«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2004-07-28 | #140, 2004-07-29 | #141, 2004-07-30


«ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԱՄՍԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ

«Հայկական ակնաբուժություն նախագիծ» կազմակերպությունը լույս է ընծայել իր AECP Sight ամսագրի հերթական համարը, որը ներկայացնում է անցած տարվա հունիսից սկիզբ առած «Լույս հայի աչքերին» ծրագրի մեկ տարվա աշխատանքները: Յոթնամյա այդ ծրագրում նախատեսված է անցկացնել անմիջական բուժօգնություն, բուժանձնակազմի վերապատրաստում, հանրության իրազեկում, հետազոտություններ, ինչպես նաեւ ակնաբուժական ծառայությունների համակարգի հզորացում: Հիշեցնենք, որ «Հայկական ակնաբուժություն նախագիծ» կազմակերպությունը նպատակ ունի կանխարգելել ձեռքբերովի կուրությունը եւ ակնաբուժությունը Հայաստանում մատչելի դարձնել երեխաների ու մեծահասակների համար:

Այս համարի նյութերը պատմում են ակնաբույժ Մալայանների ընտանեկան ավանդույթի մասին, որոնց արդեն երրորդ սերունդը շարունակում է զբաղվել ակնաբուժությամբ, ինչպես նաեւ ծանոթացնում ակնաբույժներ Արմեն Վարդանյանի, Բարրի Կուպերմանի կատարած աշխատանքին: 7-ամյա Հովհաննես Ռուբենյանը կազմակերպության օգնությամբ ծնողների հետ այս տարի մեկնել է Մ. Նահանգների Հարավային Կարոլինա նահանգ, որտեղ ամերիկացի բժիշկները վերականգնել են նրա տեսողությունը:

Նորքի եւ Հաղթանակի ծերանոցներում բնակվող 41 ծերերի տեսողությունը նույնպես վերականգնվել է ակնաբույժների ջանքերով: Մյուս նյութերից տեղեկանում ենք հիշյալ կազմակերպության 9-րդ միջազգային կոնֆերանսի, երիտասարդ մասնագետների եւ ծրագրի հովանավորներ Ջորջ եւ Գլորիա Թոքմաջյանների եւ մյուսների մասին:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4