Հավատացած են փաստաբանները
Մամուլի ազգային ակումբում երեկ հրատապություն էին ստացել ապրիլի 12-ին հաջորդած քրեական գործերն ու դրանց քաղաքական գնահատականը, որ ներկայացրին մեղադրյալների դատապաշտպանները, Վիկտոր Դալլաքյանը եւ Ռուզան Խաչատրյանը:
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ոստիկանին պլաստիկե դատարկ շշով հարված հասցրած Էդգար Առաքելյանի, թմրամիջոց պահելու մեջ մեղադրվող Լավրենտի Կիրակոսյանի ու Արտաշատի ոստիկանության բաժանմունքում դաժան ծեծի ենթարկված Գրիշա Վիրաբյանի դատապաշտպանները միաբերան հավաստեցին, որ դատական գործընթացը չափազանց անարդար է եւ իրականացվում է նախապես մշակված սցենարով: Էդգար Առաքելյանի դատապաշտպան Թադեւոս Ալեքսանյանը տեղեկացրեց, որ վճռաբեկում էլ փորձելու է ապացուցել, որ Էդգարը դատապարտվել է ոստիկանության գործողությունների հետեւանքի համար: Եվ գուցե վերաքննիչում նկատեն վճռաբեկի թույլ տված ակնհայտ խախտումները: Գրիշա Վիրաբյանի դատապաշտպան Սեդա Սաֆարյանն էլ հավաստեց, որ իր պաշտպանյալի դեմ հարուցված գործը քննվում է անթույլատրելիության աստիճան միակողմանի, եւ ծեծն իրականացնողների հանդեպ ոչ միայն քրեական գործ չի հարուցվել, այլեւ նրանք շարունակում են ծառայությունը: Լավրենտի Կիրակոսյանի հանդեպ կատարվածըՙ սկսած Ազատության հրապարակից ոստիկանություն տանելուց, տունը խուզարկելուց մինչեւ դատավճիռ կայացնելը, փաստաբան Վարդան Զուռնաչյանի խոսքերով, իրականացվել է խորհրդային եւ իրավապաշտպան մարմինների հենց 1937-ին գործադրած վատթարագույն մեթոդներով: Զուռնաչյանը հավաստիացրեց, որ դատարանները Հայաստանում որեւէ դեր չունեն քաղաքական կտրվածքի գործերում, եւ որ նրանք ընդամենը կամակատարներ են, ովքեր թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում կետ առ կետ իրականացնում են որոշակի երանգներ:
Վարդան Զուռնաչյանը մտադիր է խոսուն ապացույց ներկայացնել դատարանների անզորության մասին: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անգործունակությունը փաստեց Ռուզան Խաչատրյանըՙ վկայակոչելով դատախազություն ուղղած հարձակման ենթարկված երեք կուսակցությունների մի քանի նամակների մինչ օրս անպատասխան մնալը եւ վստահությունը, որ նույն ճակատագրին է արժանանալու ՀՀ գլխավոր դատախազի անգործության առնչությամբ ՀԺԿ-ի դիմումը:
Վիկտոր Դալլաքյանն էլ գտնում է, որ 2003-ի նախագահական ընտրությունների անօրինությունների պտուղներն ենք հավաքում եւ անօրինական ռեժիմը իշխանությունը պահելու համար քաղաքական խնդիրները լուծում է քրեական հարթությունում ու եթե հանկարծ վերադառնա իրավական հարթություն, ապա ընդդիմությունը պատրաստ կլինի քննարկելու խորհրդարան վերադառնալու հարցը: Իսկ առայժմ, Դալլաքյանի հավաստմամբ, «Վստահության հանրաքվեի» մասին օրինագծի հետաձգման ընթացքում հաշվի չեն առնվել ԱԺ կանոնակարգի համապատասխան բոլոր դրույթները, եւ օրինագիծն ինքնաբերաբար մնում է եռօրյայի օրակարգում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ