«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային առաջին փառատոնի օրերին ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահը տրամադրվել էր ժամանակակից արվեստի խոշորագույն դեմքերից մեկիՙ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի (Տերտերյան) աշխատանքների ցուցադրությանը: Ցուցահանդեսի բացման առիթով ջերմ ու երախտագիտական խոսքեր ասվեցին լուսանկարչի հասցեին, որը սիրահոժար տրամադրել էր իր 60 աշխատանքները, որոնք պատկերում են վերջին 15-20 տարիների ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում ժապավենին պահ տված բազմազան սյուժետային լուսանկարներ, բնանկարներ, դիմանկարներ եւ, իհարկե, «Հայաստան», «Թուրքիա» շարքերը: Լուսանկարիչը չէր կարողացել գալ իր առաջին ցուցահանդեսի բացմանը մայր հայրենիքում, սակայն նա խոստացել է այդ ողջ հավաքածուն նվիրել Հայաստանին, եթե իր անվան թանգարան բացվի:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները, գրականությունը, հոդվածները եւ մյուս բոլոր նյութերն այսուհետ համարվում են Արա Գյուլերի երեւանյան հավաքածուն: Լուսանկարչի անվան թանգարանով Հայաստանում կծավալվեն լուսանկարչական արվեստի լավագույն ավանդույթները եւ այն կդառնա արտերկրի հայ լուսանկարիչների հավաքատեղին, թանգարան-արխիվ, ուր մեկտեղ կհավաքվեն Հայաստանի եւ աշխարհի բնությունը, պատմությունը, աշխարհի պետությունների եւ ժողովուրդների անցուդարձերը ներկայացնող հազարավոր արժեքավոր նյութեր:
Արա Գյուլերը (Տերտերյան) արդի համաշխարհային լուսանկարչական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկն է: Նա ծնվել է 1928 թ. Ստամբուլում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի հայկական Մխիթարյան կրթարանում, այնուհետեւ ընդունվել է լիցեյ ու միաժամանակ հաճախել Մուհսին Էրթուղբուլի թատերական դասընթացները, որտեղից էլ ձեռք բերած գիտելիքները եւ հմտությունը օգնել են հետագայում ինը թատերախաղեր գրելուն: 1950 թ. Արա Գյուլերի անունն առաջին անգամ երեւում է թուրքական մամուլում, որպես տաղանդավոր ու բանիմաց լրագրող: Նա նաեւ այդ տարիներին թղթակցել է արտասահմանյան մի շարք ամսագրերի եւ թերթերի («Time», «Stern», «Paris Match», «Sunday Times»: 1960 թ. աշխարհում առաջին անգամ Արա Գյուլերը լուսանկարում է «Նոյյան տապանը», իսկ 1961-ին անգլիական «Լուսանկարչական տարեգրքի» ամենամյա ամսագիրը նրան շնորհում է աշխարհի լավագույն յոթ լուսանկարիչներից մեկի տիտղոսը եւ ընտրում է միակ անդամը Թուրքիայից: 1962 թ. Արա Գյուլերը պարգեւատրվում է գերմանական «Master Leica» պատվավոր տիտղոսով, իսկ շվեյցարական «Gamera» պարբերականը թողարկում է նրա աշխատանքներին նվիրված հատուկ համար: Լուսանկարչի խցիկի տեսադաշտում են հայտնվել «Aphrodisias» հնավայրը, Նեմրութ լեռան, այսօր արդեն շատ նշանավոր հայկական թագավորական պանթեոնի արձանները եւ շատ հայ արվեստագետների լուսանկարներ: Արա Գյուլերը լուսանկարելու նպատակով հանդիպում է շատ հռչակավոր անձանց հետՙ սկսած Բերտրանդ Ռասսելից մինչեւ Ուինսթոն Չերչիլ, Առնոլդ Թոինբիից մինչեւ Պիկասսո, Սալվադոր Դալի, Սարոյան, Փարաջանով եւ շատ ուրիշներ... Լուսանկարիչը ունի մի քանի հրատարակած գրքեր, որտեղ զետեղվել են լավագույն լուսանկարները: Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքներն իրենց ուրույն տեղն են գտել Փարիզի Ազգային թանգարանում, ԱՄՆ-ում Ռոչեստերի Ջորջ Իսթմեն թանգարանում, Նեբրասկայի համալսարանի «Sheldon» հավաքածուում, Քյոլնի Das lmaginaire լուսանկարչական թանգարանում, ինչպես նաեւ Բոստոնի, Չիկագոյի, Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում եւ Լյուդվիգ թանգարանում (Cologne): Լուսանկարչի աշխատանքները մի պատկառելի եւ ինքնատիպ հավաքածու էլ կենտրոնացված է Կ. Պոլսի նրա հայրական տանը, որը մի քանի տարի առաջ վերածվեց տուն-թանգարանի, իր գործող «Արա Գյուլեր» սրճարանով, որը ծառայում է նաեւ նշանավոր արվեստագետների հավաքատեղի: Մայր հայրենիքում թանգարան ունենալու գաղափարը նույնպես Արա Գյուլինն է, եւ հարկ է, որ այն իրականանա օր առաջ:
Մ. Մ.