«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2004-07-13 | #129, 2004-07-14 | #130, 2004-07-15


ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Իսահակյան եւ Տերյան փողոցների հատման մերձակայքումՙ Արմենպրես, «Արմինֆո» եւ «Նոյյան տապան» լրատվական գործակալությունների եւ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի շենքի հարեւանությամբ գտնվող միակ կանաչ տարածքում, հուլիսի 14-ին սկսվեցին կառուցապատման աշխատանքները: Ներկայումս այդ տարածքում այսպես կոչված բացօթյա սրճարան կառուցելու համար կատարվում է ծառահատում եւ փորվում է, շինարարների խոսքերով, 4 մ խորություն ունեցող խրամատ:

Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 2003թ.-ի փետրվարի 26-ի 355 ա որոշումով 580 քմ մակերեսով տարածքը տրվել է ոմն Կարեն Իսախանյանիՙ բացօթյա սրճարան կառուցելու համար: Սակայն, տարածված լուրերի համաձայն, այդ տարածքը փաստացի պետք է տնօրինի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը բազմիցս հայտարարել է, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կանաչ տարածքներում հողահատկացումներ չեն արվել, իսկ այն տարածքներում, որտեղ կիսակառույցներ են, վերանայվում են դրանց նախագծերը: Սակայն քաղաքապետը որեւէ կերպ չի միջամտումՙ կանաչ տարածքում նոր կառուցապատումը դադարեցնելու համար:

Ի դեպ, տարածքի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու խնդրանքով հունիսի 19-ին գրավոր դիմել էինք Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարայանին: Թեեւ ՀՀ «Քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկությունների մասին» օրենքով սահմանված ժամկետը անցել է, մինչ օրս քաղաքապետարանից որեւէ պատասխան չի ստացվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4