«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2004-07-17 | #133, 2004-07-20 | #134, 2004-07-21


ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ՍՏԵՂԾՎԵՑ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Նրա առաջին գործը կլինի առողջապահության օրենքի նախագծի կատարելագործումը

Ազգային ժողովի նախագահին կից խորհուրդներին ավելացավ եւս մեկը` առողջապահականը, որը երեկ գումարեց իր անդրանիկ նիստը: Պառլամենտական նման կառույցների ստեղծման նպատակը հասարակական կյանքի տարաբնույթ ասպարեզներում առաջացած հիմնախնդիրների լուծմանն այս կամ այն չափով գործնական աջակցություն ցուցաբերելն է: Սոցիալական արդարության ու աջակցության ապահովման խիստ կարիքներ բնակչությունը երեւի ամենից շատ առողջապահությունից ունի: Սոցիալական, բարեսիրական սկզբունքների դժվար է կյանք տալ, քանի որ առողջապահության օրենքի բացակայության պայմաններում բացասական իրողությունները միշտ էլ կենսունակ են լինում: Առավել եւս եթե խորհրդային տարիներից ժառանգած ու մինչ այժմ անլուծելի մնացած պրոբլեմներ կան նաեւ այստեղ:

Նորաստեղծ խորհրդից առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի ամենամեծ ակնկալիքը առողջապահության օրենքի նախագծին կատարյալ բովանդակություն տալն է: Նախատեսվում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել մինչեւ տարեվերջ, եւ մինչ այդ նախագծի հեղինակները պիտի հասցնեն քննարկումներ կազմակերպել պրակտիկ ոլորտում զբաղված բժիշկների ու գիտնականների մասնակցությամբ, համակարգեն նրանց բոլոր դիտողություններն ու առաջարկները: Այս պահին առողջապահների համար օրենքի նախագիծը ամենակարեւորն է, եւ ԱԺ նախագահին կից առողջապահության խորհրդի առաջին անելիքը երեւի սրա հետ կապված կլինի: Թեկուզ նախագծի յուրաքանչյուր հոդված ու գլուխ առանձին-առանձին դիտարկելու ու բարեփոխելու առումով:

Նոր խորհրդի ապագա գործունեության ուրվանկարը ներկայացրեց ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը: Առավելապես վերջին տասնամյակում Հայաստանում սիրտ-անոթային, արյան, տուբերկուլյոզի, քաղցկեղային հիվանդությունների աճ է արձանագրվում, դրանց մեծ մասը սոցիալական դրդապատճառներ ունի: Շատ հիվանդություններ պետպատվերային սպասարկման ցանկում են, սակայն անլիարժեք օրենքի առկայության պայմաններում սպասարկման այս ձեւը այդպես էլ իրականություն չի դառնում: Նույնիսկ այն դեպքում, երբ առողջապահությանը հատկացվող գումարները պետբյուջեում 4 մլրդ դրամով ավելացել են, պետպատվերային օգնությունը բավարար լինելուց շատ հեռու է:

Խորհուրդը կազմված կլինի 12 աշխատանքային խմբերից, որոնցից ամեն մեկը որեւէ առանձին հիմնախնդրով է զբաղվելու:

Առողջապահության խորհրդի նիստին մասնակցում էին նաեւ մարզային առողջապահական վարչությունների պետերը: Հենց անդրանիկ հավաքին նրանք ներկայացրին իրենց գլխավոր մտահոգությունը` մարզային առողջապահության զարգացման ռազմավարությունը բացակայում է, մարզային առողջապահական կառույցները գործում են մեկուսացած, առանց միասնական հայեցակարգի: Մարզային կառույցներից բացի կան նաեւ համայնքային միավորներ, որոնք որոշ դեպքերում որեւէ մարզային կառույցի մեջ չեն ներառվում: Շիրակի մարզային առողջապահության վարչության պետը առաջին գործնական առաջարկն արեց` 2 կառույցների միավորման անհրաժեշտության վերաբերյալ:

Արդեն 10 տարուց ավելի անհաջող փորձ է արվում առողջապահության մեջ ներդնել ապահովագրական համակարգը: Փորձագետներն այն առաջարկում են իբրեւ ոլորտը ֆինանսական բազմաթիվ խնդիրներից ազատելու եւ դրսում արդեն ճանապարհ անցած, արդարացված միջոց: Սակայն այս «փրկարար» համակարգի հիմնումը հենց կախված է ոլորտում ամրացած բազում խճողված խնդիրներից: Ինչը եւ ինչպես է ֆինանսավորելու ապահովագրական կառույցը, ի՞նչ աղբյուրներից են առաջանալու ապահովագրական գումարները, երբ հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 13 հզ. դրամ է: Եթե գոնե առայժմ աննպատակահարմար է անցնել պարտադիր ապահովագրության, ապա ապահովագրության ուրիշ ի՞նչ միավորներից է նախընտրելի սկսել: Եվ ի՞նչ սկզբունքների վրա հենվելով:

Այս բոլոր հարցականների պատասխանների ակնկալիքը սպասվում է նորաստեղծ խորհրդից: Նա պիտի ճշտի նաեւ առավել շտապ լուծում պահանջող առաջնայնությունները, փաստորեն փորձելով ձեռնարկել առողջապահական բարեփոխումների նոր փուլ:

Առաջարկ եղավ խորհրդի գործունեության մեջ ներգրավել նաեւ բժշկական հասարակական կազմակերպություններին: Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը մտավախություն հայտնեց, որ խորհրդի կազմում ընդգրկված մասնագետները փաստացի գործադիրի ենթակայությամբ են աշխատում եւ արդյունավետ չեն աշխատի օրենսդիր բարձրագույն մարմնում: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հուսադրեց, որ այդպես չի լինի:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4