«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2004-07-16 | #132, 2004-07-17 | #133, 2004-07-20


ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱՀԱԳՆԱՆԱ, ՓՈԽԱՆՑՎԵԼՈՎ ԴԵՊԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ

Գների թռիչքը գյուղատնտեսության անհարկի քաղաքականացման հետեւանք է

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նախորդ շաբաթ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղնախարար Դավիթ Լոքյանը գյուղմթերքի աննախադեպ թանկացումը բնական համարեց, ասելով, թե ի վերջո գյուղացին իր ծանր աշխատանքի դիմաց իրապես վարձատրվելու հնարավորություն ստացավ: «Ազգը» որոշեց տեղեկանալ նաեւ ոլորտի մասնագետների կարծիքներին: Հարցը գյուղատնտեսության արտադրողների կորպորացիայի նախագահ, տնտեսագետ ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մեկնաբանությամբ:

- Թանկացման պատճառները շատ ավելի խոր ու ընդհանրական բնույթ ունեն, քան թվում է առաջին հայացքից: Հայտնի փաստ է, եթե շուկայական տնտեսության մեջ գները կտրուկ փոխվում են, ուրեմն առաջարկի ու պահանջարկի միջեւ փոփոխություն է առաջացել: Հիմա ապրանքային զանգվածը կտրուկ կրճատվել է, որից գներն աճել են: Սակայն դա միայն բնակլիմայական փոփոխություններով չի պայմանավորված: Վերջին 5-7 տարիներին պարբերաբար նկատելի է դարձել գյուղմթերքների գնի աստիճանական աճ: Դա այս ոլորտում իրականացվող չկանոնակարգված, անհետեւողական քաղաքականության բնական հետեւանքն է: Ցրտահարություններն ու կարկուտն ընդամենը հիմնական հակասությունների դրսեւորման նպաստավոր նախադրյալներ ստեղծեցին:

- Կոնկրետ ո՞ր կետում է վրիպել այդ քաղաքականությունը: Ի՞նչ պիտի ձեռնարկեր պետությունը, որ չի արել:

- Երկար տարիներ պետական քաղաքականությունը հիմնականում ուղղված է եղել ընդհանուր բարեփոխումների փոխարեն մասնակի խնդիրների լուծմանը, որոնք որեւէ դրական փոփոխության չեն բերել, եւ շարունակաբար կուտակվող, սակայն քողարկվող պրոբլեմները, ի վերջո, որակ դարձան: Գյուղատնտեսության ոլորտն անհարկի քաղաքականացվել է: Այսօր շարունակաբար փորձ է արվում գյուղատնտեսության օբյեկտիվ գործընթացները ներկայացնել քաղաքական տեսանկյունից: Գերատեսչությունների ղեկավարները փորձում են պաշտպանել իրենց գերատեսչական շահերը, այն կուսակցությունների շահերը, որոնց ներկայացնում են: Փոխանակ մասնագիտական մոտեցում ցուցաբերելու արդեն ահագնացող պրոբլեմների նկատմամբ, որոնք անմիջականորեն անդրադառնում են կենսամակարդակի վրա: Պետությունը պետք է շարունակեր բարեփոխումները, որոնք սկսվեցին 90-ական թթ., դրանք պետք է շարունակեր աստիճանական, համալիր, ճիշտ ու հիմնավորված ծրագրերով, այնպես որ համակարգը քայլ առ քայլ վերարտադրվելու հնարավորություն ստանար. շուկայական վերարտադրության համար մենք չենք կարողացել ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ, առաջին հերթին` ենթակառուցվածքների սպասարկող համակարգը` ֆինանսավորող, ապահովագրական, մասնավոր հատվածին սպասարկող կառույցներ, մասնագիտացված տարաբնույթ կազմավորումներ` արդյունաբերական, անասնաբուծական եւ այլն:

14 տարի է անցել, բայց մենք դեռ չենք կարողացել մեր տարբեր սեփականատերերի շահերը հավասարապես պաշտպանել, նրանց զարգացման համապատասխան դաշտ ստեղծել: Այսօր բացահայտ անտագոնիզմ գոյություն ունի գերատեսչությունների եւ մասնավոր հատվածի միջեւ: Գյուղացիները չեն զգում պետական աջակցությունն ու հոգատարությունը, եւ գյուղերում մեր բազմաթիվ շրջագայություններն այդ են ապացուցում: Գյուղացին փաստորեն մնացել է մեն-մենակ, հողի սեփականաշնորհումից հետո ոչինչ չի արվել, իսկ առանց օժանդակ սպասարկող կառույցների, հողի հետ նա պայքարել չի կարողանում, անհնար է: Դրանց բացակայության պատճառով նույնիսկ լավ նախաձեռնությունը բացասական արդյունքի կարող է հանգել: Մենք փաստորեն փորձում ենք վարել մի մեքենա, որը դեռ անկատար է:

- Այս գործընթացի շարունակությունը հնարավո՞ր է կանխատեսել:

- Եթե գյուղմթերքի գները 5-6 անգամ բարձրանում են, պատկերացնու՞մ եք ինչպիսի աղետ դա կլինի վերամշակող արդյունաբերության համար, ինչ հարված կլինի կենսամակարդակին, սոցիալական ինչ լարվածություն կառաջանա, գործազրկության ու աղքատության աճ:

Թանկացումներն, ի վերջո, կփոխանցվեն վերամշակող ձեռնարկություններին, կկազմալուծեն դրանք, կսնանկացնեն այն արտադրողներին, որոնք վերջին տարիներին մի կերպ կազմավորվեցին: Սա նշանակում է, որ արտահանումների հնարավորությունները խիստ կկրճատվեն, վերամշակվող արտադրանքն անմրցունակ կդառնա ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից դուրս: Դրսի շուկայից ցածրորակ ապրանքները ցածր գներով մեր շուկա մտնելու ավելի մեծ հնարավորություններ ձեռք կբերեն, եւ փաստորեն ներքին շուկայում կառաջանա նաեւ պարենային անվտանգության խնդիրը: Հենց այսօր վերամշակող մի քանի խոշոր ձեռնարկություններ, որոնք հնարավորություն ունեին միջազգային շուկա դուրս գալու, կանգնած են փաստի առաջ` ե՛ւ աշխատանքի կազմակերպման ձեւի, ե՛ւ ֆինանսների առումով: Գները մի քանի անգամ բարձրացել են, եւ նրանք հումքը գնելու համար լրացուցիչ ֆինանսներ պիտի ներդնեն: Գների աճն ընդամենը գալիք աղետի առաջին նախանշանն է: Եթե հիմա 1 ընկույզի գինը շուկայում 20-30 դրամ է, ի՞նչ կարժենա հետո 1 բանկա մուրաբան: Ձեռնարկությունները միջազգային շուկայում նախօրոք կնքած պայմանագրային պարտավորություններն արդեն չեն կարող իրականացնել: Եթե ինքնարժեքի 15-25 տոկոսը կազմում է հումքը, ապա գնի եռակի, քառակի բարձրացումը կործանարար ազդեցություն կունենա արտադրության վրա: Կրկնում եմ, այս ամենի մեղքը պատասխանատու գերատեսչությունների անհեռատես քաղաքականությունն է:

Վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ բացասական միտումների զարգացումը, մասնավորապես հողօգտագործման ծավալների նվազումն ու արտադրության անարդյունավետությունը, մասնավոր եւ պետական հատվածների անջատ գործունեությունը, դրա ահազանգերից էին:

- Արտահանումների վրա ի՞նչ ազդեցություն կունենա շուկայում ստեղծված վիճակը:

- Մենք այսօր արտահանելու ենք ավելի քիչ, քան նախորդ տարիներին, իսկ փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ եկամուտ ստանում ենք, եթե ավելի մեծ շրջանառություն ենք ապահովում: Նույնը չէ, իհարկե, երբ արտահանում ես 2 ապրանք` 500 դրամով, եւ 20 ապրանք` 200 դրամով: Ագրարային բոլոր զարգացած երկրներն աշխատում են մեծ զանգվածի շրջապտույտի արագացման վրա, եւ ոչ թե բարձր գների: Այսօր առաջացած բարձր գները հակազդող մեխանիզմ կառաջացնեն դրսի աշխարհում, որովհետեւ նրա հետ մեր հարաբերությունները կառուցված են նախկին գնային համակարգի հիման վրա: Միավոր հաշվով գուցե մեծ եկամուտ կլինի, բայց ամբողջության մեջ վնասներն ահավոր կլինեն:

- Անկախ այն բանից, որ մենք ապրում ենք շուկայական տնտեսվարման պայմաններում, պետությունը չի՞ կարող միջամտել գնային քաղաքականությանը:

- Ինչքան էլ ցանկանա` ոչ: Արհեստականորեն կարելի է փոփոխություններ մտցնել, սակայն դա հետագայում ավելի կբարդացնի իրավիճակը: Շուկայական հարաբերությունների սկզբունքներից որեւէ շեղում պահանջում է ավելի համալիր մոտեցում: Եթե ընդունենք, որ, օրինակ, լոլիկի համար ցածր ինքնարժեք է սահմանում պետությունը, դա կնշանակի լոլիկ արտադրողների զանգվածային սնանկացում: Իսկ ավելի բարձր գնի սահմանումը կհարվածի բնակչության կենսամակարդակին:

Գների այս աննախադեպ աճը փաստորեն այսօր հարստացրեց միջնորդ խավին, որը արտադրության քայքայման հաշվին սկսում է ավելի արագ ձեւավորվել: Առանց այն էլ արտադրողները պաշտպանված չէին: Միջնորդը ճնշում է գյուղացու վրա, իր գինն է հաստատում շուկայում, իսկ այդ գինն էլ բաժանվում է տարբեր շահերի միջեւ. ագրարային գները շուկայում այսօր մոնոպոլ սկզբունքով են հաստատվում:

Մենք կորցնում ենք մեր արտադրությունը, փաստորեն կանգնելով դրսից կախյալ վիճակում հայտնվելու սպառնալիքի առաջ: Որեւէ քմահաճույք այս ոլորտում, ի վերջո, դառը արդյունքների է հանգեցնելու: Ագրարային ոլորտը տնտեսության մյուս ճյուղերի զարգացման նախապայման է, եթե այն չունենք, առհասարակ տնտեսություն ունենալ չենք կարող:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4