«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2004-07-17 | #133, 2004-07-20 | #134, 2004-07-21


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԼՂԱՐՆԵՐԻՆ ՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ ՕՐՄԱՆՋՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Բուլղարահայ թարգմանիչ Հակոբ Օրմանջյանը ծնվել է Բուլղարիայի Վառնա քաղաքում, ավարտել Սոֆիայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որից հետո մոտ 30 տարի աշխատել է բուլղարական կենտրոնական թերթերում, ռադիոյում: Ութ տարի եղել է «Երեւան» հայերեն թերթի գլխավոր խմբագիրը: 1969 թվականին մեկ տարի դասավանդել է Երեւանի պետական համալսարանում, իսկ դրանից հետո պարբերաբար գործուղվել է Հայաստանՙ հայ գրողների ստեղծագործությունները բուլղարերեն թարգմանելու նպատակով դրանք ուսումնասիրելու: Թարգմանությամբ սկսել է զբաղվել 1975 թվականից, առաջին գիրքը Հրանտ Մաթեւոսյանի «Նարնջագույն զամբիկ» ժողովածուն էր, երկրորդըՙ «Ծառերը»: Օրմանջյանը թարգմանել է ընդհանուր թվով 25 հայ գրողների մոտ 30 անուն գրքեր: Դրանց մեջ առանձնանում է «Հայ ուղեգիրները Բալկանների մասին, 16-17 դդ.» ուսումնասիրությունը, որը թարգմանությունից զատ գիտական մանրազնին հետազոտություն էՙ կատարված Մխիթարյանների գրապահոցներում, Վիեննայի եւ Վենետիկի ձեռագրատներում:

Րաֆֆու «Սամվելը», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ժողովածուն, Մուշեղ Գալշոյանի պատմվածքներն ու հայ մյուս գրողների ստեղծագործությունները բուլղար ժողովրդին մատչելի են դարձել նրա տքնաջան աշխատանքի շնորհիվ: Դստեր հետ թարգմանել են Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի եւ Ավետիք Իսահակյանի մանկական պատմվածքներըՙ «Քաջ Նազար» վերնագրով, որը լույս է տեսել 40 հազար տպաքանակով:

Վերջին տասնամյակին գիրք հրատարակելը դժվարին գործ դարձավ նաեւ Բուլղարիայում, այնտեղ էլ վերացավ պետական հովանավորությունը, եւ գրողների ու թարգմանիչների բախտը հանձնվեց բարերարներին: Ինչպես մեզանում, այնտեղ էլ ընթերցողների թիվը կրճատվեց մոտ 5 անգամ, ու նույնքան էլ ավելացավ հրատարակչությունների թիվը:

Թարգմանչական գործը շարունակելու համար Օրմանջյանին պետք էր գտնել հայ գրականությունը Բուլղարիայում տարածելու պատրաստակամություն ունեցող հայ բարերարի: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում բնակվող հայ գործարար Ռուբեն Ջաուշյանը, որը նաեւ տեղի բարեգործական միության նախագահն է, տեր կանգնեց թարգմանչի գործին, հովանավորելով նրա մի շարք գրքերի հրատարակությունը: Դրանց թվում են «Հացապատումը», Երեւանի պետական համալսարանում հրատարակված «Հայ ժողովրդի պատմությունը», որը լույս տեսավ մոտ 2 հազար տպաքանակով:

«Այդ գիրքն արագորեն սպառվեց, որովհետեւ մինչ այդ հայ ժողովրդի պատմության մասին որեւէ գիրք չէր հրատարակվել Բուլղարիայում: Բնավ զարմանալի չէր, որ գիրքն արժանացավ թե՛ հայերի, թե՛ բուլղարացիների ջերմ ուշադրությանը: Դրանից հետո թարգմանեցի Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», որը նույնպես անչափ հետաքրքրեց Սոֆիայի համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին, որոնց համար ուղղակի անսպասելի էր այդպիսի ծավալուն աշխատանք տեսնելը:

Հետո լույս տեսան «Անվանագիրքն», ու վերջին 2 թարգմանություններսՙ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» եւ Մարտիրոս Սարյանի ասույթներն արվեստի մասին ՙ «Արեւն ամենքիս մեջ է» գրքերը:

Թարգմանչական գործս այսուհետեւ էլ ավելի կդժվարանա, որովհետեւ ֆինանսական լուրջ խնդիրներ կան: Վերջին գիրքը, որ Մարտիրոս Սարյանի մասին է, հովանավորել է Լոս Անջելեսում բնակվող դուստրս: Գուցե նրա օգնությամբ եւս 1-2 գիրք լույս տեսնի, իսկ դրանից հետո չգիտեմ ի՞նչ միջոցներով եմ շարունակելու», ասաց Օրմանջյանը:

Թարգանությունից զատ Սոֆիայի համալսարանի հայագիտության ֆակուլտետում արդեն 6 տարի նա դասավանդում է հայոց լեզու եւ թարգմանչական արվեստ: Ունի 16 ուսանող, բոլորն էլ բուլղարացիՙ «ընդունվում են բուլղար, ավարտումՙ հայ» կատակում է Օրմանջյանը, հպարտանալով, որ ֆակուլտետի շրջանավարտներից երեքը հայերեն իմանալու շնորհիվ այժմ աշխատում են Եվրոխորհրդում, երկուսըՙ ՆԱՏՕ-ում, մեկըՙ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունում: Նա հուսով է, որ այս տարի կունենան նաեւ հայ դիմորդներ, անցյալում արդեն 2 շրջանավարտ ունեցել են, նրանցից մեկն այժմ դասավանդում է հայկական դպրոցում:

Օրմանջյանը մասնակցում էր գրողների համահայկական երկրորդ համաժողովին. «Ամեն ինչ նորմալ էր, արտակարգ ոչինչ չկար, ամենակարեւորը հայ գրողների ու թարգմանիչների հանդիպումն էր, որը հնարավորություն տվեց մտքեր փոխանակելու եւ հետագա անելիքները ծրագրելու: Քննարկված թեմաներն օգտակար էին եւ պարզորոշ ցույց տվեցին ով ինչ է արել, իհարկե, եղան նաեւ հակաճառումներ, բախումներ: Դա լավ է, որովհետեւ առանց բախման առաջընթաց չկա: Անշուշտ, ավելի լավ կանցներ, եթե համաժողովն աշխատեր առանձին բաժիններովՙ բանաստեղծական, դրամատուրգիայի, արձակի, նույնիսկ պատմվածքի, այդպես կարելի էր ավելի մանրամասն քննարկել բոլոր հարցերը:

Ես առաջարկեցի ինֆորմացիոն կենտրոն ստեղծել եւ 6 ամիսը կամ տարին մեկ անգամ տեղեկագիր հրատարակել, որպեսզի ամենքս տեղյակ լինենք, թե ի՞նչ է հրատարակվում Հայաստանում եւ սփյուռքում: Արդեն 16 տարի հայերեն ոչ մի թերթ, ամսագիր ու գիրք չի հասնում Բուլղարիա, մինչդեռ այնտեղ այսօր ապրում է 60 հազար հայ:

Հայաստան գալն ինքնին հրաշալի է սփյուռքահայերիս համար: Անձամբ ես 16 տարի հայրենիքում չէի եղել, եւ ամեն ինչ նոր էր, տեսա եւ՛ լավ, եւ՛ վատ փոփոխություններ: Շատ ցավեցի, որ Սունդուկյանի անվան թատրոնի այգին, որը ժամանակին հոյակապ տեղ էրՙ գեղեցիկ շատրվաններով, հիմա քարուքանդ վիճակում է:

Դիտեցի «Անուշ» օպերան, որի բեմադրությունը տպավորիչ էր, սակայն արտիստներն առաջնակարգ չէին», հայաստանյան տպավորություններն ամբողջացնելով ասաց Օրմանջյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4