«Հարկերի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն առնչվում են կուտակված ապառքներին, այսինքն այն պարտքերին, որ տնտեսվարողները տարիների ընթացքում չեն վճարել պետությանը: Ապառքների ընդհանուր գումարը կազմում է 84 մլրդ դրամ, որի մեծ մասն անհուսալի է: Ներկայացնելով կառավարության ընդունած որոշումն այս մասին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ նշեց, որ համաձայն այդ փաստաթղթի, պետք է հաշվարկ կատարվի եւ անհուսալի ճանաչված պարտքերը դուրս գրվեն:
Կառավարության հաստատած մյուսՙ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում նախատեսված փոփոխությամբ բանկային գաղտնիք համարվող որոշ դրույթներ երբեմն պետք է տեղեկացվեն հարկային մարմիններին: Որպես օրինակ նախարարը ներկայացրեց դատական բռնագանձման դեպքում բռնագանձվողի բանկային հաշվի մասին տեղեկությունը: Սակայն նշվեց, որ այս նախագիծը դեռեւս պետք է քննարկեն շահագրգիռ կողմերը, այդ թվում նաեւ բանկերի ներկայացուցիչները:
Արմավիրի մարզում հուլիսի 9-ին տեղի ունեցած բնական աղետների հետեւանքների վերացման նպատակով կառավարությունը որոշել է միանվագ 100 հազարական դրամ հատկացնել աղետից տուժած 3673 ընտանիքներից 3362-ին, ինչպես նաեւ վճարել բոլոր տուժածների ջրի վարձը եւ հողի հարկը: Այս ամբողջ գումարը կկազմի 415 մլն դրամ: Քանդված տների սեփականատերերին էլ հատկացվել է ընդհանուր առմամբ 20 մլն դրամ: Վարդան Խաչատրյանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում արձանագրված բազմաթիվ բնական աղետների հետեւանքով կառավարության պահուստային ֆոնդը սպառվել էր, ինչի պատճառով բյուջեի որոշ ծախսերի հաշվին տրվեցին վերոնշյալ գումարները:
Վարդան Խաչատրյանը պատասխանեց նաեւ դրամի փոխարժեքի արժեւորման վերաբերյալ հարցին, ասելով, որ դրամի կայունացման մեջ վտանգ չկա, եթե, իհարկե, արտահանումը չի նվազում: Նա վերստին թվարկեց դրամի արժեւորմանը նպաստող գործոններըՙ մասնավոր փոխանցումների, արտահանման ծավալների, կապիտալ ներդրումների աճ:
Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ) պետի տեղակալ Արամ Թանանյանն անդրադարձավ «Ճառագայթային, քիմիական եւ մանրէաբանական իրավիճակի վերահսկման համակարգի ստեղծման մասին» որոշմանը, համաձայն որի ԱԻՎ-ը կհամակարգի այս իրավիճակների վերահսկողությամբ զբաղվող տարբեր նախարարությունների կազմում գտնվող կազմակերպություններին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ