«Էկոգլոբը» ԱՊՀ ողջ տարածքում միակ կազմակերպությունն է, որ զբաղվում է էկոլոգիական գյուղատնտեսության խնդիրներով
Էկոլոգիական գյուղատնտեսությունը հատկապես Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում օրենսդրորեն արդեն կայացած համակարգ է, որի առանձնահատկությունը գյուղմթերքի էկոլոգիական ստանդարտների պահանջներով արտադրությունն է: Դա նշանակում է, որ սկզբից եւեթ բույսի եւ պտղի աճն ու մթերքի վերամշակումը վերահսկվում են, այսինքն, վերահսկվում է արտադրողի գործունեության համապատասխանությունը էկոլոգիական ստանդարտների պահանջներին: Նման սկզբունքով արտադրված մթերքը հատուկ հավաստագիր կամ սերտիֆիկատ է ստանում: Տնտեսվարման այս ձեւն ի հայտ է եկել 60-ական թթ.. բայց, այնուամենայնիվ, դեռեւս մնում է միայն իբրեւ այլընտրանքային մեխանիզմի արտահայտություն: Դրա առաջին ծաղիկը` «Էկոգլոբ» կազմակերպությունը Հայաստանում սկսել է գործել 2002 թվականից եւ արդեն հասցրել է բավականին գործ անել: Կազմակերպության հետ այսօր համագործակցում են Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի 6 տնտեսություններ: Դրանք այգեգործներ են, կանաչեղեն, մեղր, կաթնամթերք արտադրողներ, անասնապահներ: Տնտեսվարման այս սկզբունքի նկատմամբ բավականին հետաքրքրություն կա, աճում է կազմակերպությանը դիմող ֆերմերների թիվը:
«Էկոգլոբի» փորձագետները պարբերաբար վերապատրաստման կուրսեր են անցնում արտասահմանում, ուր տնտեսվարման այս եղանակը արդեն զարգացած է, ուսումնասիրում նրանց փորձը: Հիշատակենք, որ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում ու Ադրբեջանում էկոլոգիական գյուղատնտեսության անցնելու փորձեր նախաձեռնվել են, սակայն ոչ մեկը չի կայացել: Այնպես որ, ողջ ԱՊՀ տարածքում «Էկոգլոբը» այս կարգի միակ կառույցն է: Նույնիսկ Թուրքիայում, ուր 30 տարի զբաղվում են էկոլոգիական գյուղատնտեսությամբ, իրենց արտադրանքը արտահանելով Գերմանիա եւ Եվրոպայի մյուս շուկաներ, համապատասխան կառույց չի ստեղծվել:
Պարզաբանում է «էկոգլոբ» կազմակերպության գլխավոր տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու ՆՈՒՆԵ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ: