«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 24-ի համարում լրագրող Ջոն Հյուզի ստորագրությամբ տեղեկացնում է, որ մայիսի 17-ի երեկոյան Երեւանում իր տան մոտ սպանված ամերիկացի Ջոշուա Հագլանդի ընտանիքն Ամերիկայում վճռականորեն է տրամադրված իմանալու, թե ո՞վ է մեղավորը, եւ տեսնելու, թե գերիշխո՞ւմ է արդարությունը: «Արմենիա նաուին» տված տեղեկությունների համաձայն, Ջոշուայի մայրըՙ Մաքսին Հագլանդ-Բլոմերն ասել է, որ իր որդին չափազանց ոգեւորված էր Հայաստանի ապագայով եւ մեծ հույսեր էր կապում, որ ինքն էլ կմասնակցի այդ ապագայի կերտմանը: «Նա Ամերիկայում բացահայտ արվամոլ էր եւ մենքՙ (ընտանիքը) նրան պաշտպանում էինք այդ հարցում»: Առանձին մարդկանց կարծիքով, ըստ Ջոն Հյուզի, նա այդ ապրելակերպի զոհն է դարձել:
«Մենք պատասխան ենք պահանջում նրա անիմաստ մահվան առնչությամբ: Ինչ-որ մեկը հանցագործությունը կատարելուց հետո խույս է տալիս արդարադատությունից: Մենք մինչեւ օրս չգիտենք, թե ձերբակալվածներ արդյոք կա՞ն կամ քանի՞ հոգի է հարցաքննվել եւ ի՞նչ է բացահայտվել», նշում են ընտանիքի անդամները, հիասթափված գործի ընթացքից: