«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2004-07-30 | #142, 2004-07-31 | #143, 2004-08-20


ՕՐԵՆՔՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ Է ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ

Ըստ արդարադատության նախարարի դա հակակոռուպցիոն ծրագրերի մեխերից մեկն է լինելու

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի երեկ ներկայացրած «Վարչարարության հիմնադրույթների եւ վարչական վարույթի մասին» օրենքի նախագիծն առնչվելու է Հայաստանի յուրաքանչյուր բնակչի, քանի որ կարգավորում է քաղաքացիների եւ վարչական մարմինների հարաբերությունները: Ավելին, կառավարության հաստատած այս փաստաթուղթը նախարարը համարեց հակակոռուպցիոն ծրագրերի հիմնական մեխերից մեկըՙ առաջարկելով լրագրողներին դա առավել հանգամանորեն ուսումնասիրել եւ ներկայացնել հասարակությանը:

Օրենքը, որ ուժի մեջ պետք է մտնի տարեվերջին, սահմանում է, թե ի՞նչ է նշանակում վարչական վարույթ, ինչպես է այն սկսվում, քաղաքացին ինչպես պետք է պաշտպանի իր իրավունքները եւ այլն: Դավիթ Հարությունյանն անդրադարձավ օրենքի առանձին դրույթներին: Մասնավորապես նա հայտնեց, որ ձեւական խախտումների դեպքում, եթե քաղաքացուն վերաբերող գործի բովանդակությունն անփոփոխ է մնացել, ապա այն չի կարող կրկին վերադարձվել քաղաքացուն, պարտադրելով նորից անցնել նույն վարչական շրջապտույտը:

Հաջորդը, նվազեցվելու են հայեցողական լիազորությունները, վարչական մարմիններին արգելվելու է անհավասար մոտեցում ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Այսինքն, եթե որեւէ մեկն ինչ-որ հարցի առնչությամբ դիմել է վարչական մարմնին եւ դրական պատասխան ստացել, ապա վարչական մարմինն իրավունք չունի մերժելու նույն վիճակում գտնվող նույն հարցով դիմած մեկ այլ քաղաքացուն: Նախարարը որպես օրինակ բերեց հողահատկացման դեպքերը, երբ մարդիկ կանխավ գիտեն, որ նման խնդրանքով դիմելու դեպքում մերժվելու են, այդ պատճառով փնտրում են այլ ուղիներ:

Կամ «մեռած օրենսդրությունը» որեւէ մեկի նկատմամբ կիրառելու դեպքում վարչական մարմինը այն պետք է կիրառի նաեւ մյուսների նկատմամբ: Այսինքն պետք է ապացուցի, որ իր կատարած քայլը քաղաքականության փոփոխությանն է վերաբերում: Մասնավոր օրինակ բերելով, նախարարը նշեց, որ եթե արգելված կայանատեղում մշտապես ավտոմեքենաներ են կանգնած, եւ վարչական մարմինը հանկարծ տուգանում է նրանցից որեւէ մեկին, ապա նա նույն մոտեցումը պետք է կիրառի նաեւ մյուսների նկատմամբ: Հակառակ դեպքում քաղաքացին կարող է կամ վարչական կարգով ապօրինի համարել նրա որոշումը, դիմելով տվյալ պաշտոնյայի վերադասին, կամ դա պետք է կատարի դատական կարգով: Եթե համաժամանակյա դիմում է կատարվում երկու ուղղությամբ, ապա վարչական կարգով պաշտպանությունը դադարեցվում է եւ սկսում է գործել դատական պաշտպանությունը:

«Ազգի» հարցին, թե «օրենքը նախատեսո՞ւմ է, որ բացի որոշումն ապօրինի ճանաչելուց, պատասխանատվություն կիրառվի այն կայացրած վարչական մարմնի նկատմամբ», Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ պատասխանատվությունը կրում է պետությունը: Պետությունը փորձելու է իր կամ քաղաքացու կրած վնասը գանձել խախտումը թույլ տված պաշտոնյայից:

Մի խոսքով, այս օրենքը կարծես թե հնարավորություն է ստեղծում որոշակիորեն սահմանափակելու չինովնիկական կամայականությունները, բայց ժամանակից շուտ ոգեւորվելու կարիք, կարծում ենք, չկա: Չմոռանանք, որ մեր պաշտոնյաները անմիջապես գտնում են անգամ ամենալավ մշակված օրենքը հօգուտ իրենց վնասազերծելու եւ սեփական շահից չզրկվելու ճանապարհները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4