Մեր տարածաշրջանում իր մասշտաբով նախօրինակը չունեցող մշակութային իրադարձությունՙ «Մեկ ազգ, մեկ մշակույթ»: Այս նշանաբանով է ապրելու Հայաստանն օգոստոսի 14–23-ը:
Ավելի քան տասներկու մասնակից երկիր, եւ ելույթներ ողջ Հայաստանի ու Արցախի տարածքում: Փառատոնը Հայաստանում անցկացվում է առաջին անգամՙ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:
Մշակութային այս տոնը մեզ պարգեւելուց անմասն չի մնացել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Փառատոնի գլխավոր պրոդյուսեր, «Ալֆայել» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանի կարծիքովՙ «Մեկ ազգ, մեկ մշակույթն» անչափ կարեւոր եւ նշանակալի իրադարձություն է, քանի որ, առաջին անգամ լինելով, մշակութային փառատոնն ընդգրկում է արվեստի ամենատարբեր բնագավառներՙ երգ, թատրոն, գեղանկարչություն, պարարվեստ, ձեռագործ, գրականություն:
Փառատոնի հանդիսավոր բացումը վստահված է օպերայի եւ բալետի թատրոնի նվագախմբին: Արվեստի տարբեր բնագավառներում իրենց նվաճումները կցուցադրեն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Լիբանանի եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Փառատոնի երաժշտական հատվածում նախատեսվում է հոգեւոր երաժշտության համերգ Սբ. Սարգիս եկեղեցում, «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխության դափնեկիրների համերգ օպերայի եւ բալետի թատրոնում, դասական երաժշտության երեկո Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, հայ-արգենտինական երաժշտության երեկո Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում եւ այլն: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա օգոստոսի 22-ինՙ Հանրապետության հրապարակում:
Փորձեցինք նաեւ պարզել, թե երաժշտական ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում օգոստոսին տեղի համերգասրահներում: Պարզվեց, որ տեղական գրեթե բոլոր սրահները, ինչպես ցանկացած այլ նորմալ հաստատություն, օգոստոսին հանգստանում են:
Երաժշտահան Ռոբերտ Ամիրխանյանը, որպես աչքի ընկնող իրադարձություն, մատնանշեց Դիլիջանի կոմպոզիտորների տանը հուլիսի 27-ին անցկացված հիշատակի օրըՙ նվիրված անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին, կոմպոզիտորի անվան հուշատախտակի հանդիսավոր բացմամբ: Կոմպոզիտորն այս տարի կտոներ իր հոբելյանական 75-րդ տարեդարձը:
Կամերային երաժշտության տունը, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան արձակուրդում են: Օպերայի եւ բալետի թատրոնը նույնպես հանգստանում է, եւ օգոստոսին սպասվում է միայն Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Արքա բալետը»:
Հուսանք, որ սեպտեմբերը մեզ կուրախացնի հարուստ եւ հագեցած համերգաշրջանով:
ԼԻԼԻԹ ՎԱՀԱՆՅԱՆ