«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2004-07-21 | #135, 2004-07-22 | #136, 2004-07-23


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ երկկողմ խանդն արգելակում է քաղաքական, տնտեսական կապերի խորացումը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտգործնախարարը երեկ Թբիլիսի մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ երկու երկրները պետք է եվրոպացիների առաջ, Եվրոմիության հետ մերձեցման հարցում հանդես գան որպես մեկ միասնական տարածաշրջանՙ մեկ ընդհանուր ձայնով:

Պաշտոնական Երեւանը, ըստ ամենայնի, մտահոգություններ ունի Եվրոմիության հետ հարաբերություններում Վրաստանի որդեգրած դիրքորոշումից: Թբիլիսիի իշխանությունները առիթը բաց չեն թողնում անդրկովկասյան երեք երկրների մեջ առավել կարեւորելու, միմիայն իրենց նվիրվածությունը եվրոպական արժեքներին, ընդհանրապես Եվրոպային:

Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլու մեկնաբանությունը հավանաբար բավարարել է հայկական կողմին: Օդանավակայանում Վարդան Օսկանյանը բացատրեց, թե ինչ է նշանակում Եվրոմիության հետ հարաբերություններում «մեկ ձայնով հանդես գալը»: «Իսկապես ցանկալի է (միասնական ձայնով հանդես գալ), որովհետեւ եվրոպական կառույցներն էլ են դա ուզում: Դժբախտաբար մեր տարածաշրջանում կան խնդիրներ, այդ միասնականության հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է, բայց մենք Վրաստանի հետ փորձելու ենք մեր աշխատանքները առավելագույնս համակարգել: Եթե Ադրբեջանը ցանկանա, կարող է միանալ», ասաց Օսկանյանը:

Երեւանում Զուրաբիշվիլին իր հայ գործընկերոջից բացի հանդիպել է հանրապետության նախագահին, վարչապետին եւ խորհրդարանի նախագահին: Ընդհանուր առմամբ Վրաստանի արտգործնախարարը դրական է գնահատում իր առաջին այցը Հայաստան: «Մենք վճռական ենք խորացնելու մեր տնտեսական հարաբերությունները: Քաղաքական հարաբերությունները շատ լավ են, բայց պետք է խորացնենք դրանք», ասաց Զուրաբիշվիլին:

Վարդան Օսկանյանը եւս դրական է գնահատում հարեւան հանրապետության արտգործնախարարի հանդիպումները: «Մեր հարաբերություններում երկու հիմնական մեծ բլոկ կաՙ գործնական շփումներ, տնտեսական խնդիրներ, որոնք ավելի խորը կքննարկվեն Հայաստանի վարչապետի Վրաստան այցի ժամանակՙ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում: Այս այցի ընթացքում մենք առավել կենտրոնացել ենք (հարցերի երկրորդ բլոկ) կոնցեպտուալ, ծրագրային, հեռանկարային խնդիրների վրա: Խոսել ենք տարածաշրջանային ծրագրերի նաեւ մեր համագործակցության ընդհանուր ինտեգրացիոն գործընթացների մասին: Խոսվել է ե՛ւ երկաթգծերի, ե՛ւ գազամուղների, նավթամուղների, ընդհանրապես տրանսպորտային, տրանզիտային խնդիրների, ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում (հայ-վրացական) համագործակցության մասին: Որոշ պայմանավորվածություններ կան, բայց ինչպես ինքըՙ նախարարն ասաց, այս պահին կոնկրետ արդյունքներ չկան: Պայմանավորվածություն կա, որ մենք առավել մոտիկից համագործակցենք եւ որոշ հարցերում համակարգենք մեր աշխատանքները, հատկապես եվրոպական ուղղությամբ», ասաց Օսկանյանը:

Հունիսի 14-ին Երեւանը, Բաքուն եւ Թբիլիսին միացել են Եվրոմիության «Ընդլայնվող Եվրոպա-Նոր հարեւաններ» նախաձեռնությանը, որը ենթադրում է Եվրոմիության եւ Հարավային Կովկասի հարաբերությունների նոր մակարդակ: Թբիլիսին, ինչպես նշեցինք, փորձում է իր երկու հարեւաններից մեկ քայլ առաջ ընկնել: Հայաստանը, ենթադրաբար, որոշակի մտահոգությամբ է հետեւում նաեւ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Անդրկովկասյան երեք երկրները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցում են հավասարը հավասարիՙ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Վրաստանի հնարավոր վաղաժամկետ մուտքը ՆԱՏՕ, ինչի մասին Թբիլիսիի իշխանությունները հաճախ են խոսում, կարող է Կովկասում բաժանարար գծերի ձեւավորման պատճառ դառնալ:

Եվրոպական կառույցներին ինտեգրվելու խնդիրը քննարկվել է Զուրաբիշվիլու եւ Հայաստանի նախագահի հանդիպման ընթացքում: ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է. «Ընդգծելով Հայաստանի եւ Վրաստանի հավատարմությունը եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործում, կողմերը նշել են համագործակցության մեծ հնարավորություններըՙ հատկապես նկատի առնելով Եվրոմիության «Նոր հարեւաններ» ծրագրում հարավկովկասյան երեք երկրների ներգրավումը»:

Ռոբերտ Քոչարյանը եւ Սալոմե Զուրաբիշվիլին նշել են, որ երկկողմ տնտեսական համագործակցության ներկա մակարդակը դեռեւս չի համապատասխանում երկու երկրների իրական հնարավորություններին եւ մտադրություններին: Քոչարյանը կարեւորել է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Նշենք, որ հուլիսի 25-27-ը պաշտոնական այցով հարեւան հանրապետություն կմեկնի Հայաստանի վարչապետը:

Քոչարյանը Զուրաբիշվիլու հետ հանդիպման ընթացքում «գոհունակությամբ նշել է Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը, «...որոնք հիմնված են փոխվստահության եւ երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամության վրա»:

Հայ-վրացական երկկողմ կապերը որքան էլ լինեն, ավելի ճիշտՙ անվանվեն բարեկամական, Երեւան-Թբիլիսի փոխհարաբերություններում կան բազմաթիվ կնճռոտ խնդիրներ: Ընդհանրապես երբ կա ընդհանուր սահման, ապա երկու պետությունների հարաբերություններում չեն կարող խնդիրներ չլինել: Այս առումով հայ-վրացական հարաբերությունները բացառություն չեն: Սակայն, մյուս կողմից, երկու ժողովուրդների միջեւ կա փոխվստահության պակաս: Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններում փոխվստահության պակասը վերաբերում է երկու երկրների արտաքին քաղաքականության տարբեր, երբեմն միմյանց հակասող վեկտորներին, շատ դեպքերում Հայաստանը Վրաստանին ընկալում է բզկտված մի տարածք, որը խոչընդոտ է հայ-ռուսական հարաբերություններում: Իր հերթին Վրաստանը Հայաստանին համարում է Ռուսաստանի «հետնադուռ», իսկ հայկական հողում բնավորված ռուս զինվորինՙ ապակայունության գործոն ողջ տարածաշրջանում:

Կարելի է նշել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա բազում այլ խնդիրներ: Սակայն ամենաանցանկալին, որ այսօր կա, շարքային հայերի եւ վրացիների միջեւ առկա փոխվստահության պակասն է, միմյանց նկատմամբ խանդը: Հայաստանում սոցիոլոգիական հարցում չի անցկացվելՙ ստուգելու, թե ինչ աստիճանի է Հայաստանում վրացիների նկատմամբ անվստահությունը: Ուղիղ 1 տարի առաջ Վրաստանում նման մի հարցում անցկացվեց: Պարզվում է, որ շարքային վրացիները հարեւան ժողովուրդների մեջ ամենաշատը չեն վստահում հենց հայերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4