Այդ մասին է վկայում Ազգային անվտանգության խորհրդի կազմի վերանայումը
Թուրքիայի քաղաքական կյանքում անվիճելի էր բանակի դերը: Նա ինքնակամ ստանձնելով աշխարհիկ եւ հանրապետական կարգերի երաշխավորի դերը երկրում, միաժամանակ վերահսկում էր օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործունեությունը: Վերահսկողության միջոց էր դարձել Ազգային անվտանգության խորհուրդը, որտեղ զինվորական իշխանությունների ներկայացուցիչները թվով գերակշռում էին քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչներից:
Այլ կերպՙ երկրի նախագահի գլխավորած խորհրդի կազմում վարչապետի, փոխվարչապետի, արտաքին եւ ներքին գործերի նախարարների դիմաց ընդգրկված էին թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի, ինչպես նաեւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարները: Ընդ որում, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը կատարում էր Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պարտականությունը:
Ակնհայտ է, որ տվյալ խորհրդում զինվորականների գերակայության պայմաններում նրա այսպես կոչված խորհրդատվական բնույթի առաջարկները Թուրքիայի ազգային մեծ ժողովի եւ թուրքական կառավարության համար հրահանգի բնույթ էին ստանում: Երկրի համար կենսական բոլոր խնդիրները նախապես խորհուրդն էր քննարկում, նա էլ լուծումներ էր առաջադրում այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը, կիպրական հիմնահարցը, քրդական հարցը, ներառյալ Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը:
Թեեւ Թուրքիայում միանձնյա իշխանության եկած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության դիրքորոշումը վերոհիշյալ ազգային խնդիրներում փաստացի մնաց անփոփոխ, այդ խնդիրների լուծման նրա պատրաստակամությունն ու դրան Եվրոմիության արձագանքն անհրաժեշտ դարձրեց երկրի քաղաքական կյանքում Ազգային անվտանգության խորհրդի դերի նվազեցումը: Սրվեցին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի տարաձայնությունները: Դրան նոր թափ հաղորդեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների ժամկետի նշանակման համար որպես նախապայման խորհրդի գործունեության լուծարման առաջադրումը կառավարությանը:
ԵՄ-ի ճնշումներն ու տարաձայնությունների սրումը թեեւ չհանգեցրին Ազգային անվտանգության խորհրդի լուծարմանը, բայց եւ այնպես նախադրյալներ ստեղծեցին, որպեսզի վերանայվի դրա կազմը: Վերանայման շրջանակում նախՙ խորհուրդն ընդլայնվեց հօգուտ քաղաքացիական իշխանությունների, նրա կազմում ընդգրկվեցին եւս երկու նախարարներ, ապա խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի փոխարեն հանձնարարվեց դիվանագետի:
Խոսքը տվյալ դեպքում Հունաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Յիղիթ Ալփոգանին է վերաբերում: Օգոստոսի 19-ի համարում տեղեկացնելով այդ մասին, «Վաքիթ» թերթը նշում է, որ Ալփոգանի նշանակումը հաստատել է նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: Այսպիսով, նա լինելով քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչ, դարձավ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը:
Հօգուտ քաղաքացիական իշխանությունների Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնումը ենթադրում է նրա կազմում զինվորական իշխանությունների դիրքերի թուլացում: Քանի որ բանակը երկրում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործունեությունը վերահսկում է խորհրդի միջոցով, ուստի նրա կազմում զինվորականության դիրքերի թուլացումն ինքնաբերաբար կհանգեցնի վերահսկողության թուլացմանը: Դա միաժամանակ կընդլայնի բանակից անկախ գործելու Էրդողանի կառավարության հնարավորությունը: Ազգային խնդիրներում նախաձեռնությունը ինքնաբերաբար կանցնի գործադիր իշխանություններին: Այսպիսով, վերջիններս այդ խնդիրների կարգավորման առնչությամբ պատրաստակամություն հայտնելու դեպքում այլեւս չեն կարող թաքնվել բանակի թիկունքում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ