Մեծ եղեռնից ուղիղ 89 տարի անց, այս տարվա հունվարի 27-ին «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության եւ Կալիֆոռնիայի «Լա Կանադա ֆլինտրիջ» ընկերությունից 88-ամյա Մարտին Մարությանի եւ 11 այլ հայցվորների փաստաբանների միջեւ ստորագրվեց կարգավորման մի համաձայնագիր, որով ավարտին հասցվեց 1999 թ. նոյեմբերին Լոս Անջելեսում «Նյու Յորք լայֆ» ընկերության դեմ հարուցված գործը: Ընկերությունը համաձայնեց 20 մլն դոլար վճարել 1875-1915 թթ. ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի ձեռք բերած եւ առ այսօր չվճարված 2400 ապահովագրական տոմսերի դիմաց: Հնգամյա (եւ ավելի) տքնաջան ճանապարհի, մաքառումներով լի պայքարի մասին է Հրակ Վարդանյանի ՀԲԸՄիության «AGBU» պարբերականի ապրիլյան համարում տպագրված նյութը, որը թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Սեմ Կադորյանը հիշում է, որ երբ 5-6 տարեկան էր, «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության մի գործակալ Օսմանյան կայսրության Խարբերդի շրջանի իրենց տուն էր այցելել ծնողներին ապահովագրելու նպատակով: Նա հաստատում է, որ ծնողները կնքել են պայմանագիր, հույս ունենալով երեխաների կյանքը ապահովել իրենց մահվան դեպքում: Ծնողները զոհվել էին 1895-ի կոտորածների ընթացքում: «Ընկերության գործակալի, որն, ի դեպ, հայ էր, մեկնելուց հետո, հայրս ինձ համբերությամբ բացատրեց, թե ինչ է նշանակում ապահովագրություն: Ես ստանալու էի հազար դոլար յուրաքանչյուրի մահվան դեպքում», հիշում է հոգով առողջ ու մտքով պայծառ 96-ամյա Կադորյանը: 1915 թ. հորը կորցնելուց հետո նա մոր հետ մի կերպ հասնում է Ամերիկա եւ փորձում է «Նյու Յորք լայֆից» փոխհատուցում ստանալ: «Նյարդայնացնող գործընթաց էր, որը ոչ մի արդյունք չտվեց», հիշում է նա: Բացի մանկական հիշողությունից եւ հին մի նոթատետրում գրված վճարումներ կատարելու հասցեից, նա ոչ մի փաստաթուղթ չուներ հիմնավորելու իր պահանջը: Իրականում հետագա տասնյակ հայցվորներից ոչ մեկն էլ չուներ ապահովագրական բուն պայմանագիրը, բացի մեկ ընտանիքից, որը խնամքով պահպանել էր այն եւ որը օգտագործվեց խմբակային հայց ներկայացնելու համար:
Ճանապարհի սկիզբը
Մարության
«Ես պահել էի իմ մորեղբորՙ Սեդրակ Շեյթանյանի ապահովագրական պայմանագիրը եւ դրամական մուծումների ստացականները, որոնք նա մորս էր փոխանցել անձամբ: Մայրս եւ ավագ քույրը Ամերիկա էին եկել 1914-ինՙ իրենց հետ բերելով այդ բոլորը: 1923-ից սկսել են պահանջել իրենց իրավունքները ընկերությունից», պատմում է Մարտին Մարությանը: «Նյու Յորք լայֆը» պնդում էր, որ իրենց մոտ արձանագրություններ չկան: Նրանք պահանջեցին մահվան վկայականներ, վստահ լինելու համար, որ մենք ենք իսկական ժառանգները: Մայրս եւ մորաքույրս Կոստանդնուպոլսի պատրիարքարան դիմեցին հավաստիացումներ ստանալու, որ Խարբերդում իրոք կոտորածներ են տեղի ունեցել եւ մորեղբայրս սպանվել է: Ժամանակներն անցան եւ միայն 1956 թ. մայիսի 20-ին պատրիարքարանից պատասխան ստացվեց: Մենք այդ բոլոր փաստաթղթերը հավաքեցինք եւ ներկայացրինք ընկերությանը: Բայց սայլը տեղից չշարժվեց: Միշտ նոր հարցեր էին առաջանում»:
Բայց ի վերջո, ի մի բերելով հավաքված նյութերը, անլուծելի թվացող առեղծվածը սկսեց «տեղի տալ»: 2004 թ. հունվարի 28-ին «Նյու Յորք լայֆը» հայտարարեց, որ համաձայն է 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարել 1875-1915 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի ձեռք բերած եւ ցարդ չվճարված 2400 ապահովագրական պայմանագրերի դիմաց:
Անցած տարիներին «Նյու Յորք լայֆի» կենտրոնական գրասենյակ լուրեր են հասել հատկապես ընկերության փարիզյան մասնաճյուղից, որ ապահովագրական պայմանագրեր ունեցողներից շատերը մահացել են զանգվածային կոտորածների ընթացքում: Ընկերության ներկայացուցիչ Ուիլյամ Ուերֆելմանի խոսքերով, Ստամբուլում մի հայ իրավաբան է զբաղվել տեղեկություններ քաղելով: Պարզվել է, որ 2400 հայեր ստորագրել են նման պայմանագրեր:
Նյու Յորքում 1915 թվին ծնված Մարությանը, սակայն, դժգոհ է ընկերության գործունեությունից: «Նրանք այդքան հեռու գնալու կարիքը չունեին: Մենք այստեղ էինքՙ իրենց կենտրոնական գրասենյակի շվաքի ներքո», ասում է նա: Մոր եւ մորաքրոջ մահվանից հետո, ինքն ու կինն են ստանձնել գործը շարունակելու առաքելությունըՙ իրավաբան Վարդգես Եղիայանի աջակցությամբ: «Առանձին գործելու դեպքում շատ ավելի մեծ գումար կարող էի ստանալ, բայց որոշեցինք դիմումը ձեւակերպել խմբակային, ամբողջ համայնքին օգնելու նկատառումներով», նշում է նա:
Տողերի արանքում
Մորգենթաու
Եթե Մարությանի փաստաթուղթը «ծուխն» էր, այդ ծուխը կրակի վերածողն անկասկած 67-ամյա իրավաբան Վարդգես Եղիայանն էր, որը հերոսական աշխատանք է կատարել 20 տարի շարունակ:
«Ամեն ինչ սկսվեց, երբ 1986-ին սկսեցի երկրորդ անգամ ընթերցել դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը: Ես հանդիպեցի մի սարսռեցնող պատմության», հիշում է Եղիայանը: Թալեաթը ամերիկացի դեսպանին խնդրում էր իրեն հանձնել ամբողջական ցուցակը այն հայերի, որոնք ամերիկյան ապահովագրական ընկերություններում պայմանագրեր էին կնքել: «Նրանք բոլորն այժմ մահացած են եւ ժառանգներ չունեն: Ուստի նրանց ունեցվածքն այժմ գործնականորեն պետությանն է պատկանում», ասել էր նա: Իսկ դեսպանն այս ամենից վրդովված, համարելով, որ Թալեաթն անցնում է ամեն սահման, վեր էր կացել եւ «Դուք ինձից ոչ մի ցուցակ էլ չեք ստանա» ասելովՙ դուրս եկել սենյակից:
Եղիայանը կարդալով այս հատվածը, մտածել է. «Միգուցե արժե՞ ձեռք բերել այդ ցուցակը»: Դրան հաջորդել են վճռականության, բախտի եւ համայնքի աջակցության իրադարձությունները: Եղիայանը գրել է այդ ժամանակվա պետքարտուղար Ջորջ Շուլցին: Մինչ հայրենակիցներից ոմանք թերահավատորեն են վերաբերվել նրա այդ քայլին, նա հաջորդ շաբաթների ընթացքում ստացել է 800-900 էջանոց փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությամբ էլ սկիզբ է դրել դատական հայցին: Փաստաթղթերում եղել են այնպիսիք, որոնք հաստատել են, որ Օսմանյան կայսրությունում «Նյու Յորք լայֆի» գրասենյակների փակումից հետո հայերը շարունակել են մուծումներ կատարել այդ ընկերությանն ամերիկյան դեսպանատան միջոցով: Հասկանալով, որ ճիշտ ուղու վրա է, Եղիայանը հայտարարություն է տպագրել հայկական թերթերումՙ խնդրելով ապահովագրությանն առնչվող փաստաթղթեր ունեցողներին կապ հաստատել իր հետ: «Կարծես սխալ էր հայտարարություն անելը: Ամեն տեսակի նկարներ ուղարկեցին, ու ես մտածում էի, թե ինչի մեջ եմ խրվել, երբ հանկարծ մի կին հրավիրեց ինձ տունՙ ասելով, որ ունի այն, ինչ որոնում եմ: Ժապավենով կապված կոշիկի տուփի միջից այդ կինն ինձ տվեց ապահովագրական մի պայմանագիր», հիշում է Եղիայանը: «Չնայած այդ կինը երկար չապրեց եւ մահացավ նախքան դատական հայցի հարուցումը, նրա եղբայրըՙ Մարտին Մարությանն ինձ հետ շարունակեց պայքարը»:
Դոքմեջյան, Փուչիկյան եւ ուրիշներ
Ուսումնասիրելով հրեական Հոլոքոսթի զոհերի նմանօրինակ գործընթացը, 1997-ին Եղիայանը նկատում է, որ անհրաժեշտ է ապահովագրական գործերի ժամկետային սահմանափակումների օրենսդրական ակտը երկարացնել, եւ դիմում է Կալիֆոռնիայի նախկին կառավարիչ Ջորջ Դոքմեջյանին, որն էլ իր հերթին հանձնարարում է հանրապետական սենատոր Չարլզ Փուչիկյանինՙ զբաղվել այդ հարցով:
«Որպես վերապրողների թոռ, ինձ մեծապես հուզեց եւ հետաքրքրեց այդ խնդիրը, եւ ես ձգտեցի ինչքան հնարավոր է օգտակար լինել», պատմում է Փուչիկյանը, որի ջանքերով էլ 1998-ին ընդունված հրեականի օրինակով 2000 թ. ընդունվում է ապահովագրական պայմանագրերի գումարների պահանջատիրության ժամկետի երկարացման օրենքը, որով նախատեսվում է պահանջներ ներկայացնել մինչեւ 2010 թիվը:
«Կալիֆոռնիայում ապրելու առավելությունն այն է, որ հայկական ընտրազանգվածի առկայության պայմաններում բավական հեշտ է Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներից ստանալ նպաստավոր դիրքորոշում: Որոշ առարկություններ եղան ապահովագրական ընկերությունների կողմից, որոնք փորձեցին փոխզիջումների գնով լուծել հարցը, բայց տեսնելով, որ մենք հաստատակամ ենք, տեղի տվեցին», պատմում է Փուչիկյանը, որը բացառում է ընկերությունների ներկայացրած պատկերը, թե իբր «լավություն են անում» եւ արժանի են գովասանքի:
Հաջորդ քայլն այն էր, որ դատական լսումները կատարվեին Կալիֆոռնիայում եւ ոչ թե Լոնդոնում կամ Փարիզում, ինչպես ենթադրվում էրՙ ելնելով պայմանագրերի լեզվից: «Նյու Յորք լայֆի» իրավաբանների բերած «ծխածածկութային» հակափաստարկների թվում նշվում էր, որ խնդիրն արտաքին քաղաքականությանն է վերաբերում եւ նահանգը իրավասու չէ որոշում կայացնելու: Դատարանը, սակայն, մեկընդմիշտ մերժեց այդ մոտեցումը, ամրագրելով, որ խնդիրը սոսկ ամերիկյան ընկերությունների եւ նրանց հաճախորդների միջեւ կայացած պայմանագրերի շուրջ է եւ արտաքին քաղաքականության հետ ոչ մի կապ չունի:
«Սա մեծ հաղթանակ էր մեզ համար», խոստովանում է Եղիայանը, քաջ գիտակցելով, որ Եվրոպայում շատ ավելի բարդ կլիներ խնդիրը լուծել:
Հաղթանակի առաջին նշույլի հետ սկսեց ավելանալ հայցվորների թիվը: Եղիայանն ստիպված էր երեք այլ մասնագետների օգնությանը դիմել. ընդգրկվեցին հայազգի իրավաբաններ Բրայան Կաբատեկն ու Մարկ Կիրակոսը եւ Հոլոքոսթի գործերով վետերան Ուիլյամ Շեռնոֆը:
Գումարային ճշգրտումներ
Չորսով սկսեցին դատական խմբակային գործը: Գումարային պահանջ նրանք չներկայացրին, թողնելով, որ դատարանը կայացնի իր որոշումը: Իրենց նախնական հաշվարկներով ապահովագրական ընկերությունների այդ ժամանակաշրջանի կնքած պայմանագրերի 25 տոկոսը պետք է պատկաներ հայերին: Ընկերության հայթայթած տվյալներով պարզվել է, որ 45 տոկոս է կազմում այդ թիվը: Սա խոսում է այն մասին, որ հայերը միշտ գործունյա, աշխատասեր եւ տնտեսող ազգ են եղել: Ընդհանուր պայմանագրերից մոտ 3.800-ը վաճառվել է հայերին, որից 1200-ը այդ ժամանակ մարվել է: Մոտավոր հաշվարկներով նրանք չվճարված պայմանագրերը գնահատեցին 1.200.000 դոլար (1915-ի տվյալներով): Հաջորդ հարցն այդ թիվը ներկա արժեքների տեսքով ներկայացնելն էր: Կալիֆոռնիական մի օրենքի համաձայն ապահովագրական պայմանագրերի տոկոսները չեն հաշվում մինչեւ պահանջ չներկայացվի: Ուսումնասիրվեցին Հոլոքոսթի ապահովագրական պայմանագրերի գործերը: Դրանք հատուցվել էին տասնապատիկ չափով: Վարձվեց նաեւ մի տնտեսագետ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանից: Նա նույնպես համաձայնեց, որ 10 միլիոնը ընդունելի գումար պետք է լինի: Բայց Եղիայանը եւ իր գործընկերները չհամաձայնեցին: Նրանք զգում էին, որ ավելին կարող են ձեռք բերել, առանց քննադատելու «Նյու Յորք լայֆին»:
«Արդար լինելու համար պետք է ասել, 1922-ին զգալով, որ Եվրոպայից դուրս են գալիս, «Նյու Յորք լայֆի» պատասխանատուները վերապահովագրվել են իրենցից ավելի մեծ ֆրանսիական «Լյունիոն» գործակալությունում, հանձնելով նրանց իրենց ամբողջ ռեզերվները», բացատրում է Եղիայանը, նշելով, որ այդ պատճառով էլ չեն կարող շատ պնդել տոկոսների հարցում:
Հարցը կարող էր երկար ձգձգվել: Բայց Կալիֆոռնիայի ապահովագրական հանձնակատար Ջոն Գարամենդիի միջնորդությամբ վերջնական լուծումը դարձավ տեսանելի:
Քսան միլիոնից երեք միլիոնը հատկացվելու է 6 ամերիկահայ եկեղեցական բարեգործական միությունների եւ երեք ոչ շահութաբեր կազմակերպությունների, որոնց թվում են Հայկական կրթական հիմնադրամը, Հայ օգնության միությունը եւ ՀԲԸՄ-ն: Իրավաբանների մի խումբ հսկելու է, որ բաշխումները կատարվեն արդարացի: Ընտանիքների ցուցակները տպագրվելու են երկու ամերիկյան թերթերում (USA Today եւ Wall Street Journal), հայկական պարբերականներում եւ ինտերնետային էջումՙ www. armenianinsurancesettlement. com հասցեով:
Մարդկային գործոնը
Բյուրոկրատական քաշքշուկներից ու դատական լսումներից առավել հետաքրքրական են մարդկային հարաբերությունները, որոնք ձեւավորվել են այս գործի ընթացքում:
Երբ Եղիայանն ու իր գործընկերները հայտարարության ձեւով հայկական մի թերթում ապահովագրական վկայական ունեցող 18 էրզրումցիների անուն են տպագրել, մի մարդ է զանգահարելՙ ասելով, որ ազգանուններից մեկը կարող է իր ազգականինը լինել: Հետո Նյու Ջերսիից մի կին է զանգահարել, հաղորդելու, որ այդ անձնավորությունը Բաղդադում ազգականներ ունի: Ավելի ուշ Ռուսաստանից եւ Վրաստանից այլ ազգականներ են հայտնաբերվել: Եվ բոլորը որոշել են այդ Նոր տարին անցկացնել միասին Փարիզում: Երբ փետրվարին Եղիայանը հետաքրքրվել է առաջին զանգողից, թե ինչո՞ւ իրենց գործերի համար դիմում չեն ներկայացնում, վերջինս պատասխանել է. «Ո՞ւմ է պետք ապահովագրական վկայականի գումարը: Մենք հարազատների մի ամբողջ ընտանիք հայտնաբերեցինք»:
Եղիայանի կարծիքով հետագայում ավելի մեծ թվով ընտանիքներ կգտնեն միմյանց: Վերադառնալով դատական հայցին, նա նշում է հպարտորեն. «Սա դեռ գործի սկիզբն է: Մենք ամբողջ համայքն ենք ոտքի հանել»: Մի գերմանացի պատմաբանՙ դոկտ. Հելմար Քայզերը, որն օգնել է «Նյու Յորք լայֆի» գործում, նույնպես գտնում է, որ «սա առաջին գործնական քայլն է: Մի ընկերություն կարողացել է բաց ճակատով նայել իր պատմությանը: Ուրիշներն անպայման կհետեւեն նրա օրինակին: Դա նաեւ բոլոր ապահովագրական ընկերություններին ու բանկերին հասկացնում է, որ հայերը գործի մարդ են: Քայզերն ավելացրել է. «Հասարակական կարծիքը Թուրքիայում դեռ պատրաստ չէ ընդունելու ճշմարտությունը: Ժամանակ կպահանջվի մինչեւ Էրդողանը քաղաքականության նոր կուրս վարի: Բայց պատմականորեն խոսելով, նա առաջին վարչապետն է, որ չի պատկանում երիտթուրքերի վարչակարգի ավանդույթներով շարժվող մի կուսակցության: Նրա ընտրազանգվածը միշտ ընդդիմադիր է եղել եւ դեռ նոր ուղիներ որոնելու հնարավորություն է տալիս: Ցեղասպանության 90-ամյակը լավ առիթ կարող է հանդիսանալ»:
Իսկ հայցվորներն ուրախ են, որ իրենց ներդրումն ունեն այս գործում: «Երջանիկ եմ, որ դեռ ողջ ենք եւ կարողացանք որոշակի արդյունքի հասնել ոչ միայն մեզ, այլեւ մեր ծնողների եւ ընդհանրապես հայկական համայնքի համար», ասում է Մարությանը:
Պետք է հուսալ, որ այս կարգավորումը իրոք ճանապարհ կհարթի Ցեղասպանության ժամանակաշրջանի այլ ապահովագրական ընկերություններից եւս ստանալու համապատասխան փոխհատուցումներ:
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ