«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2004-07-30 | #142, 2004-07-31 | #143, 2004-08-20


ՀԵՆՐԻԿ ԼԻԼՈՅԱՆ. ՎԱՌ, ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿ

Ուղիղ 5 տարի առաջ կյանքից հեռացավ հայտնի լրագրող, պատմաբան, դիվանագետ ու պետական գործիչ Հենրիկ Լիլոյանը: Այդ մարդը, որի կյանքն ու գործունեությունը բաժին ընկան երկու հասարակարգերի խզվածքին, ավաղ, այդպես էլ ըստ արժանվույն չգնահատվեց, պատշաճ ձեւով չօգտագործվեց հօգուտ մեր երկրի շահերի:

Հ. Լիլոյանն ապրեց ընդամենը 67 տարի: Նրա կենսագրության սկիզբը կապված է 50-ական թթ. խրուշչովյան ձնհալի հետ. Կարմիր բանակի սպայի զավակը բարձրագույն կրթություն է ստանում Երեւանի պետական համալսարանում եւ որպես աշխատանքային ուղի ընտրում լրագրությունը: Եղել է հանրապետական «Կոմունիստ» ռուսալեզու պաշտոնաթերթի սեփական թղթակիցը Սեւանի ավազանում (Կամոյի, Մարտունու եւ Վարդենիսի շրջաններ), Հայաստանում «Մեդիցինսկի ռաբոտնիկ» («Բուժաշխատող») թերթի սեփական թղթակից, կրկին «Կոմունիստի» խմբագրություն:

1963 թ. նրան աշխատանքի են հրավիրում ՀԿԿ կենտկոմ, ուր մասնավորապես եղել է կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի օգնականը: 1967 թ. ավարտելով ԽՄԿԿ կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան, Հ. Լիլոյանն իր թեկնածուական թեզը նվիրում է անցյալ դարասկզբի հայ մամուլի պատմությանը: Հետագա տարիներին նա աշխատում է ՀԿԿ կենտկոմի արտասահմանյան կապերի նորաստեղծ բաժնի վարիչի տեղակալՙ համակարգելով հանրապետության միջազգային գործունեության ասպարեզը:

1970-75 թթ. թերեւս Հ. Լիլոյանի կենսագրության ամենափայլուն էջերն են: Այդ տարիներին նա եղել է Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար եւ այդ պաշտոնում, ի թիվս այլ պարտականությունների, զբաղվել մեր հանրապետության եւ ֆրանսահայ համայնքի կապերով: Այդ ժամանակաշրջանի նրա աչքի ընկնող գործերից են «Հայ արվեստն Ուրարտուից մինչեւ մեր օրերը» ցուցահանդեսը փարիզյան Լուվրում, այդ աշխարհահռչակ թանգարանում հայկական խաչքար ցուցադրելու նպատակով բանակցությունները, ազգօգուտ այլ նախաձեռնություններ:

Հ. Լիլոյանի անժխտելի ծառայություններից են հայ մշակույթի մի շարք մեծերի փաստաթղթերի ու ստեղծագործությունների վերադարձը Հայաստանի թանգարաններ, Մատենադարան, արխիվներ: Ֆրանսահայերը նրան վստահում էին արժեքավոր փաստաթղթեր, արվեստի եզակի նմուշներ, որոնք Հ. Լիլոյանի ձեռամբ ապահով հասցվեցին մայր հայրենիք եւ հանգրվանեցին թանգարաններում:

1982-89 թթ. Հենրիկ Լիլոյանը ղեկավարել է Հայաստանի արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչությունը («Ինտուրիստը») Հայկական ԽՍՀ կառավարության անդամի կարգավիճակով: Այդ տարիներին ավարտին հասցվեց «Արմենիա» հյուրանոցի երկրորդ մասնաշենքի շինարարությունը, վեր խոյացավ երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքը (հաշվի առնելով մշակութային հաստատություններ կառուցելու արգելքը, թատրոնը կառուցվում էր «Ինտուրիստի» կոնֆերանս-դահլիճ անվանումով), արտասահմանյան տուրիզմը զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը իբրեւ հանրապետության ժողովրդական տնտեսության հզոր ճյուղ:

1989 թ., երբ «Ինտուրիստի» վարչությունները միութենական հանրապետություններում լուծարվեցին (դա արվեց նաեւ Հայաստանում), Հ. Լիլոյանը նշանակվեց Հանրային գրադարանի տնօրեն: Նրա նախաձեռնությամբ հաստատությունը վերանվանվեց Ազգային գրադարան: Հետագայում Հ. Լիլոյանն աշխատանքի անցավ ՀՀ ԱԳՆ-ում, իբրեւ պատմադիվանագիտական բաժնի հիմնադիր-վարիչՙ ստանձնելով նաեւ ԱԳՆ «Դիվանագիտական բանբերի» խմբագրումն ու լույսընծայումը: Այդ ամենը, սակայն, երկար չտեւեց: Փորձառու դիվանագետին տեղափոխեցին այլ, աննշան գործիՙ սեղան տրամադրելով ԱԳՆ գրադարանի անհրապույր ու ցուրտ անկյունում: ՀՀՇ-ական իշխանությունը չցանկացավ օգտվել նրա հարուստ կենսափորձից ու գիտելիքներից, եւ առաջացած տարիքի պատրվակով Հ. Լիլոյանը դուրս նետվեց ԱԳՆ-ից:

Մի քանի տարի դիվանագիտության պատմություն է դասավանդել «Հրաչյա Աճառյան» համալսարանում:

Իր վարած բոլոր պաշտոններում Հ. Լիլոյանը մնացել է լրագրող, հրապարակախոս: 7 տարի շարունակ թղթակցել է «Ազգին», գրել է տարաբնույթ նյութեր միջազգային դրությունից, մեկնաբանություններ, հուշագրություններ: Կյանքի հետաքրքրագույն պահերն ու հանդիպումները տեղ են գտել նրա հուշերում, նոթագրություններում, ճամփորդական պատմվածքներում: ԽՍՀՄ ԱԳՆ արխիվում նրան հաջողվել էր գտնել, իսկ հետագայումՙ հրապարակել մի շարք հետաքրքրական պատմական փաստաթղթերՙ կապված 1921 թ. մոսկովյան տխրահռչակ պայմանագրի հետ:

Հ. Լիլոյանի գրչին է պատկանում առաջին հայերեն հետազոտությունը խորհրդային դիվանագետ Լեւ Կարախանի (Լեւոն Կարախանյան) կյանքի ու գործունեության մասին: «Վերածնված Հայաստանի մշակույթը» գիրքը թարգմանվել է ուկրաիներեն եւ լույս տեսել Կիեւում: Նրա արագահաս հիվանդությունն ու մահը անավարտ թողեցին «Դիվանագիտական բառարանը»ՙ առաջինը հայ իրականության մեջ:

Անցյալ տարի, կարծես սրբագրելով նախկին իշխանությունների սխալը, Հայաստանի արտգործնախարարի միջնորդությամբ Երեւանում տեղադրվեց Հ. Լիլոյանի հուշատախտակը: Հայ-ռուսական պետական համալսարանը պատրաստվում է հրատարակել նրա հոդվածների ժողովածուն:

Տիկնոջ ու համախոհիՙ կենսաքիմիկոս Սեդա Դանիելյան-Լիլոյանի վաղաժամ մահը սրեց նրա հիվանդությունը եւ արագացրեց վախճանը...

Այսօր մեզ մնում է Հենրիկ Ցոլակի Լիլոյանի լուսավոր կերպարը, բարի գործերն ու վառ հիշատակը: Ճանաչողները չեն մոռանում նրա առկայծող հումորը, անսահման բարությունն ու զուսպ հայրենասիրությունը:

«ԱԶԳ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4