«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2004-07-30 | #142, 2004-07-31 | #143, 2004-08-20


ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դալմայի այգիների սեփականատերերն ու Հյուսիսային պողոտայի բնակիչները բողոքի էին դուրս եկել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք համոզված են, որ հողերն ապօրինի են վերցվում իրենցից, իսկ դատարանը հողի օտարման որոշում է կայացնում առանց իրենց իմացության:

Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Պողոսյանը, որը բացատրական աշխատանքներ էր տանում բնակիչների շրջանում, նշեց, որ նախկինում շրջանային գործկոմների հետ կնքած հողօգտագործման պայմանագրերը, որոնք դեռեւս ժամկետի մեջ են, իրավաբանական ուժ ունեն եւ չեն կարող համարվել անվավեր, եթե սեփականատերերը դիմել են կադաստրի տարածքային ստորաբաժանումներ եւ կատարել հողօգտագործման պայմանագրերի պետական գրանցում (Հողային օրենսգրքի 52 հոդված): Իսկ պետական գրանցում չունեցող հողամասերը ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետի տարբեր որոշումներով տրվել են այլ կազմակերպությունների վարձակալական հիմունքներով կամ վաճառվել աճուրդով: Նոր սեփականատերերն իրենց իրավունքները հաստատել են պետական գրանցմամբ:

Է. Պողոսյանի խոսքերով, այն պայմանագրերը, որոնք կնքել են թաղապետարանները, իրավական ուժ չունեն, քանի որ թաղապետն իրավունք չունի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ կնքել վարձակալության պայմանագիր: Ի հակադրություն հավաքվածների բողոքողների, որ աճուրդները կազմակերպվել են առանց իրենց իմացության, Է. Պողոսյանը հավաստեց, որ աճուրդների վերաբերյալ հայտարարությունները տպագրվել են թերթերում` ապահովելով դրանց հրապարակայնությունը: Ի դեպ, հողօգտագործողը եւս կարող էր մասնակցության հայտ ներկայացնել: Բողոքողների փաստարկների դեմ, թե Դալմայի այգիները չեն ապահովվում ոռոգման ջրով, չորանում են եւ դառնում օտարման ենթակա` նա պատասխանեց, որ առավոտյան իր շրջայցի ընթացքում համոզվել է, որ առուները խոնավ են եւ տարածքն ապահովված է ջրով:

Նշենք, որ Դալմայի այգիների 256 հեկտար տարածքը ՀՀ կառավարության որոշմամբ պետք է լինի անտառային գոտի, կանաչ տարածք` չոտնահարելով այդ տարածքում այգեգործական եւ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող քաղաքացիների իրավունքները, իսկ 256 հեկտարից դուրս գտնվող տարածքների սեփականատերերին կտրվի փոխհատուցում, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ, այդ տարածքները ենթակա են վաճառքիՙ հողահատկացման եւ նպատակային օգտագործման:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4