«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2004-07-27 | #139, 2004-07-28 | #140, 2004-07-29


ՍԵՎԱՆԻ ՁԿՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ

Ավելի քան քառամյա ընդմիջումից հետո մեկնարկել է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառումը: Սեւանի համար չափազանց կարեւոր այս միջոցառման վերակենդանացումը նշանավորելու համար բնապահպանության նախարարությունում հասարակական կազմակերպությունների, նախարարության մասնագետների ու փորձագետների, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան էր կազմակերպվել: Մեր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել ենք, թե Սեւանի ձկնային պաշարների պահպանության ու համալրման ասպարեզում բարձիթողի ինչքան խնդիրներ են կուտակվել: Տարիներ շարունակ անվերահսկելի որսը, ջրի մակարդակի իջեցման հետեւանքով ճահճացման խորացումն ու ջրի որակի վատացումը ամենաանպաստ պայմաններն ստեղծեցին Սեւանի կենսառեսուրսների համար: Իշխանի տեսակներից պահպանվել է միայն գեղարքունին, որի վերարտադրությունն իրականացվում է գլխավորապես արհեստական բուծման ճանապարհով: Լճի մասին մտահոգությունը, առանց ձկնային պաշարների համակարգված ուսումնասիրությունների, անիմաստ է: Սեւանի կենսապաշարների վիճակը նաեւ լճի ինքնազգացողության ու ջրի որակի ցուցիչն է:

Ձկան սնունդը զոոպլանկտոնն է: Սրանք մանր օրգանիզմներ են, որոնք իրենց հերթին սնվում են բուսական օրգանիզմներով: Վերջիններիս քանակն արդեն պայմանավորում է ջրի որակը: Եթե մեծ քանակով ձուկ հանվի ջրից, այսինքն, անվերահսկելի որս կատարվի, ապա իբրեւ սնունդ օգտագործվող զանգվածը չիրացվելով` կկուտակվի ջրում եւ ավելորդ օրգանական նյութի առաջացման խթան կդառնա: Այսինքն, լճում ապրող ձկների քանակից կախված է նաեւ սնման մյուս օղակների վիճակը: Անկախ ջրի մակարդակի իջեցումից կամ բարձրացնելու մեր ջանքերից, անսահմանափակ ու անվերահսկելի ձկնորսության պատճառով լճի ճահճացման մի խթան էլ կավելանա:

ՀՀ ԳԱԱ հիդրոլոգիայի ինստիտուտի տնօրենը ներկայացրեց այն առաջնահերթությունները, որոնք հաշվի առնելու դեպքում միայն երկարատեւ ընդհատումից հետո հնարավոր կլինի ինչ-որ արդյունքի հասնել: Դա առաջին հերթին լճի ջրի էկոլոգիական վիճակի համապարփակ ուսումնասիրություններն են, ձկնային համակեցությունների հետազոտությունները` քանակական ու որակական առումով, ձկնային ռեսուրսների մուտքի ու ելքի համամասնությունները: Վերջին դեպքում ձկնաբանների գործը բարդացրել է որսի արտոնագրային սկզբունքին անցնելը: Առաջներում, երբ որսը կատարելու իրավունք ուներ միայն մի կազմակերպություն, ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Եթե մուտքն ու ելքը ճիշտ չի հաշվառվում, թույլատրելի որսի քանակն էլ ճիշտ չի սահմանվի: Իսկ եթե ամեն ինչ հաշվառվի ու կազմակերպվի ինչպես հարկն է, հնարավոր կլինի տարեկան նույնիսկ 5-6 հազար տ որսի թույլատրելի քանակ նշել: Համենայն դեպս, այս համոզման են հիդրոլոգները:

Նրանք առաջարկեցին վերականգնել այն հանձնաժողովը, որը նախկինում զբաղվում էր որսի թույլատրելի քանակների, տեսակների եւ ժամանակաշրջանի սահմանմամբ: Նաեւ բողոքեցին, որ չնայած խոստումներին, առայսօր իրենք ոչ մի լումա չեն ստացել ուսումնասիրությունների մեկնարկի համար:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4