Վարդուհի Վարդերեսյանը Գյումրիում
Երկրաշարժից հետո Գյումրիում շատ տներ քանդվեցին, մարդկային շատ զոհեր եղան, բայց կանգուն մնաց հոգեւոր տունըՙ գյումրեցիների սիրելի դրամատիկական թատրոնը: Այդ շենքը դարձավ բոլորի փայփայանքի եւ հոգածության առարկան, այդ շենքը հույս էր, որ կա կյանք...
Եղան հյուրախաղեր, եկան երեւելի արվեստագետներ, բայց գյումրեցին սպասում էր իր սիրելի թատրոնի ներկայացումներին:
Ծանր տարիներ էին: Մութ: ցուրտ: Թատրոնը չէր կարողանում «շտկել» իր մեջքը: Բայց, ինչպես Ջիվանին կասերՙ «Ձախորդ օրերը կուգան ու կերթան»:
Եկավ «Լինսի» հիմնադրամի բարերար ձեռքը: Թատրոնի շենքը նորից ստացավ իր շքեղաշուք տեսքը: Թատրոնի տնօրեն նշանակվեց թատերական աշխարհում բացառիկ գործունեություն ծավալած մի մարդՙ Էդվարդ Պողոսյանը, որը կարճ ժամանակահատվածում փակեց կուտակված պարտքերը, իրար հետեւից ազդագրերում երեւացին նոր բեմադրությունների անուններ, որոնք էլ կամաց-կամաց կենդանացրին թատրոնի ներքին կյանքը, հանդիսականի բերած ոգեւորությունն ուժ տվեց թատրոնի նվիրյալներին ավելին անելուՙ հույսը դնելու միմիայն ստեղծագործ աշխատանքի վրա:
Տնօրենին մեծ փորձություններ էին սպասում, որը նա հաղթահարեցՙ կոլեկտիվի հետ համատեղ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց երիտասարդ, շնորհալի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը: Թատրոնը մշակեց մինչեւ 2007 թ. ստեղծագործական ծրագիր:
Ծրագրերից մեկը հայ անվանի դերասաններին Գյումրի հրավիրելն էր: Կան արտիստներ, որոնց բեմական կյանքը սկիզբ է առել Լենինականի թատրոնում, կա նաեւ մեկ այլ հանգամանքՙ բոլոր գյումրեցիները չէ, որ հնարավորություն ունեն մայրաքաղաքում ներկայացումներ դիտելու:
Մեծատաղանդ Վարդուհի Վարդերեսյանը սրտի տրոփյունով ընդունեց թատրոնի հրավերըՙ Կասանոյի «Ծառերը կանգնած են մահանում» պիեսում Տատիկի դերակատարման առիթով: Այդ դերը նա խաղացել էր ԱՄՆ-ում, Բեյրութում, սակայն իր սիրելի թատրոնի հրավերը նա կարեւորեցՙ նոր մեկնաբանության ակնկալիքով, քանի որ բեմադրության ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանը (ԱՄՆ) նոր եւ հետաքրքրական մոտեցում էր ցուցաբերել պիեսին:
Մելոդրամատիկ այս պիեսում Տատիկի դերը երազում են խաղալ բոլոր դերասանուհիները: Վ. Վարդերեսյանի խաղը հասավ բարձրակետի իր հրաշալի ձայնի, հոգեկան հարուստ աշխարհի, վարպետության շնորհիվ եւ գերեց հանդիսականին: Երեք ներկայացումներում չկրկնեց իրեն, ամեն օր բերեց հուզական մի նոր երանգ, պարուրեց բեմը ջերմությամբ, սիրով: Նրա Տատիկը իր նորոգված կյանքով այնպիսի հավատ էր բերում, որ անգամ պիեսին ծանոթ հանդիսականը տրվում էր այդ «խաբկանքին»: Երբ պարզվում է, որ այդ «կենսուրախ, կյանքով լի մարդն» իր թոռնիկը չէ, չի կորցնում սիրո, խանդաղատանքի եւ փաղաքշանքի ջերմությունը կեղծ Մաուրիսոյի եւ Իզաբելայի նկատմամբ: Արտիստուհին այնպիսի վարպետությամբ էր խաղում, որ դահլիճը շունչը պահած հետեւում էրՙ վախենալով նրա կյանքի համար: «Ծառերը կանգնած են մահանում» դարձվածը դերասանուհու համար դառնում է դիմանալու, ծանր վիշտը հաղթահարելու կարեւոր սկզբունք թոռնիկի տված հարվածը տանելու համար. իր վերաբերմունքով, կեցվածքով ապացուցում է, թե արյան գործոնը չէ, որ մարդկանց կապում է միմյանց հետ, որ կա ավելի կարեւորըՙ բարոյականությունը, երբ օտարն է կիսում քո վիշտը, օտարն է ցավում քեզ չկորցնելու համար:
Ներկայացման մասնակից բոլոր դերասանները ձգտում էին խաղալ այնպես, որ Վ. Վարդերեսյանին արժանի խաղընկերը լինեն: Հովհ. Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Հարությունյանը, Պողոս Սուքիասյանը, Ռաֆայել Գրիգորյանը, ներկայացումը դարձրին իրոք տոն, որի պսակը հայ բեմի հրաշալի արտիստուհին էր: Հանդիսականը երեք օր ծափահարում էր նրանՙ այդպես արտահայտելով իր սերը թատրոնի ու Վարդուհի Վարդերեսյանի արվեստի նկատմամբ: Դա երեւույթ էր, մոռացված երեւույթ, երբ հանդիսականը 45 րոպե չէր լքում դահլիճը:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկ թատրոնը գիտե իր հանդիսականի պահանջը: Եվ խաղացանկային իր քաղաքականությունը վարում է այնպես, որ ամեն մի հանդիսական գտնի իր հարցի պատասխանը: Այդպես է կայանում մեր օրերի թատրոնը:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրի