«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2004-07-27 | #139, 2004-07-28 | #140, 2004-07-29


ՎՐԱՍՏԱՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏՔԸ, ԲԱՅՑ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՎՃԱՐԵԼ

Վիճահարույց խնդիրներ հայ-վրացական տնտեսական հարաբերություններում

Հայաստանի արտաքին պարտքը շուրջ 1,1 մլրդ դոլար է: Կան երկրներ, որոնք պարտք են Հայաստանինՙ Բելառուսը եւ Վրաստանը: Եթե առաջինի պարտքը մեր հանրապետությանը խորհրդանշական գումար է, ապա Վրաստանի արտաքին պարտքը Հայաստանին ապրիլի 30-ի դրությամբ կազմում է 19,6 մլն դոլար: Այս գումարի մեջ չի մտնում էլեկտրաէներգիայի մատակարարումների դիմաց Վրաստանի վառելիքի եւ էներգիայի նախարարությանՙ «Հայէներգոյին» ունեցած 4,3 մլն դոլար պարտքը, որը վրացական կողմը կուտակել է 2000թ. ընթացքում:

Վրացական կողմն այս գումարի պարտքը համարում է «վիճելի»: Մինչդեռ հայկական կողմի համար կասկած չկա, որ նման պարտք գոյություն ունի: Ավելին, Հայաստանի վարչապետը Վրաստան պաշտոնական այցի ավարտին Երեւանի օդանավակայանում հայտարարեց, որ «նրանք (Վրաստանը) ընդունում են պարտքը»: «Այս տարիների ընթացքում որոշ չափով փակել ենՙ 4,3 մլն-ից 400 հազարը: Պարտքը փակելու մի քանի մեխանիզմներ կան, ինչպեսՙ «Գույք պարտքի դիմաց» (սկզբունքով)», ասաց Անդրանիկ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է 19,6 մլն դոլարին, ապա, ըստ երկկողմ համաձայնության, որ ձեռք է բերվել ավելի վաղ, Վրաստանը 11,8 մլն-ը պետք է վճարի մինչեւ 2021 թ., իսկ 7,8 մլն-ըՙ մինչեւ 2006 թ., համամասնորեն: Թբիլիսին Հայաստանին չի վճարել 2003 թ. համար նախատեսված մոտ 2 մլն դոլարը: Ըստ ամենայնի, մինչեւ 2006 թ. Վրաստանն ի վիճակի չի լինի վճարել 7,8 մլն-ից եւ ոչ մի լումա:

Վրաստանի արտաքին ընդհանուր պարտքը 2004 թ. ապրիլի 30-ի դրությամբ 1,8 մլրդ է, որից 170 մլն-ը Թբիլիսին պետք է վճարի մինչեւ 2006թ.: Այսօր արդեն հայտնի է, որ Վրաստանը չի կարող վճարել այդ գումարը: Երկրի ֆինանսների նախարար Զուրաբ Նողայիդելին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Փարիզի ակումբի հետ, ըստ որիՙ 170 մլն դոլարը, այդ թվում Հայաստանի 7,8 մլն-ը, պետք է վերակառուցվի:

Պետք է նկատել, որ հայ-վրացական տնտեսական հարաբերություններում վիճահարույց խնդիրների պակաս չի զգացվում: Մասնավորապես հայկական կողմը բարձր է համարում վրացական երկաթուղով Հայաստան մտնող եւ Հայաստանից արտահանվող ապրանքների վրա դրված սակագները: Դատելով Զուրաբ Ժվանիայիՙ Թբիլիսիում մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարությունից, վրացական կողմը չի պատրաստվում սակագների հարցում զիջումների գնալ:

«Այսօրվա դրությամբ գործում են բավականին լուրջ սակագնային արտոնություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից իրականացվող բեռնափոխադրումների համար: Վրաստանի կառավարությունը քննարկում է վրացական երկաթուղու սակագնային քաղաքականությունը: Բնականաբար, բոլոր որոշումները կընդունվեն նկատի ունենալով տնտեսական փոխշահավետությունը եւ այն հաշվարկով, որ երկաթուղին ավելի արդյունավետ կգործի», ասաց Վրաստանի վարչապետը:

Ընդհանրապես, Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների խնդրում հայկական կողմի դժգոհությունների պատճառը միայն բարձր սակագները չէին: Բազմիցս հայկական բեռները թալանվել են Վրաստանի տարածքում, ինչի պատճառով հայ ձեռներեցները ստիպված էին բեռների հսկողության համար պահակազոր նշանակել: Այսօր իրավիճակն անհամեմատ փոխվել է, մասնավորապես ճանապարհներին գրեթե չեն երեւում դրամաշորթությամբ զբաղվող ոստիկանները:

Անդրանիկ Մարգարյանը լավատեսորեն է տրամադրված: «Կարող եմ ասել, որ Վրաստանի իշխանությունների հետ մեր այս օրերի հանդիպումը, միջկառավարական հանձնաժողովի նիստը հույս են ներշնչում, որ հայ-վրացական հարաբերությունները մի քանի քայլ առաջ են գնալու», ասաց վարչապետը:

Մասնավորապես Հայաստանը մտադրություն ունի ակտիվ մասնակցելու Վրաստանում նոր թափով շարունակվող սեփականաշնորհմանը: Վերջերս Վրաստանում էկոնոմիկայի նախարար նշանակված եւ Ռուսաստանում հարստություն դիզած Կախա Բենդուկիձեի նախաձեռնությամբ սկսվել է սեփականաշնորհման նոր գործընթաց: Վարչապետ Մարգարյանը ցանկանում է, որ հայ գործարարները մասնակցեն մասնավորապես Փոթի եւ Բաթում նավահանգիստների բեռնահամալիրների կամ դրանց առանձին մասերի սեփականաշնորհմանը: «Հայաստանի համար էական կլինի, որ մեր գործարարները սեփականություն ունենան ծովափին, եւ մեր ապրանքների ներմուծման ու արտահանման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն», ասաց Մարգարյանը:

Մեր կողմից հավելենք, որ որոշ հայ գործարարներ լուրջ հետաքրքրություն ունեն Վրաստանում սեփականաշնորհվող օբյեկտների հանդեպ: Դիվանագիտական մի աղբյուր «Ազգի» հետ զրույցում նշեց, որ ստեղծվող հայ-վրացական գործարար ասոցիացիան զբաղվելու է առաջին հերթին Վրաստանում սեփականաշնորհման գործընթացով: Հայկական կողմից այդ ասոցիացիայի աշխատանքը համակարգելու է Հայաստանի նախագահի խնամինՙ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, վրացական կողմիցՙ Միխայիլ Սաակաշվիլու մերձավորագույն շրջապատից Բեսո Ջուղելին:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4