«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2004-07-30 | #142, 2004-07-31 | #143, 2004-08-20


ՀԱՅԵՐԸ «ՀԵՏՎԱՐԴՅԱ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Վան Բայբուրթյանն ասում է, որ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու իշխանության գալով վերացվել է հակահայ մթնոլորտը, որ տիրում էր 2003 թ., հատկապես խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Նա ասում է, որ հայության մեջ հույս է առաջացել վաղվա օրվա նկատմամբ:

Հարեւան հանրապետությունում, ըստ վերջին մարդահամարի տվյալների, հայության թիվը մոտ 250 հազար է կամ երկրի ամբողջ բնակչության 6 տոկոսը: Այս թվի մեջ չեն մտնում աբխազահայերը, որոնց թիվը մոտ 80 հազար է: Ընդհանուր առմամբ վիրահայությունը ողջունեց Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը եւ 2004 թ. նախագահական ընտրություններում գերազանցապես քվեարկեց «վարդյա» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլու օգտին:

Ի՞նչ է փոխվել անցնող 6 ամիսների ընթացքում Վրաստանում, ի՞նչ ակնկալիքներ ունեն մեր հայրենակիցները: Նախ եւ առաջ պետք է նկատել, որ Վրաստանում այն ցնծությունը, որ ձեւավորվել էր նոյեմբերյան հեղափոխությունից հետո, կամաց-կամաց իր տեղը զիջում է սթափ մտածողությանը: Ակնհայտորեն վրացական վարդերը թառամում են: Արդեն իսկ ժողովրդի մի հատվածը սկսել է դժգոհել Վրաստանի նոր իշխանություններից: Օրինակ, երբ Վրաստանի նախագահի նստավայրում տեղի էր ունենում Հայաստանի վարչապետի հանդիպումը Միխայիլ Սաակաշվիլու հետ, մոտ 100 մարդ ցույց էր կազմակերպել եւ «հրեա-մասոնական դրածոներ» Սաակաշվիլուց, Ժվանիայից եւ մյուսներից պահանջում էր բանտից ազատել իրենց կրոնական առաջնորդ Բասիլ Մկալավիշվիլուն, որը հայտնի է կրոնական փոքրամասնությունների հանդեպ իր ոտնձգություններով:

Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան բանաստեղծուհի է, գրում է ռուսերեն, բայց մտածողությամբ, ինչպես ինքն է պնդում, հայ բանաստեղծ է: Նա բնակվում է հայտնի նավթարդյունահանող եւ մեծ բարերար Ավետիք Ղուկասյանի կառուցած տանը, դրանով շատ է հպարտանում, քանի որ ժամանակին այդ տանն է հյուրընկալվել Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը: Շեւարդնաձեի իշխանության տարիներին Մարինան 2 գիրք է հրատարակել, շուտով լույս կտեսնի 3-րդը:

«Ներկա պահին ես չեմ կարող ոչինչ ասել, թե ինչ է փոխվել հայության համար Սաակաշվիլու իշխանության գալով: Ընդամենը մի քանի ամիս է նա նախագահ, բայց մինչ այժմ զգալի փոփոխություններ չենք տեսնում: Բայց ես հուսով եմ, որ թիֆլիսահայերի վիճակը կբարելավվի», ասում է նա:

Սփյուռքի մեր գաղթօջախների մեջ վիրահայերն առանձնանում են մի շարք առումներով: Առաջին հերթին վիրահայերը շատ վատ են ապրում: Ամբողջ Վրաստանի տարածքում չկա որեւէ մեծահարուստ հայ, ինչն ինքնին տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ հայերը դրսում փող աշխատելու, հարստանալու ունակություններ ունեն:

Վիրահայությունն, անշուշտ, հուսով է, որ Սաակաշվիլու իշխանության գալով իրենց կյանքը կփոխվի: Սակայն Յուրի Մկրտումյանցը, որն իր թեկնածությունն առաջադրեց 2004 թ. նախագահական ընտրություններում, ընտրություններից առաջ հանեց. կարծում է, որ հայությանը բոլորովին էլ վարդյա ապագա չի սպասում: Մկրտումյանցն ասում է, որ Սաակաշվիլին Աթաթուրքի կրկնօրինակն է Վրաստանում: Հակառակըՙ նա մտահոգություններ ունի, որ նոր իշխանությունների օրոք Վրաստանում ազգայնականությունը տեղի չի տա:

Մասնավորապես նա հիշեց երկու դեպք: Վերջերս «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ստեղծագործական խումբը ժամանել է Սանահին, նկարահանումներ կատարել եւ վրաց լսարանին հորդորել, թե ժամանակն է, որ հավատացյալները մեկնեն եւ աղոթեն նախկին վրացական սրբավայրերում: Վրաց ազգայնական որոշ շրջանակներ ոչ միայն Սանահինը, այլեւ Լոռին ամբողջությամբ, մինչեւ Սեւանի ափերը համարում են բուն վրացական տարածքներ:

Եթե «Ռուսթավի-2»-ն ամենամեծ լսարանն ունի հեռուստաընկերությունների մեջ, ապա «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթն ունի ամենամեծ տպաքանակը վրացական մամուլում: Մայիսյան համարներից մեկում, ասում է Մկրտումյանցը, թերթը 2 էջի վրա տպագրեց պատմական Վրաստանի քարտեզը, որտեղ ներկա Հայաստանի տարածքը ոչ միայն ամբողջությամբ նշվում էր վրացական, այդ տարածքների վրա չէր նշված Հայաստան անունը:

Խնգյանոս Բազայանը Հավլաբարի հին բնակիչներից է: Նա ասում է, որ այսօրվա Վրաստանում իշխում են շովինիստներն ու ֆաշիստները: Ճիշտ է, գործում են գաղտնի, «վրաց ժողովրդին թունավորում մեր ազգի դեմ»: «Բանվոր մարդը գնում է աշխատանք խնդրելու, հարցնում են նրա ազգային պատկանելությունը եւ դեմ ու դեմ ասում, որ մենք հայերին չենք ընդունում», բողոքում է Բազայանը, բայց ավելացնում. «Մի փոքր հույս ունեմ, որովհետեւ Սաակաշվիլին ավելի իրատեսական է խոսում»: Նա ցավով պատմում է, որ հայերին Վրաստանում ավելորդ են համարում, մինչդեռ Թիֆլիսի համար հայությունը շատ բան է արել:

Խաչատուր Գեւորգյանը հին Թիֆլիսի բնակիչներից է: Նրան ճանաչում են որպես մանկավարժի ու մանրակերտողի: «Ոչ մի բան չի փոխվել, Շեւարդնաձեի ժամանակ ինչ որ կար, նույնը շարունակվում է: Խոստանում էին, որ հեռուստատեսությամբ հայերի համար հաղորդումներ կհեռարձակվեն: Չի աշխատում նաեւ հայկական ռադիոն», ասում է Գեւորգյանը:

Կյանքի 80-րդ տասնամյակ մտած այս մարդը հիշեց Նիկոլայ ցարի ժամանակները, երբ, իր խոսքերով, հայությունն իշխում էր Թիֆլիսում: «Հետզհետե հայությունն այստեղ մարում է եւ մարելու է: Շատ բան կարելի է ասել, բայց լեզուներս կարճ ենք պահում, քանի որ ապրում ենք այստեղ, այս ավազ-հողի վրա», ասում է նա եւ ցավով նկատում, որ «հայոց պատմությունը ջնջվելու է Թիֆլիսից»:

Վրացական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնի վարիչ Սուսաննա Խաչատրյանը համոզված է, որ նոր իշխանությունների գալով վիրահայության շրջանում հույս է առաջացել: «Այսօր արդեն հույս կա, որ այս հողի վրա մենք կարող ենք հայ մնալ եւ ամենակարեւորըՙ պահպանել մեր մշակութային օջախները, կոթողները, հայկական ոգին», ասում է նա:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4