«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2004-07-22 | #136, 2004-07-23 | #137, 2004-07-24


ԵՐԵՎԱՆԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Խայտաբղետ եւ հակասական պատկերներ

Ի՞նչ կարելի է զգալ եկեղեցի տեսնելիս կամ եկեղեցու տարածքով անցնելիս: Երեւի ակնածանք, աղոթելու ցանկություն կամ էլ հուզմունք, որ անցնում ես նման սուրբ վայրով: Բայց արդյոք այդպե՞ս է, այսօր եկեղեցու տարածքում միայն լավն ու բարի՞ն է տիրում:

Մեր հավատքի 1700 տարին խորհրդանշող Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող այգում, օրինակ, կարելի է անհարմար շատ բաներ նկատել: Այգին աչքի է ընկնում մուրացկանների, որբերի, ծաղկավաճառ ու մոմավաճառ երեխաների, արեւածաղկի սերմ ծախողների եւ անբարոյական կանանց առատությամբ, որոնք միասին ստեղծում են այնպիսի տհաճ տեսարան, ինչպիսին չէիր ցանկանա տեսնել գոնե եկեղեցու շրջակայքում:

Մուրացկան, որբ կամ ծաղկավաճառ երեխաների միջին տարիքային խումբը կազմում են 5-16 տարեկանները, որոնք սփռված են ողջ այգում: Այդ երեխաներից ոմանք պատմեցին, որ այդ տարածքը բաժանել են միմյանց մեջ, եւ յուրաքանչյուրը պետք է իր հատվածում աշխատի: Նրանք հիմնականում վաճառում են հատով ծաղիկներ: Պարզվում էՙ դա նրանց համար զբաղմունք է, ծնողները տեղյակ են եւ չեն էլ դժգոհում: Օրեր կան, երբ նրանք վաստակում են մինչեւ 5000 դրամ, իսկ երբեմն էլ ոչինչ չեն կարողանում վաճառել: Գումարի մի մասը տալիս են ծնողներին, իսկ մնացած մասը իրենք են ծախսում: Ասացին նաեւ, որ ստիպողաբար չեն աշխատում, նրանց ոչ ոք չի նեղացնում այդ տարածքում եւ դեռ ավելին, երբ մի «նոր գործընկեր» է հայտնվում, հախից գալիս են: Բոլոր պատասխաններում երեւում էր նրանց գոհունակությունը, ի՞նչ կարեւոր է ուսումը, չէ՞ որ լավ էլ աշխատում են եւ արդեն գումար են վաստակում: Թվում էր, անկեղծ էին խոսում եւ պատմում էին իրականությունը, սակայն մի պահ տղաներից մեկը բորբոքվեց եւ ասաց.

- Դե, ամեն ինչ չենք կարա ձեզ ասել, ամեն ինչ չէ, որ դուք պիտի իմանաք:

Պարզ դարձավ, որ նրանք տանջված են, հաճախ սոված, շատ կուզեին սովորել, սակայն այսօր ստիպված են փող մուրալ, ծաղիկ վաճառել եւ անգամ իրավունք չունեն իրենց այդ վատ վիճակի մասին արտահայտվել: Ո՞րն է պատճառը:

Մի փոքրիկ ծաղկավաճառ աղջիկ էլ պատմեց, որ տան 3 անդամներից միայն ինքն է աշխատում: Եղբայրը պաղպաղակ է վաճառել, բայց սառնարանը ձեռքից վերցրել են, իսկ մայրն էլ հիվանդ է:

- Մամաս հազում է, ծանր հիվանդ է, հենա նստած ինձ է սպասում, որ հաց առնի,- ավելացրեց աղջիկը:

Ասաց նաեւ, որ շատ կցանկանար սովորել, բայց շոր ու կոշիկ չունի, սովորելուց հետո էլ, միեւնույն է, պիտի ծաղիկ վաճառի:

Մի այլ դրվագ են ներկայացնում եկեղեցու շրջակայքում երեկոյան ժամերին կանգնող անբարոյական կանայք: Նրանցից մի քանիսն ասացին, որ դա իրենց սովորական աշխատանքն է, վատ զգալու ոչ մի բան չունեն, իրենք էլ այդպես են ապրում, ունեն իրենց հաճախորդները: Բայց մի բան երեւի ընդհանուր էր բոլորի համար.

- Հացի փողի համար ենք ստեղ կանգնում, էլ ինչի՞ համար,- ավելացրեց մեկը:

Փաստորեն, հացի փող կարելի է վաստակել նաեւ եկեղեցու տարածքում եւ հենց այս միջոցով: Երեխաների մի խումբ էլ փող է մուրում այգում, այդ գումարով ծխում եւ «սեփական կարիքները հոգում»: Այսինքնՙ եկեղեցու հարեւանությամբՙ կողք-կողքի կանգնած են անչափահաս մուրացկաններ, որբեր, անբարոյական կանայք...

Փաստորեն, մեր կուռ հավատը խորհրդանշող եկեղեցու տարածքում կատարվում են այնպիսի երեւույթներ, որոնք հակասում են մեր սովորույթներին, գուցեեւ մեր հավատքին: Եվ թեպետ դրանք ոմանց համար դարձել են սովորական, բայց ամեն դեպքում կարող են ունենալ ոչ այնքան ցանկալի հետեւանքներ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի հեռ.լրագրության բաժնի 4-րդ կուրս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4