Հայկական թենիսը լավ ավանդույթներ է ունեցել: Մեր թենիսիստները միշտ էլ առաջատար դիրքեր են գրավել միութենական տարբեր մրցաշարերում: 1980-ական թվականների կեսերին Հայաստանի կանանց հավաքականը (Աիդա Խալաթյան, Կարինե-Կյուրեղյան, Լարիսա Հովսեփյան, Լենա Գիշյան) 2 անգամ դարձել է ԽՍՀՄ թիմային առաջնության հաղթող: Տարբեր տարիների Նորիկ Առաքելյանը, Հակոբ Սրապյանը, Արթուր Շիլաջյանը, Սարգիս Սարգսյանը, Լեւոն Աբովյանը, Հրանտ Կարապետյանը նվաճել են ԽՍՀՄ պատանիների չեմպիոնի տիտղոսը: Մասնագետների համոզմամբ, եթե 80-ական թթ. թենիսի զարգացման տեմպերը պահպանվեին, ապա այսօր էլիտար այս մարզաձեւում մեծ բարձունքների հասած կլինեինք: Իհարկե, անցումային փուլի երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ նաեւ այս մարզաձեւի վրա: Այնուամենայնիվ, այսօր հանրապետությունում թենիսի զարգացման համար բարենպաստ պայմաններ կան: Թենիսի մասնագիտացված մարզադպրոցներ ու խմբեր են գործում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում: Իհարկե, առանց լուրջ ներդրումների դժվար է այս մարզաձեւում հաջողություններ ակնկալել: Թենիսի հանրապետական ֆեդերացիան գործարար Հարություն Փամբուկչյանի գլխավորությամբ հնարավորության սահմաններում հոգում է մարզաձեւի զարգացման համար անհրաժեշտ ծախսերը: Մարզաձեւին աջակցում են նաեւ առանձին հովանավորներ: Նրանց թվում է Հայաստանում «Ավստրիական ավիաուղիների» ներկայացուցչությունը: Հայաստանում իր գործունեությունը սկսելով 2001 թ. մարտից, այսօր «Ավստրիական ավիաուղիները» Երեւան-Ավստրիա ուղերթով 80-ից մինչեւ 180 ուղեւորատար ինքնաթիռներով շաբաթական չորս չվերթ է կազմակերպումՙ Հայաստանի մայրաքաղաքը կապելով Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի մի շարք քաղաքների հետ: «Ավստրիական ավիաուղիների» հայաստանյան ներկայացուցչության 12 հոգանոց կոլեկտիվը ղեկավարում է ՎԵՌՆԵՐ ԿՐՅՈՒԳԵՐԸ, որն այսօր մեր հյուրն է: