«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2004-07-13 | #129, 2004-07-14 | #130, 2004-07-15


ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍՆ ԱՆՈՐՈՇ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՀԱՆԴԵՊ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԻՐ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՇՈՒՐՋԸ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Ազգ» օրաթերթի կողմից մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում անցկացված հեռախոսային սոցիոլոգիական հարցման կարեւոր բաղադրիչը բնակիչների վերաբերմունքի հետազոտումն է սոցիալական այնպիսի կարեւոր խնդրում, ինչպիսիք են բազմաբնակարան շենքերի բակային տարածքները: Ինչպե՞ս են վերաբերվում մեր քաղաքացիներն այն երեւույթին, որ շենքերի բակերը հատկացվում են առանձին անհատների եւ այնտեղ կառուցվում են ինչ-որ օբյեկտներ: 500 հարցվածներից հարցմանը մասնակցել է 423 մարդ: Հարցվածների գերակշիռ մասը` 290 մարդ դեմ է արտահայտվել, 34-ը կողմ է, առանց մասնավորեցնելու իր դիրքորոշման պատճառը, 37 քաղաքացի կողմ է, եթե բնակիչներին չեն խանգարում այդ հատկացումները, 34-ը որեւէ վերաբերմունք չի արտահայտում, 17-ը դժվարացել է պատասխանել, 12 մարդ թեական վերաբերմունք է արտահայտել` 9 հոգի ավելի շուտ կողմ է, քան դեմ, 3-ն ավելի շատ դեմ է, քան կողմ, 3-ը հրաժարվել է պատասխանել: Նկատենք, որ հարցվածների ակտիվ զանգվածը Կենտրոն (127 մարդ կամ 30,0 տոկոս) եւ Արաբկիր (140 մարդ կամ 33,1 տոկոս) համայնքներից են, այսինքն Երեւանի այն թաղամասերից, որտեղ վերջին 15 տարիների սոցիալ-տնտեսական փոփոխությունները առավել ընդգծված արտահայտվեցին:

Անորոշ տեսակետ արտահայտածների քանակը (ընդհանուր առմամբ` 99 մարդ) ուղղակիորեն հասարակական ակտիվության ցածր մակարդակի ինդիկատոր կարելի է համարել: Եվ թերեւս դա է հիմնական պատճառը, որ անկախացմանն անմիջապես հաջորդած ժամանակաշրջանում քաղաքային բակերը արագ վերածվեցին կամայական, ապօրինի կառուցապատումների խճանկարի: Եվ շատ իրողությունների հետ բակերն էլ դարձան միայն խորհրդային տարիների բարի հիշողություն: Խաղահրապարակներով ու հանգստի փոքրիկ անկյուններով բակեր այսօր մայրաքաղաքում բառացիորեն մատների վրա կարելի է հաշվել: Դրանք պատած են ավտոտնակների խիտ ցանցով եւ առեւտրային մանր ու մեծ օբյեկտներով` բնակչության առավել ճարպիկ, օրինախախտության հակված զանգվածի համար դառնալով անձնական շահերի բավարարման հարմար միջոց: Իհարկե, այն, ինչ ներկայացնում են այսօր Երեւանի բակերը, չէր լինի, եթե բարենպաստ հանգամանք չդառնային նաեւ տեղական իշխանությունների թողտվությունն ու կասկածելի հանդուրժողականությունը: Ճաշից հետո մանանեխ մատուցելու տրամաբանությամբ, այսօր քաղաքապետարանը ուշացումով փորձում է շտկել ժամանակին թույլ տված սխալները:

Այժմ բակերը հայտնվել են համայնքային տեղական կառույցների ուշադրության կենտրոնում: Ուշացած ծրագրերն ու ձեռնարկումները, որ պտտվում են բակերի շուրջը, մեր դիտարկմամբ, անկասկած ավելի են խճճելու դրությունը: Գրեթե նույնությամբ կրկնվում է այն սցենարը, ինչ աններելի շտապողականությամբ կիրառվեց բնակարանային ֆոնդի նկատմամբ: Մոտ 10 տարի առաջ բազմաբնակարան շենքերի ճակատագիրը հանձնվեց համատիրությունների տնօրինությանը: Հիշեցնենք, որ վերջիններիս գոյատեւման գլխավոր պայմանը բնակիչներից հավաքած գումարներն են, որոնց օգնությամբ այս կառույցները կոչված են իրականացնելու շենքերի մուտքերի ու տանիքների պահպանման, վերելակների նորոգման, ինժեներական հաղորդակցման, ներքին գծերի շահագործման եւ, որ առավել անհավանական է, ընթացիկ ու կապիտալ նորոգումների խնդիրները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոստովանությամբ, զուտ տեսական հաշվարկներով, հանրապետության 10 հազար բազմաբնակարան շենքերը խելքի բերելու համար 22 մլրդ դրամ է անհրաժեշտ: Բայց պետությունը մտադիր չէ որեւէ միջոց ձեռնարկել բնակֆոնդը փրկելու համար, որովհետեւ այն համարում է բնակչության ու համատիրությունների սեփականությունը: Գերակշիռ մասով անվճարունակ բնակիչներին համախմբող համատիրությունների ուժերից վեր է նման ծանր ու հավակնոտ առաքելությունը: Եվ այսօր տարիներ անուշադրության մատնված բազմաբնակարանները հայտնվել են ծայր քայքայման շեմին: Այն, ինչ խաղացվեց բնակֆոնդի գլխին, այսօր փոխանցվում է նաեւ բակերին: Այս տարվանից լուծարվել են բոլոր բնակշահագործման գրասենյակները, եւ շենքերը, այժմ արդեն եւ բակերը, հանձնվում են չկայացած ու իրենց գոյությունը այդպես էլ արդարացնելու անկարող համատիրությունների տնօրինությանը:

Թաղային համայնքներում իրականացվելու են բակերի կանաչապատման, բարեկարգման, խաղահրապարակների կառուցման, լուսավորութան աշխատանքներ: Ըստ նոր ծրագրերի, նախօրոք մշակված ճարտարապետական նախագծերի հիման վրա բակային տարածքները եւս ամբողջությամբ տրամադրվելու են համատիրություններին: Նախագծային հիմնական պայմանը լինելու է կանաչ գոտիների ու խաղահրապարակների կառուցումը: Քաղաքապետարանի այս նոր միջոցառման մեջ անհավանական շատ բան կա: Որտե՞ղ են կառուցվելու խաղահրապարակները կամ նոր կանաչ գոտիները որտե՞ղ են հիմնվելու, եթե երեւանյան բակերը բերնեբերան հագեցած են ավտոտնակներով: Ապամոնտաժվելո՞ւ են այդ ավտոտնակները. հավանաբար նույն տրամաբանությամբ ու գործողության սկզբունքով, ինչ կիրառվեց նախագծային չափանիշները խախտած ապօրինի կառույցների նկատմամբ: Նույնկերպ նաեւ մանր ու մեծ վաճառակետերին ոչինչ չի սպառնա: Ոչինչ չի ձեռնարկվի նաեւ այն պատճառով, որ այս իրողությունները զանգվածային բնույթ են կրում: Եթե այդպես է, ապա նոր խաղահրապարակների ու կանաչ գոտիների մասին խոսելն ավելորդ է: Առավել եւս եթե իրականացվելու են համատիրության ուժերով: Հնարավոր է միայն դեռեւս ազատ մնացած անկյուններում նոր խանութ կամ կրպակ հիմնել: Դա էլ համատիրության անդամի հովանու տակ իրականություն կդարձնեն հին սցենարի նոր մասնակիցները` շենքերի ունեւոր ներկայացուցիչները: Այսինքն, այս անգամ արդեն օրինականության քողի տակ, կկատարվի այն, ինչ մինչ այսօր եղել է:

Բակային տարածքները ակնհայտ արտահայտություն են նաեւ այն իրողության, թե Հայաստանում ինչպես են խախտվում շարքային բնակչի տարրական իրավունքները, իր բնակարանի շրջակայքում հանգստանալու, պարզապես բակ դուրս գալու եւ մաքուր օդ շնչելու, երեխային խաղից չզրկելու իրավունքը: Բակային տարածքները մաս-մաս հոշոտվել ու բաժան-բաժան են արվել նույնկերպ, ինչ քաղաքի կանաչ գոտիները: Եվ պատճառը ոչ այնքան ձեռնհաս բնակչի ճարպկությունն է, որքան նրա հարեւանների` իրենց տարրական իրավունքները պաշտպանելու ցանկության բացակայությունը: Ապացույցը նաեւ «Ազգի» նախաձեռնած այս սոցիոլոգիական հարցումն է, որի տվյալներով, հարցված-ների զգալի մասն անտարբեր կամ անորոշ վերաբերմունք է արտահայտում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է իր բնակարանի շուրջը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4