Հայրենաբնակ եւ սփյուռքահայ յուրաքանչյուր սերունդ պետք է իր համար նորովի բացահայտի իր արմատների, ազգային ինքնության ու մեկ միասնական մշակույթի խորությունն ու հարստությունը, հայ մշակույթը միավորող դերի պահպանման կարեւորությունը: Ահա սա է հիմք հանդիսացել ՀՀ մշակույթի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի եւ ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպված առաջին համահայկական մշակութային «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը, որը սկսվեց օգոստոսի 14-ին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 24-ը:
Փառատոնի բոլոր մասնակիցներին իր ողջույնն է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանըՙ նշելով, որ «փառատոնը կոչված է դառնալու աշխարհասփյուռ հայության հոգեւոր համախմբման մի նոր ազդակ»: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական սիրով ողջունել եւ օրհնությունն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսըՙ նշելով, որ «փառատոնը կոչված է հայ հոգու կենդանության դրսեւորումը լինելու, մեր պատմությունը հիշող, մեր ներկայով ու միացյալ լուսավոր գալիքով ապրող հավատավոր հոգու դրսեւորումը: Մենք հավատում ենք, որ փառատոնն իր նպաստը կբերի մեր մշակութային կյանքի զորացմանը եւ կբացահայտի նաեւ մեր ժողովրդի շնորհալի ու տաղանդավոր շատ զավակների»: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ «փառատոնը մի գեղեցիկ կամարի տակ է հավաքում հայ խմբերգն ու ասմունքը, հայ թատրոնն ու պարը, հայ երգն ու պատկերահանդեսը, որ ձեռակերտվում են աշխարհի տարբեր երկրներում, բայց հավերժորեն մնում են մաշտոցաշունչ ու հայկաբարբառ»:
Փառատոնին մասնակցում են 22 երկրներից ժամանած 30 կոլեկտիվներՙ թվով 1500 հայեր: Փառատոնի ծրագրում ընդգրկված են մշակույթի բոլոր բնագավառները եւ հանրապետության ողջ տարածքում տասը օրերի ընթացքում ջերմ մթնոլորտ է թեածումՙ համախմբելով մշակույթի բոլոր նվիրյալներին:
«Ազգի» ընթերցողներին փորձեմ ներկայացնել փառատոնի անցած օրերի մասին մասնակի, իսկ հաջորդիվ մանրամասն, քանի որ նոր ենք վերադարձել արձակուրդից: Օգոստոսի 15-ի առավոտյան փառատոնի մասնակիցները Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա գտնվեցին Սուրբ Մարիամ Աստվածածնի եւ Խաղողօրհնեքի կրոնական ծիսակատարությանը, ստացան Վեհափառ հայրապետի օրհնանքն ու բարեմաղթանքները: Իսկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ փառատոնի հանդիսավոր բացումը, որին հատուկ շքերթով Թատերական հրապարակից դահլիճ մտան մասնակից երկրներից ժամանած պատվիրակները (ցավալի էր, որ նրանցից շատերի համար դահլիճում տեղ չգտնվեց): Փառատոնը բացելու պատիվը տրվեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որն էլ ողջունելով ու կարեւորելով ձեռնարկը, նշեց, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը պատմական նշանակություն ունի: Աշխարհի տարբեր ծայրերից համախմբվել են հայերը եւ այս փառատոնի միջոցով ներկայացնում են մեր դարավոր մշակույթն ու այն դառնալու է յուրահատուկ մի տոնահանդես...»: Այնուհետեւ հնչեց ՀՀ օրհներգը եւ բացվեց փառատոնի վարագույրն ու բեմում իրար հաջորդեցին հանրապետության ճանաչված ու նշանավոր անհատներ, պարային կոլեկտիվներ, բեմադրված բալետային կատարումներ: Ընդհանուր առմամբ համերգը հաջողված էրՙ չհաշված մի քանի թույլ եւ ավելորդ համարները: Իհարկե, հանդիսության շարունակությունը տեղափոխվեց անմիջապես Թատերական հրապարակ, որտեղ էլ ելույթ ունեցան բազմաթիվ համույթներ, պարային կոլեկտիվներ եւ անհատ երգիչներ:
Մինչեւ ուշ գիշեր իսկական տոն էր, ցնծություն ու զվարճանք, որ վայելեցին ներկաներն ու կամաց-կամաց ցրվեցին շքեղ ու յուրօրինակ հրավառությունից հետո: Շատերը կցանկանային դեռ երկար մնալ, զբոսնել ու նոր ծանոթություններ հաստատել, սակայն մտահոգված էին, որ այս անգամ էլ քաղաքապետարանը չի հոգացել հասարակական տրանսպորտի ժամերը երկարացնելու մասին: Ինչեւէ, ով ինչպես կարողացավ տուն հասավ:
Փառատոնի յուրաքանչյուր օր կրում է իր խորագիրը եւ օգոստոսի 16-ը «Իմ Հայաստանին» էր նվիրված: Վաղ առավոտյան մասնակիցները, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի, փոխնախարար Կարինե Խոդիկյանի, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանի գլխավորությամբ, փառատոնի խորհրդանիշը ներկայացնող Նարեի եւ Նարեկի ուղեկցությամբ ծաղկեպսակներով ու ծաղիկներով այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք եւ մեկ րոպե լռությամբ անմար կրակի մոտ հարգեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, այցելեցին թանգարան հուշահամալիր եւ հավերժության պուրակում տնկեցին մեկ մշտադալար եղեւնիՙ փառատոնի մասնակիցների անունից:
Օրը հագեցած էր մարզեր այցելությամբ: 8-10 կոլեկտիվ այդ օրը եղավ Տավուշի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Տավուշի մարզի Դիլիջանի մշակույթի պալատի մոտ հյուրերին սպասելուց հոգնած, առանց նրանց սկսել էին բացօթյա համերգը տեղի մշակութային խմբերը եւ տեղավորվել դահլիճում: Իսկ այդ ժամանակ ավտոբուսների շարասյունը մեկ ժամից ավելի Սեւանի մայրուղու վրա կանգնել եւ սպասում էր մի քանի մասնակիցների, որոնց կազմակերպիչները, չգիտես ինչու, ժամերը ճիշտ չէին տեղեկացրել: Պատկերացրեք, մայրուղու վրա 300-400 մարդ մեկ ժամից ավելի արեւի տակ ստիպված էր աջ ու ձախ քայլել, իսկ ուղեկցողներն անտեղյակ մեկ սրան էին զանգում, մեկ մյուսին ու ամեն անգամ պատասխանումՙ «հիմա կգան, կգնանք», ահա նման վերաբերմունքի արժանացանք անփորձ եւ կոպիտ ուղեկցողների կողմից: Իսկ երբ տեղ հասանք, նրանցից մեկը շարունակ վազվզում էր ու հարցնում. «Չկա՞ մի ռեժիսոր, որ ծրագիրը հավաքի» ու այդպես էլ ելույթ ունեցող խմբերը Արցախից, Ջավախքից, Վրաստանից, Մոսկվայից, Երեւանից, Իրանից, Նոր Ջուղայից իրարից անկախ նույն երաժշտությամբ էին հանդես գալիս (Արա Գեւորգյան) ու 3-4 ասմունք իրար հետեւից էին հնչում, հոգնեցնում ներկաներին, որոնցից շատերը կես ժամ հետո սկսեցին դահլիճից դուրս գալ եւ նրանց փոխարինելու եկան նորերը, որոնք սպասելուց չէին հոգնել: Ի վերջո, եթե չլիներ «Ջավախք» երգի-պարի ազգագրական համույթի եւ այլոց փայլուն ելույթները, տպավորությունն այլ կլիներ: Մոտ 4,5 ժամ տեւած համերգից հետո մասնակիցները հավաքվեցին Սեւանա լճի ափին, բարեկամության խարույկի մոտ, որտեղ գոնե նկատվեց այն համախմբվածությունն ու խանդավառությունը, որ կազմակերպիչները ջանացել էին իրականացնել: Երգն ու պարը, իրար հաջորդող ելույթներն անջնջելի տպավորություններով ու խանդավառությամբ էր վարակել ներկաներին:
Այդ նույն երեկո Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի բեմահարթակը տրամադրվել էր ԱՄՆ-ից ժամանած «Վանուշ Խանամիրյան» պարային դպրոցի սաներին, որոնք իրենց հիասքանչ պարերով հիացրին ներկաներին, ինչպես նաեւ հայ պարարվեստի անփոխարինելի դեսպան Վանուշ Խանամիրյանին:
Օգոստոսի 17-ը «Հայ երգի օր» էր հայտարարված: Արարատյան թեմի Սբ. Սարգիս եկեղեցում ներկաներն ունկնդրեցին հոգեւոր երաժշտություն, իսկ օպերայի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակը տրամադրվել էր լավագույն երգի «Սայաթ-Նովա» համահայկական մրցանակաբաշխության մրցանակակիրներին, որոնք մեկ անգամ եւս իրենց ելույթներով հավաստիացրին, որ արժանի էին լավագույնի կոչմանը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում էլ ընթանում էր դասական երաժշտության երեկո: Օրը հագեցած էր նաեւ մշակութային այլ միջոցառումներով: Գրեթե միաժամանակ Ազգային պատկերասրահի դահլիճներում բացվեց սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսը, որին մասնակցում էին Հալեպից Արտո Համբարձումյանը, Զավեն Պարտաքճյանը, Վարդգես Պարսամյանը, Վիգեն Շարոյանը, ծաղրանկարիչ Վրեժ Քասունին, Ջորջ Ամբարջյանը, Բեյրութից Ռոզին Վարդուհի Սիսեռյանը եւ գյումրեցի Հրազդան Թոքմաճյանը: Հարեւան սրահում իրենց պատվավոր տեղն էին գտել հայ մանրաքանդակի դպրոցի հիմնադիր Բենիկ Պետրոսյանի 150 հրաշալի աշխատանքները եւ այդ ցուցադրությունը նվիրված էր քանդակագործի ծննդյան 65-ամյակին:
Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարանում միաժամանակ կայացավ «Նախագիծ եւ իրականացում» արտերկրի հայ ճարտարապետների ստեղծագործությունների եւ Արա Գյուլերիի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսների բացումը: Իսկ ՀՀ ժողովրդական արվեստի թանգարանում ներկայացվել էին Իրանի (Նոր Ջուղայի հայ կանանց գթության միության) «Հայկական ձեռագործ» աշխատանքները: Ցուցահանդեսի բացման ընթացքում կայացավ նաեւ «Հայկական տարազներ» գրքի շնորհանդեսը: Թատրոնի սիրահարներին միաժամանակ ներկայացվեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքում Վրաստանի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի Հ. Պարոնյանի «Կսմիթներ» բեմականացումը, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում «Մոնո ներկայացում» Մարի Ռոզ Աբուսեֆյանի կատարմամբ (ԱՄՆ) եւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Լիբանանի ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «Վահրամ Փափազյան» թատերախումբը ներկայացրեց Ջոն Պատրիկի «Խաղաղ մենաստան («Տարօրինակ միսիս Սեւիջ») բեմադրությունները:
Օգոստոսի 18-ը «Հայ գրի եւ գրականության օր» էր հայտարարված եւ փառատոնի մասնակիցները վաղ առավոտյան այցելեցին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան»: Շառլ Ազնավուրի հրապարակում էլ կազմակերպվել էր հայ գրքի բացօթյա ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին Հայաստանում եւ սփյուռքում հրատարակված 50 հրատարակչությունների 1000-ից ավելի գրքեր: Երեկոյան Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում Հայաստանի եւ սփյուռքի գրողների, ասմունքողների եւ արվեստագետների մասնակցությամբ կայացավ հայ պոեզիայի երեկո, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանըՙ «Գողթան քնար» գրական-երաժշտական ծրագիրըՙ Վահրամ Թաթիկյանի, Սալբի Տարագչյանի եւ Հասմիկ Հացագործյանի մասնակցությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահումՙ հայ-արգենտինյան երաժշտության երեկո «Կադանս» կվինտետի կատարմամբ: Ուշ երեկոյան Թատերական հրապարակը կրկին լեփ-լեցուն էր: Տոնում էին «Արձագանք» ռադիոկայանի ստեղծման 7 տարին: Իհարկե, Երեւանի թատերասերները կրկին հնարավորություն ունեցան երեք թատրոններում դիտելու Լիբանանի Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի Գ. Սունդուկյանի «Օսկար Պետրովիչն էն կինքումը», ԱՄՆ-ի «Ֆ. Մկրտչյան» թատրոնի Կ. Խոդիկյանի «Չկրակեք, ես արդեն սպանված եմ» եւ Վրաստանի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի Գ. Խանջյանիՙ «Ավերակների պահակը» բեմադրությունները:
Օգոստոսի 19-ը թատրոնի օր էր հայտարարված, եւ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացավ «Նռան հատիկ-2004» մանկապատանեկան թատերական փառատոնի հանդիսությունը, իսկ Հ. Պարոնյանի թատրոնի 60-ամյակով էլ սկսվեց թատերական հանդիսությունը: Օպերայի դահլիճում տոնական համերգը կեզրափակի «Թատրոնի օրը»:
Նշեմ, որ բոլոր միջոցառումներին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը եւ պաշտոնատար այլ անձինք, փառատոնի խորհրդանշական հագուստներով երիտասարդները: Վերջիններս այդքան էլ չեն կարեւորում իրենց կրած հագուստը եւ հատուկ հարգանք ու վերաբերմունք չեն ցուցաբերում իրենց հանձնարարված շատ կարեւոր ու պատասխանատու գործին:
Փառատոնը կարծես թե կայանում էՙ չհաշված բազմաթիվ թերությունները, որոնք նվազելու փոխարեն օրեցօր շատանում են:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ