«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2004-07-29 | #141, 2004-07-30 | #142, 2004-07-31


ԱՐՎԵՍՏԱԳԵՏ, ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՄԱՐՏԻՆ ԵՐԻՑՅԱՆ

Խոսքս արվեստագետ ջութակահար, երաժշտանոցի երկարամյա դասախոս, մշակույթի նախարարության աղեղային հազվագյուտ նվագարանների հավաքածուի տնօրեն եւ վերանորոգող, նաեւ Հայաստանի առաջին ջութակ սարքող, Հայաստանում ջութակաշինության մեծ վարպետ, հայրենադարձ Շահեն Երիցյանի զավակ եւ աշակերտ, մրցանակներ շահած, վարպետ Մարտին Երիցյանի մասին է:

Մարտինի մասին այս տեղեկություններեն ոեւէ մեկը չունեի, երբ 1975 թվին, Հռոմում, Խ. Հայաստան վերադարձող օդանավին մեջ, պատահեցի իրեն, որ ժպտալով ինձ բարեւեց հայերենով: Ինծի համար իսկապես անակնկալ էր: Կյանքիս մեջ քիչ պատահած անակնկալըՙ բարեւը չէր, այլՙ բարեւողին կերպարը (ֆիզիկական): Մենք հայերս, կարող եմ ասել, բնազդը ունինք, քանի որ աշխարհի ամեն կողմ ցրված հայրենակիցներ ունենք, հեռվից զգալու անծանոթին հայու կերպարը, դա հաճախ կապում ենք դեմքին, մանավանդ աչքերու արտահայտությանըՙ «հայու աչքեր», եւ մեծ մասամբ չենք սխալվում: Բայց հիշում եմ, որ մի անգամ վրիպեցինք: Երբ 1981 թվին Կիպրոս կղզու Լարնաքա օդակայանում Սարյան թանգարանի տնօրեն, արվեստաբան Շահեն Խաչատրյանի հետ իմ անհատական ցուցահանդեսի կազմակերպման առիթով գտնվում էինք, մեզի դիմավորող երիտասարդին երբ հայերեն դիմեցինք, ըսավ, որ իր անունը Ախիլլես է եւ ինքը հույն է: Մենք ըսինք, որ բան չկա, մենք զինքը ընդունում ենք իբրեւ հայ եւ եղբայր, եւ պատահարին նայում ենք իբրեւ հաջողության նշան:

Վերադառնանք Իտալիա. երիտասարդը, որ ինձի բարեւեց, շատ ուշագրավ կերպար մըն էր, հայու չէր նման, կարծեք ավելի շատ նման էր իտալացիի, մանավանդ դասական, իտալական նկարչութենեն դուրս եկած կերպարի մը: Այդ օրերուն, Իտալիայում, ուր գնացել էինք Ռոբերտ Էլիբեկյանի հետ, սովետական խումբի մը կազմում, մասնակցելու Բոլոնիա քաղաքում բացված հայ նկարիչներու ցուցահանդեսի մը: Առիթը ունեցել էինք այցելելու հրաշալի թանգարաններ, եւ ռընեսանսի կերպարները շատ թարմ էին հիշողությանս մեջ: Իմ հերոսը նիհար էր, նուրբ դիմագիծով, եւ մանավանդ մինչեւ ուսերը հասնող սեւ երկար մազերով, ձեռքին ջութակի տուփը: Այս ամենը շատ արագ, որովհետեւ օդանավին մեջ նստատեղերը գտնելու պահն էր: Բայց կերպարը շատ ուշագրավ էր եւ իր մասնագիտությունը բնորոշող: Ջութակահարը ավելի հարմար կերպարանք չէր կարող ունենալ ըստ իս, քան ինձի պատահած երիտասարդը: Ես գիտեի, որ այդ կերպարանքը չէի մոռանալու, եւ այդ կերպարանքին մեջ տեսնում էի ցեղական տեսակի մը ներկայացուցիչը, որ անհավատալի էր թե ժամանակի ընթացքին կրնար փոխվիլ, եթե նույնիսկ ծերանար:

Ինքը Հայաստանի կվարտետի մը անդամներեն մեկն էր, որ վերադառնում էր հայրենիք:

Երկրորդ անգամ, չեմ հիշում երբ եմ հանդիպել, բայց արդեն չեմ կարող նաեւ հիշել թե քանի անգամներ ենք հանդիպել: Կարծեմ Շահենի միջոցավ, երբ Ժան Տեր-Մերկերյանը Հայաստան էր այցելում համերգի համար, իր ջութակը անպայման ցույց էր տալիս ընկերոջը, եւ կարծեմ անպայման ոեւէ սրբագրություն պետք էր ջութակին վրա, քանի որ միշտ բան մը կար, որ Ժանին անհանգստացնում էր: Այդ հանդիպումները վերջանում էին Մարտինի հայրենական տան այգու մեջ պատրաստված հրաշալի խորովածով:

Ամեն հայ էլ գիտի, թե ինչ ուրախ է, երբ խորովածի կրակը կա, միսերը վրան, շուրջը ընկերներով խոսում են, կատակում եւ դիտում շատ նախանձախնդիր խորոված պատրաստողին, որ ընդհանրապես Շահենն է լինում, եւ ընթացքին համտեսում են եփվող խորովածը, մի փոքր էլ խմիչքի ընկերակցությամբ: Անշուշտ չենք կարող մոռանալ տանտիկինը, Անժելը, որ պատրաստում է սեղանը ճոխացնող համադամներ:

Մարտինը ինծի համար ընկեր մըն է, շատ մարդամոտ, ընկերասեր արվեստագետ, ամեն անգամ, որ իրենց այցելեմ, անպայման ցույց կուտա իր կիսավարտ եւ ավարտած գործիքները, եւ իսկապես մեծ հաճույք է եւ ուրախություն դիտել իր ստեղծագործությունները:

Մարդու ձեռքով ստեղծված բան մը շատ մեծ ուժ եւ արժեք ունի, եւ բախտավոր է ան, որ կարող է իր մատներով մի բան շինել: Մենք մտերիմներ ենք եւ առիթը չենք փախցներ իրարու տուն այցելելու եւ անշուշտ կհանդիպինք նաեւ համերգներու եւ ցուցահանդեսներու ժամանակ: Իր զավակներն ալ արվեստագետներ են, ջութակահար, իսկ կրտսերըՙ Կարենը նաեւ սովորում է իր հորը արվեստանոցում, մասնագիտանալու համար ջութակ պատրաստելու գործին մեջ: Ազնվագույն զբաղմունք, որ իր մեջ ունի շատ խորհրդավոր գաղտնիքներ: Կուզեմ անդրադառնալ նաեւ, մանավանդ որ սա արդեն ընտանիքի երրորդ սերունդն է, որուն փոխանցվում են արվեստի գաղտնիքները եւ այդ ազնվագույն գործը շարունակվում է հարատեւել մեր ժողովրդին եւ հայրենիքին համար:

Երանի այդ սովորությունը տարածված ըլլար մեր ժողովուրդին մեջ եւ ամեն սերունդ ծայրեն չսկսեր գործը: Հաճախ մենք մեր գործը մինչեւ վերջ չենք կարողանում հասցնել, ուր մնաց ուրիշին սովորեցնել եւ փոխանցել: Պիտի մաղթեի մեր ժողովուրդին, որ ունենար այնպիսի պայմաններ, որ ամեն սերունդ շարունակեր եւ զարգացներ իր նախորդներուն սկսած գործը:

Երիցյան Մարտինը շարունակում է իր հորՙ Շահենի արվեստը, ինչպես ըսի Կարենն ալ շարունակելու է այդ արվեստը, եւ վստահաբար թոռնիկ Շահենն ալ, որ տեսնում է իր մեծ հոր աշխատանքը, ինքն ալ մի օր շարունակելու է ջութակ պատրաստելու ազնվագույն գործը. մաղթենք:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4