«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2004-07-17 | #133, 2004-07-20 | #134, 2004-07-21


ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Գազի խողովակը որպես հայ ժամանակակից ճարտարապետության տարր

Սոցիալ-տնտեսական, կենցաղային պայմանների բարելավմանը միտված յուրաքանչյուր քայլ ողջունելի է ու դրվատանքի արժանի հատկապես Հայաստանի նման խաթարված կենսապայմաններ ունեցող երկրում: Էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման հարցը կարծես թե կարգավորվել է, իսկ գազիֆիկացիան դեռ հեռու է համատարած լինելուցՙ կապված տեխնիկական հարցերի եւ գազը բնակարան հասցնելու ոչ բոլորին մատչելի գների հետ:

Բոլորս ենք ցանկանում օգտվել համեմատաբար էժան եւ հարմար վառելիքից: Հարց է միայն, թե շատե՞րն են արդյոք ցանկանում իրենց բնակավայրը եւ հատկապես մայրաքաղաքը տեսնել գազատար խողովակներով «զարդարված»:

Հարցը, թե որքանով է անվտանգ ու հուսալի գազատար խողովակների «վերերկրյա» անցկացումը, թողնենք մասնագետների դատողությանը: Ոչ մասնագետ մահկանացուներին հետաքրքրում է նախ եւ առաջ դրա գեղագիտական կողմը: Դատելով լրատվամիջոցներում հրապարակված տվյալներից, գազիֆիկացումն արագորեն թափ է հավաքում, եւ հեռու չէ այն օրը, որ, օրինակ Երեւանը դառնա լոկ դեղնաարծաթավուն խողովակներով եզերված շինությունների քաղաք, շինություններ, որոնք անկախ իրենց ճարտարապետական ու գեղագիտական արժեքից, ընդամենը ֆոն կծառայեն «նորին մեծություն գազախողովակի» համար:

Իսկ եթե քաղաքի տեսքի համար պատասխանատու այրերը գտնում են, որ գազիֆիկացման այս ձեւը ճիշտ է (քանի որ էժան է կամ իրենց կարծիքն էլ հաշվի առնող չկա), ապա թող հանձնարարեն ճարտարապետությունից եւ քաղաքաշինությունից քիչ թե շատ հասկացող մեկին ատենախոսություն գրել «Գազի խողովակը որպես հայ ժամանակակից ճարտարապետության անքակտելի տարր» վերնագրով, իսկ Հանրապետության հրապարակում կանգնեցնեն կարեւոր չէ թե ում արձանը, միայն թե նրա գլխավերեւում կամարաձեւ երեւա դեղին կամ արծաթագույն գազատար խողովակը...

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4