«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2004-07-16 | #132, 2004-07-17 | #133, 2004-07-20


ԼԱՎՐԵՆՏԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանին ապրիլի 10-ին, ժամը 12-ի շրջանում Ազատության հրապարակից ենթարկել էին 10-օրյա վարչական կալանքիՙ նույն օրը ժամը 17-ին Բաղրամյանի Քարակերտ գյուղում ոստիկանին զազրախոսելու պատճառաբանությամբ: Կալանքի ժամկետը չլրացած խուզարկում է անցկացվել Կիրակոսյանի տանը, ու քանի որ երկու հատուկ վարժեցրած շների փնտրտուքը չի օգնել մեկ ուրիշ քրեական գործի հետ կապված ենթադրաբար այնտեղ պահվող զենքը գտնել, ոստիկանը երկու անգամ նույն բաքը ստուգելուց հետո հայտնաբերել է թմրամիջոցի կապոց, եւ հարուցվել է համապատասխան քրեական գործ: Առաջին ատյանի դատարանում այն լսվել է, եւ Լավրենտի Կիրակոսյանը խոշոր չափի թմրամիջոց պահելու մեղադրանքով, քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, դատապարտվել է 1,5 տարի ազատազրկման:

Երեկ վերաքննիչ դատարանում պետք է լսվեր նշյալ գործը, սակայն, ինչպես տեղեկացրեց դատապաշտպան Վարդան Զուռնաչյանը, թյուրիմացության պատճառով նիստը հետաձգվել է: Դատավորը նիստին Կիրակոսյանի մասնակցությունն ապահովելու համար գրությունն ուղղել է մեկուսարան, մինչդեռ Կիրակոսյանը կենտրոնական հիվանդանոցում է, եւ գրությունը պետք է ուղարկվեր այնտեղ:

Չնայած փաստաբանը համոզված է, որ գործը սարքված է շինծու մեղադրանքով եւ շինծու ապացույցներով, այնուամենայնիվ, չի բացառում արդարադատությունն այս գործում: Ինչեւէ, Լավրենտի Կիրակոսյանի գործը վերաքննիչում է եւ կլսվի վաղը ժամը 11-ին:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4