ԶԼՄ-ները պետք է նպաստեն այս հարցի բացառմանը
Զանգվածային լրատվամիջոցները հիմնականում աշխատում են ցամաք տեղեկատվություն ներկայացնելու ուղղությամբ: Մոռացվել են խորքային վերլուծություն պարունակող, հրապարակախոսական նյութերը, որոնք հասարակական կարծիք ձեւավորելու հաստատ միջոց են, իսկ ԶԼՄ-ներն էլ նաեւ սերունդ դաստիարակելու կոչումն ունեն: Այս դիտարկումներն ու մտահոգություններն արտահայտվեցին երեկ «ՀՀ համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» ու «Ժողովրդավարության եւ խաղաղության կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում: Նպատակը հասարակական հնչեղություն ունեցող խնդիրները ԶԼՄ-ներում արշավի վերածելու, լուսաբանելու խոչընդոտները պարզելու, վերացնելու եւ խթանելու միջոցներ գտնելն էր: Հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարծիքներ հայտնեցին, որ պակաս է լրագրողական կամքը, հավատը ԶԼՄ-ների ուժի հանդեպ, արհեստավարժությունը, միմյանց հետ աշխատելու փորձը:
Մինչդեռ հասարակական հնչեղության հարցերն անտեսելը խթանում է դրանց աճին ու կուտակմանը: Ոմանք մեղավորության մեծ մասնաբաժինը համարեցին ԶԼՄ-ներինը, սակայն չմոռացվեց նաեւ քիչ, բայց, այնուամենայնիվ, լրագրական հետեւողական ու հետաքննական աշխատանքի առկայությունը: Վերջիններիս հազվադեպությունը բացատրվեց միջոցների պակասով եւ անարդյունավետությամբ, քանի որ մեր օրերում ԶԼՄ-ների խոսքը զրկվել է ազդեցիկությունից: Սակայն դա չի նշանակում, որ արատավորության հանդեպ լռակյաց ու աչքափակ դիրքն է մնում միակ հնարավորը: ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները երկուստեք խորհուրդներով ուրվագծեցին համատեղ աշխատելու ձեւերը եւ հընթացս որոշեցին հիրավի հասարակական հնչեղություն ունեցող ցրտահարության եւ հազարամյակի մարտահրավերի ծրագրերը խորքային եւ լայնորեն լուսաբանելՙ վեր հանելով թերություններն ու մատնանշելով ճիշտ մոտեցումները: Ընդգծվեց, որ նման աշխատանքի բացակայության արդյունքում ոչ վաղ անցյալում տապալվեցին մեր հասարակությանն անհրաժեշտ մի քանի ծրագրերՙ ընտանիքի պլանավորում, գենդերային քաղաքականություն:
Ի վերջո, կարեւորվեցին լրագրողների մասնագիտացումն ու ՀԿ-ների հետ համատեղ աշխատանքը, որոնք պետք է հասարակական կարեւորության խնդիրներն արծարծեն միահամուռ եւ խորքային վերլուծական մոտեցմամբ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ