«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2004-07-13 | #129, 2004-07-14 | #130, 2004-07-15


«ԱԼ ՂԱԻԴԱՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է 4-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Շվեդ փորձագետ Մագնուտ Ռաստրոպը` «Քաղաքական ահաբեկչության ուսումնասիրության» կենտրոնի տնօրենը, շոտլանդական Սենտ Անդրուս համալսարանի համագործակցությամբ, իսլամական ահաբեկչության համաշխարհային ամենախոշոր փորձագետներից եւ սեպտեմբերի 11-ից հետո բեն Լադենի գործով CNN հեռուստատեսության գլխավոր խորհրդատուն, հետաքննություն է անցկացնում «Ալ Ղաիդան` կիբերտարածքում եւ ահաբեկչության մուտքը ինֆորմացիոն դարաշրջան» թեմայի վերաբերյալ: «Սա բոլորովին էլ ֆանտաստիկ սցենար չէ, որ պատրաստվում է, այլ այսպես կոչված 4-րդ սերնդի (4GW) պատերազմի ծրագիր», գրում է La Stampa թերթը:

«Նոր իսլամական ահաբեկչություն սեպտեմբերի 11-ից մինչեւ մարտի 11-ը» գրքում ուշադրությունը հրավիրված է բեն Լադենի խմբից Աբու Բեիդ ալ Կուրաշի մականունով մեկի` 2002 թվականին արած հայտարարությանը: Նա պնդում է, որ «Ալ Ղաիդան» իր մարտավարությամբ եւ կառուցվածքով այժմ գործում է նոր, ասիմետրիկ պատերազմներ հայեցակարգով, որը չի տարվելու պետությունների միջեւ հավասար զենքի պայմաններում: Այս հայեցակարգի դրույթները դեռեւս 1989 թվականին ներկայացվել էին ամերիկյան «US Marine Corps Gazette» ամսագրում: Այս պատերազմում հակառակորդները միայն նրանք են, ովքեր շատ լավ են տիրապետում բարձր տեխնոլոգիաներին: Ահաբեկիչները որպես զենք օգտագործում են ինտերնետը, քանի որ դա տալիս է հարձակվելու եւ համատեղվելու առավելագույն հնարավորություններ:

«Կիբերտարածությունը թույլ է տալիս անցկացնել տեսական պատերազմներ, վարժեցնել այս ասպարեզում, ինչպես նաեւ ստեղծել ակտիվ կապ առանձին խմբերի միջեւ», նախազգուշացնում է ամերիկյան ամսագիրը:

Բացի մեկանգամյա օգտագործման արբանյակային հեռախոսներից եւ բջջային քարտերից, որոնց համարները անհնար է իմանալ, «Ալ Ղաիդան» օգտագործում է Hotmail եւ Yahoo փոստային ծառայությունները, որոնք հնարավոր չէ վերահսկել, քանի որ ահաբեկիչները օգտագործում են օրինական հաճախորդների հասցեն եւ գաղտնաբառը, որոնք վաճառվել են ահաբեկիչներին: Այս ձեւով ահաբեկիչները իրականում չհանդիպելով` կարող են անընդմեջ կապ պահպանել միմյանց հետ: Բեն Լադենի համար ինտերնետը կարեւորվում է իր ստեղծած էլեկտրոնիկայի ֆակուլտետի կամ հաքերների դպրոցի գոյությամբ եւ Պակիստանի կիբերինստիտուտով, որն աշխատում է SCADA այնպիսի համակարգերի վրա, որոնք հնարավորություն են տալիս ինտերնետի միջոցով կառավարել ջրբաժան ցանցերը, գազային եւ նավթային խողովակաշարերը եւ ատոմային կայանները:

Ռաստրոպը հիշեցնում է լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման մասին, որը նույնպես ժամանակակից գերհզոր տեղեկատվական տեխնոլոգիաները տնօրինողներից մեկն է, եւ հետեւյալ կանխատեսումն է անում. «Ալ Ղաիդան» կարող է կազմակերպել մեծամասշտաբ ահաբեկչություն, ավանդական ահաբեկչական գործողությունները համատեղելով տեղեկատվական պատերազմի հետ, որը աշխարհին կկանգնեցնի տնտեսական մեծ աղետների առաջ»: Ըստ Ռաստրոպի կանխատեսումների, հնարավոր է այսպիսի սցենարՙ պայթյուն արեւմտյան ֆինանսական քաղաքներից մեկի կենտրոնում, որին կհետեւեն ինտերնետային հարվածները տնտեսական կարեւորության այնպիսի հանգույցների վրա, ինչպիսիք օրինակ, ամերիկյան Fedwire եւ միջազգային Chips եւ Swift բանկային փոխանցումներ իրականացնող համակարգերն են:

«Ակնհայտ է դառնում, որ «Ալ Ղաիդան» շատ ավելի ժամանակ է վատնել ուսումնասիրելու կիբերտարածությունը, քան ենթադրում էինք, նա կփորձի հարվածել ամենազգայուն կետերին: Բեն Լադենը ավելի շահագրգռված է ոչնչացնելու համակարգեր, քան առանձին մարդկանց: Հիմա վերանում է. «Կսկսի՞ արդյոք նա կիբեր պատերազմ» հարցը, արդեն կարեւոր է դառնում, թե նա երբ կսկսի», ավարտում է Ռաստրոպը:

Տ. Հ., Քաղված` www.web-hack.ru-ից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4