«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2004-07-14 | #130, 2004-07-15 | #131, 2004-07-16


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՆԱՄԻԿ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՍՆՈՒՄ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ»

Այդ մասին վկայում է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցը

«Ազգը» նախորդ համարում «Թուրքիան մտադիր չէ վերանայել Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը» խորագրով տեղեկացրել էր, որ թուրքական կառավարությունը հրաժարվել է 2007 թ. ԵԱՀԿ-ում նախագահող երկիր դառնալու պատրաստակամությունից: Տեղեկության հիմքում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի հաղորդագրությունն է, որը հուլիսի 14-ին հրապարակվեց մեր թերթում:

Հաղորդագրությունում Սասունյանը թուրքական կառավարության վերոհիշյալ որոշումը համարելով հայկական դիվանագիտության հաղթանակը, դա պայմանավորում է հունիսի 14-ին Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի արած հայտարարությամբ, թե Հայաստանն իր «վետոյի» իրավունքը կօգտագործի Թուրքիայի թեկնածության դեմ, ապա եւ հանգում հետեւյալ եզրակացության. «Այս անակնկալ քայլը նշանակում է, որ Հայաստանին ճնշելու Մ. Նահանգների եւ Թուրքիայի ջանքերը ձախողվել են»:

Հիշեցման կարգով նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ հանդիպման նախօրյակին արված հայտարարությունն Օսկանյանը հիմնավորել էր հետեւյալ խոսքերով. «Մենք չենք կարող թույլ տալ մի երկրի նախագահությունը ԵԱՀԿ-ում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդ է, իսկ նախագահողն ունի որոշակի իրավունքներ եւ արտոնություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ»: Հուլիսի 8-ին Երեւանում Եվրոմիության հանձնակատար Յանեշ Պոտոչնիկի ներկայությամբ նա ոչ միայն կրկնեց այս հիմնավորումը, այլեւ ավելացրեց. «ԵԱՀԿ նախագահող երկիրը պետք է կազմակերպության անդամ բոլոր պետությունների հետ ունենա դիվանագիտական հարաբերություններ»:

ՀՀ արտգործնախարարի վերոհիշյալ հիմնավորումները վկայում էին ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախագահությունը վետոյով խոչընդոտելու Հայաստանի վճռականության մասին, ինչը միանգամայն տրամաբանական է դարձնում ե՛ւ հայկական դիվանագիտության հաղթանակի, ե՛ւ հայաստանյան իշխանություններին ճնշելու Մ. Նահանգների ու Թուրքիայի ջանքերի ձախողման Հարութ Սասունյանի եզրակացությունները:

Հատկանշական է, որ այդ եզրակացությունները հաստատվում են նաեւ Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կովկասյան բաժնի աշխատակից Հաթեմ Ջաբբարլու հոդվածում, որը «ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախագահությանը հայաստանյան արգելք» խորագրով հրապարակվել է թուրքական «Հաբերանալիզ» ինտերնետային թերթի հուլիսի 13-ի համարում: Քանի որ թուրքական կենտրոնական թերթերը զերծ են մնացել Օսկանյանի հայտարարություններին արձագանքելուց, իսկ այն կենտրոնը, որը ներկայացնում է Ջաբբարլին, պետական կառույց է, ուստի թուրքական արձագանքների մասին պատկերացում տալու համար մասնակի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Հաբերանալիզում» հրապարակված հոդվածը:

Հ. Չ.

«Թուրքիան 2007 թ. հավակնում էր ԵԱՀԿ-ի նախագահությանը: 2000 թ. սկզբներից թուրքական արտաքին քաղաքականությունում կատարված դրական տեղաշարժերը նպաստել էին այդ հավակնության անհրաժեշտ բոլոր նախադրյալների ստեղծմանը: Սակայն 2004 թ. սկզբին հայաստանյան եւ սփյուռքահայ մամուլում հրապարակ իջան ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախագահության դեմ Հայաստանի «վետոյի» իրավունքի օգտագործման վերաբերյալ հոդվածներ: Հայաստանի կառավարությունը եւ պետական մամուլն այդ հարցում խուսափում էին տեղեկատվության կամ մեկնաբանության հրապարակումից, այդ իսկ պատճառով կառավարությունն օգտվեց անկախ մամուլի հնարավորությունիցՙ քաջ գիտենալով, որ «վետոյի» մասին պետական օրգանների հաղորդագրություններն առաջ կբերեն մի շարք դժվարություններ արտաքին քաղաքականությունում:

Սակայն հունիսի 28-29-ը ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հանդիպելով ԱՄՆ ներկայացուցիչների հետ, միանգամայն հնարավոր համարեց ԵԱՀԿ-ում Թուրքիայի նախագահության դեմ «վետոյի» իրավունքի օգտագործումը եւ դա պայմանավորեց Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությամբ:

Սա ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը բացի կարճաժամկետ եւ միջնաժամկետ նախագծերից, Թուրքիայի դեմ օգտագործելու նպատակով նաեւ երկարաժամկետ նախագծեր է մշակում: Ժամանակը ցույց է տվել, որ սխալվել են նրանք, ովքեր դեռեւս 80-ական թթ., երբ ասպարեզ էր իջել ԱՍԱԼԱ-ն, հետեւություններ էին անում ահաբեկչական այս կառույցի ձախողման մասին: ԱՍԱԼԱ-ի գլխավոր նպատակը «Հայոց ցեղասպանությունը» համաշխարհային հասարակական կարծիքի օրակարգում հաստատելն էր, որը նրան հաջողվեց:

Ավելին, 1987 թ., երբ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարց որպես այդպիսին նույնիսկ հորիզոնում չէր երեւում, հայկական սփյուռքը կարողացավ հասնել նրան, որ Եվրոխորհրդարանը Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին որոշում ընդունի: Ներկայումս Հայաստանի կառավարությունն ու հայկական սփյուռքը, համագործակցելով հատկապես Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցության հետ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը խոչընդոտելու համար ոչ մի ջանք չեն խնայի, որ այսպես կոչված ցեղասպանության ճանաչումը նրան որպես նախապայման առաջադրվի:

Որքան էլ Հարավային Կովկասում Հայաստանը բնակչությամբ եւ տարածքով փոքրիկ պետություն էՙ տնտեսական լուրջ խնդիրներով, այնուամենայնիվ, ավելի դինամիկ արտաքին քաղաքականություն է վարում եւ հասնում է հաջողության հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, եւ վերջիններիս նկատմամբ կարողանում է քարոզչական աշխատանքներ ծավալել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4