Վերաքննիչ դատարանը նախորդ նիստում լսել էր Լավրենտի Կիրակոսյանի ցուցմունքները, իսկ երեկվա նիստում անդրադարձավ վերջինիս դեմ հարուցված քրեական գործի դատավարության դատական արձանագրություններին ու փաստաթղթերին: Արձանագրությունների հրապարակմանը հաջորդեցին դատապաշտպան Վարդան Զուռնաչյանի փաստարկներն ու կասկածները դրանց առնչությամբ: Չպարզաբանված օպերատիվ տվյալների հիման վրա կատարվել է խուզարկություն Կիրակոսյանի տանը եւ կազմվել արձանագրություն առանց հայտնաբերված եւ առգրավված իրերի մանրամասն նկարագրության եւ Լավրենտի Կիրակոսյանի հայտարարությունների:
Հայտնաբերված բուսական ծագման 59,3 գ չորացրած նյութից փորձանմուշ վերցնելու արձանագրությունն էլ ստորագրել են այդ պահին ներկա չգտնված երկու ընթերականներ: Ամբաստանյալի մեզը դատափորձաքննության ենթարկած մասնագետը պատասխանել է իրեն ուղղված 3 հարցերից մեկինՙ փաստելով, որ մեզում առկա է կանեփի հումքից պատրաստված թմրամիջոց: Անտեսվել են թմրամիջոցի օգտագործման վաղեմության եւ չափաքանակի վերաբերյալ հարցերը: Դատապաշտպանը համոզված է, որ այդ հարցերի պատասխանները չեն տրվել դիտավորությամբ: Թմրամիջոցի օգտագործման վաղեմությունը չէր անցնելու տասը օրից, իսկ այդ ընթացքում Կիրակոսյանը գտնվել է վարչական կալանքի տակ: Բաղրամյանի Քարակերտի (այնտեղ է Լավրենտի Կիրակոսյանը բնակվում) գյուղապետը բարեխղճորեն տրամադրել է ամբաստանյալի երկու իրարամերժ բնութագիր, որոնցից մեկը հագեցած է հակասական տեղեկություններով. «Ապրում է մի տեսակ մեկուսացած, հասարակական կյանքին չի մասնակցում: Զարմանալիորեն վայելում է գյուղացիների հարգանքը: Առնչվում է կասկածելի մարդկանց հետ», մյուսում Կիրակոսյանը ներկայացվում է հասարակական կյանքի ակտիվիստ, հայրենասեր, ինտերնացիոնալիստ, լավ մասնագետ, հարգանքի արժանի անձնավորություն, ինչը փաստվում է 600 համագյուղացիների ստորագրություններով:
Դատապաշտպան Վարդան Զուռնաչյանը կարծիք հայտնեց, որ իր պաշտպանյալի դեմ մեղադրանք է հարուցվել սարքովի փաստաթղթերի հիմքով եւ պարզաբանումների համար միջնորդեց դատարան հրավիրել Արտաշատի մարզային պոլիկլինիկայի գլխավոր բժշկին եւ այն բուժքրոջը, ովքեր առաջին օգնությունն են ցույց տվել ամբաստանյալին, այն ընթերականներին, ովքեր ստորագրել են խուզարկության արձանագրությունը, փորձագետ Սվետլանա Մինասյանին, որը կատարել է տոքսիկոքիմիական զննությունը: Դատարանը բավարարեց միջնորդություններից վերջինը միայն: Մերժվեց նաեւ ամբաստանյալի Բաղրամյանի ոստիկանության այն աշխատակցին դատարան հրավիրելու միջնորդությունը, որը մասնակցել է առաջին օգնություն տրամադրելուն: Դատարանը աշխատանքը կշարունակի օգոստոսի 2-ին:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ