Հայաստանի բանկային համակարգի մասին խոսելիս մշտապես նշվում է կայացած լինելու եւ տնտեսության մյուս ճյուղերից առաջ անցած լինելու հանգամանքը: Չհամաձայնել չի կարելի: Սակայն բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով մեր բանկերից շատերը տեխնոլոգիական նորացման խնդիր ունեն: Խոսքը բանկի գործողությունների ավտոմատացման մասին է, ինչը հնարավորություն կտա նրա հաճախորդներին իրենց անհրաժեշտ տեղեկությունները ստանալ կամ գործողությունները կատարել ավելի արագ եւ հարմարավետ պայմաններում:
Հայկական բանկերից «Կոնվերս բանկում» առաջինը Հայաստանում ներդրվել է ֆաքսի միջոցով, ինտերնետի միջոցով բանկային գործառնություններ կատարելու (INTERNET BANKING) եւ «Բանկ-հաճախորդ» համակարգերը: Այս համակարգերից յուրաքանչյուրից օգտվելու դեպքում հաճախորդը ստանում է բոլոր այն առավելությունները, որոնց մասին արդեն նշեցինք վերեւում: Սակայն թերեւս հարկ կա ներկայացնել, թե ինչպե՞ս օգտվել այդ համակարգերից եւ կոնկրետ ի՞նչ գործողություններ կարելի է կատարել դրանց շնորհիվ:
«Բանկ-հաճախորդ» համակարգը հնարավորություն է տալիս բանկի հաճախորդներին, օգտվելով ներդրված ծրագրային երկու փաթեթներից, համակարգչի միջոցով օրվա ցանկացած ժամին եւ ցանկացած վայրից ընդունելու փոխանցումներ այլ հաշիվներից, կատարելու փոխանցումներ սեփական հաշվից այլ հաշիվների, այդ թվում ֆիզիկական անձանց: Վերջիններս հնարավորություն ունեն գումարը ստանալու ինչպես «Կոնվերս բանկից», այնպես էլ «Կոնվերս տրանսֆեր» համակարգին անդամակցող երկրների գրասենյակներից: Գոյություն ունեն նաեւ արտարժույթ փոխարկելու, հաղորդագրություններ ուղարկելու, սեփական հաշվի դրամական միջոցների շարժին հետեւելու եւ մի շարք այլ հնարավորություններ: Բացի գործողությունների կատարման արագությունից եւ հուսալիությունից, այս համակարգն ապահովում է նաեւ անվտանգության բարձր մակարդակՙ կոդավորման եւ էլեկտրոնային ստորագրության միջոցով:
Ինչ վերաբերում է INTERNET BANKING-ին, ապա այս համակարգով նույնպես հնարավոր է կատարել հիշյալ գործողություններըՙ օգտագործելով ինտերնետ կապը: Մուտք գործելով բանկի ինտերնետային սայթ, դարձյալ օրվա ցանկացած ժամին, հաճախորդը այս դեպքում արդեն on-line ռեժիմով կարող է կառավարել սեփական հաշիվը: Այս ծրագրի անվտանգությունն արդեն էլեկտրոնային ստորագրության փոխարեն ապահովվում է տեստ բանալիների կիրառմամբ:
Հեռակառավարմամբ մատուցվող հաջորդ ծառայությունը, որը ներդրված է մեր դիտարկած բանկում, ֆաքսի միջոցով հաճախորդների կողմից բանկային փաստաթղթերի, մասնավորապես բանկին վճարային հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման կամ արտարժույթի փոխանակման հայտերի եւ այլ հաղորդագրություն ուղարկելու հնարավորության մասին է: Այստեղ նույնպես անվտանգությունն ապահովվում է հատուկ մեխանիզմով կամ կոդային քարտերով ձեւավորվող տեստ բանալիների միջոցով:
«Կոնվերս բանկում» ավտոմատացված է նաեւ տեղեկություն ստանալու գործընթացը: Համապատասխան հեռախոսահամարով զանգահարելովՙ հաճախորդը կարող է ստանալ բազմազան տեղեկություն: Տեղեկություն փոխանցումների, բանկային հաշվի, ArCa եւ VISA քարտերի մնացորդների, արտարժույթի փոխարժեքների, էլեկտրաէներգիայի, հեռախոսի, բջջային հեռախոսի, ջրի վարձավճարների չափի, բանկի գլխավոր գրասենյակի, մասնաճյուղերի հասցեների եւ սպասարկման ժամերի վերաբերյալ:
Այդ ամենից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգիչ կամ ֆաքս, ինտերնետ կապ եւ էլեկտրոնային նամակներ ուղարկելու հնարավորություն: Դրանց առկայության դեպքում «Կոնվերս բանկի» հաճախորդները իրական հնարավորություն կունենան, օգտվելով բանկում ներդրված ծրագրերից, ստանալու իսկապես միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայություններ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ