եւ 70 նահատակ ազգերը» գիրքը:
Ըստ նրաՙ գիրքը հայկական լոբբիինգի համար մեծ ծառայություն կարող է լինել, քանի որ ամփոփում է թուրքական ցեղախմբերի կատարած բոլոր ոճիրները:
«Այս գիրքն առայժմ հայկական ամենահզոր պատասխանն է թուրքական սուտ մեղադրանքներին», ասաց Կալաջյանըՙ նշելով վերջերս հայերին հասցեագրվող պատմական խեղաթյուրումների հանգամանքը:
Ավետիս Կալաջյանի պատմական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թուրքական ցեղախմբերիՙ Անդրկովկասում հայտնվելուց հետո ավելի քան 70 ազգ է տուժել:
«Սա մեր տարածաշրջանի գլոբալ հարցն է եւ, իմ կարծիքով, պետք է լուծվի երկրների ռազմաքաղաքական դաշինքով, ուստի իմ գրքով ես փորձում եմ այդ խնդիրն առաջ քաշել», ասաց հեղինակը:
Հեղինակը հավաստիացնում է, որ 800 էջանոց այս գիրքը բացի հայերենից լույս է տեսնելու նաեւ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրս