Մոսկվայում սպանվել է ռուսերեն լույս տեսնող «Արմյանսկի պերեուլոկ» հանդեսի խմբագիրը: Քաղաքի դատախազությունում Ինտերֆաքսի թղթակցին հայտնել են, որ շաբաթ առավոտյան Օղակաձեւ մայրուղու շրջանում հայտնաբերվել է լրագրող Փայլակ Փիլոյանի դիակըՙ գանգուղեղային վնասվածքով:
Դատախազության օպերատիվ-քննչական խումբը գլխավորում է Մոսկվայի դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Կրոխմալը: Քաղաքի ՆԳԳՎ-ից ստացված տվյալների համաձայն, դիակը հայտնաբերվել է Հարավարեւմտյան վարչական օկրուգի տարածքում: Լրագրողը մահացել է լույս շաբաթ գիշերը, ժամը 2-ի եւ 3-ի միջեւ, ծեծից եւ կրծքին դանակով հասցված հարվածներից:
Մոսկվայի Չերյոմուշկիի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Արմյանսկի պերեուլոկի» խմբագրի սպանության կապակցությամբ: Ընդամենը մի քանի օր առաջՙ հուլիսի 9-ի երեկոյան, Մոսկվայում սպանվել էր մեկ ուրիշ լրագրող, որի սպանությանը լայնորեն անդրադարձել էին բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում «Ազգը»: Խոսքն ամերիկյան «Ֆորբս» հանդեսի ռուսալեզու տարբերակի գլխավոր խմբագիր, ԱՄՆ քաղաքացի Պոլ (Պավել) Խլեբնիկովի մասին է: Կարելի է ասել, Մոսկվայում լրագրությամբ զբաղվելն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: