ԹԲԻԼԻՍԻ, 19 ՕԳՈՍՏՈՍ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի 6 զինծառայող է զոհվել եւ յոթը վիրավորվել անցած գիշեր վրաց-օսական հակամարտության գոտում տեղի ունեցած գնդակոծումների հետեւանքով: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունում: Վրացական ռազմական գերատեսչության տվյալներով, «Ինտենսիվ գնդակոծման են ենթարկվել Ցխինվալից ոչ հեռու գտնվող Էրեդվի եւ Վանաթի վրացաբնակ գյուղերը, ինչպես նաեւ Ցխինվալը շրջանցող ճանապարհը, որը միացնում է Մեծ եւ Փոքր Լիախվայի վրացական գյուղերը»: Այս բնակավայրերում ավերվել են մի քանի տներ:
Մյուս կողմից, երեկ կայացած մամլո ասուլիսում Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե Հայաստանը մտահոգված է հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով եւ ցավում է զոհերի համար: Նա հույս հայտնեց, որ կողմերին այնուամենայնիվ կհաջողվի խնդիրը լուծել բանակցությունների սեղանի շուրջ: