Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում վերջին տարիներին գրանցվել են տուլարեմիա կոչվող վարակիչ հիվանդության մի շարք դեպքեր, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այս հիվանդության անվանումը գալիս է Հյուսիսային Ամերիկայի Տուլարե լճի անունից, որի շրջակայքում առաջին անգամ հայտնաբերվել է հարուցիչը: Հիվանդության ախտանշաններն ենՙ այտուցվածություն, ջերմություն, տարբեր ֆունկցիաների խանգարումներ, գլխացավ, հոդացավ, ավշագեղձերի բորբոքում, մաշկի ախտահարում ու խոցոտում եւ այլն: Տուլարեմիան կլինիկորեն դրսեւորվում է բուբոնային (ավշագեղձերի ախտահարում), աչքաբուբոնային, մաշկային եւ ընդերային ձեւերով, առաջ է բերում մինինգիտ, թոքաբորբ եւ այլ հիվանդություններ:
Ըստ Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժնի վարիչ, բժիշկ Մանուկ Երիցյանիՙ տուլարեմիան փոխանցվում է տարածման բոլոր ուղիներովՙ օդակաթիլային, սննդային, մաշկի միջոցով (տուլարեմիայի հարուցիչներն ընդունակ են թափանցել անգամ արտաքինից անվնաս մաշկի մեջ):
Հիվանդության դեպքեր են գրանցվել Արծվանիստ, Մադինա, Գեղհովիտ, Վերին Գետաշեն գյուղերում:
- Մարտունիում անցած տարի գրանցվել է տուլարեմիայի 12 դեպք, այս տարիՙ արդեն 4, որը բավականին լուրջ ահազանգ է, - ասաց բժիշկ Երիցյանը, - քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ վտանգավոր ինֆեկցիաների շարքում ընդգրկված այս հիվանդությանը, որպես կանոն, հաջորդում է ժանտախտը:
Հիվանդությամբ վարակվածների ճշգրիտ քանակը հնարավոր չէ պարզել, քանի որ հիվանդության կանխորոշումը շատ դժվար է (տուլարեմիային հատուկ են նաեւ այլ հիվանդություններին բնորոշ ախտանիշներ):
- Տուլարեմիայի բացիլակիրները շուրջ 60 տեսակի մկնանման կրծողներն են, - ասաց պրն Երիցյանը, - այնպես որ կրծողների դեմ պետք է արդյունավետ պայքար կազմակերպել համաճարակից խուսափելու համար:
Իսկ վերջին 5 տարիներին մարզում կրծողների դեմ պայքարը արդյունավետ չի եղել բավականաչափ դրամական միջոցներ չունենալու պատճառով:
- Մինչեւ 2003 թվականը մարզի 251 հազար հեկտար գյուղատնտեսական պիտանի հողատարածքից ընդամենը 6–7 հազար հեկտարի վրա է պայքար կազմակերպվել, որն էլ, անշուշտ, չէր կարող դրական արդյունքներ տալ, - ասաց Գեղարքունիքի մարզի գյուղվարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը:
Սակայն, ըստ նրա, 2003 թ. բացի կրծողների դեմ պայքարի հանրապետական կայանների ծավալած գործողություններից, առանձին համայնքներին տրվել են էթիլֆենացին եւ ցինկի ֆոսֆիդ. կրծողների դեմ նաեւ տեղական բնույթի պայքար է տարվել:
- Ասեմ նաեւ, որ 2004 թ. կրծողների դեմ պայքարի կազմակերպման գործում լուրջ տեղաշարժեր կան, քանի որ նախորդ տարիների 6–7 հազար հեկտարի փոխարեն այս տարի պայքար է տարվել 28 հազար հեկտարի վրա, ինչն, իհարկե, իր դրական արդյունքը կտա, - ասաց պրն Հովհաննիսյանը:
Ըստ բժիշկ Երիցյանիՙ զարմանալի է հիվանդության կրկին ի հայտ գալը, քանի որ մեզ մոտ դա արդեն 20–25 տարի համարվում էր մեռած հիվանդություն:
ԿԱՐԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի