«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է»

Պնդում է հայտնի թուրք դիվանագետ Իլթեր Թուրքմենը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Նախորդ համարում «Ազգը», հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի կազմի վերանայումը, Թուրքիայի քաղաքական կյանքում բանակի դերի թուլացման կարծիք էր հայտնել: Քանի որ բանակը երկրում վերահսկում է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործունեությունը, ուստի խորհրդի կազմի վերանայումը հօգուտ քաղաքացիական գործիչների ինքնաբերաբար հանգեցնելու է վերահսկողության թուլացմանը: Այս պայմաններում ընդլայնվելու է բանակից անկախ գործելու վարչապետ Էրդողանի կառավարության հնարավորությունը, ազգային խնդիրներում, որոնց թվում են Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հիմնահարցը, նախաձեռնությունն անցնելու է գործադիր իշխանություններին, իսկ նրանք այլեւս չեն կարողանալու թաքնվել բանակի թիկունքում:

Թաքնվելու պարագան անուղղակիորեն վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Էրդողանի կառավարության պատրաստակամությանը: Սա նշանակում է, որ Թուրքիայի քաղաքական կյանքում բանակի դերի թուլացումն, այնուամենայնիվ, դրականորեն կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա, հետեւաբար նախընտրելի է: Հատկանշական է, որ «Հյուրիեթի» օգոստոսի 7-ի համարում Իլթեր Թուրքմենն էլ Թուրքիայի համար նախընտրելի է համարում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Նա շարքային հեղինակ չէ: 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումից հետո գլխավորել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, ապա Մոսկվայում ու Փարիզում վարել արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոններ:

Այս ամենն առանձնակի նշանակություն է հաղորդում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման Թուրքմենի տեսակետին, հատկապես այն դեպքում, երբ դա արտահայտվել է «Հյուրիեթի» պես շուրջ 1 մլն տպաքանակ ունեցող թերթում, որը միաժամանակ հրատարակվում է Եվրոպայում ու ԱՄՆ)ում:

Հոդվածի սկզբում Թուրքմենն անդրադառնում է Մ. Նահանգներում առ այսօր չվճարված ապահովագրական տոմսերի դիմաց 20 մլն դոլար փոխհատուցում ստանալու համար «Նյու Յորք լայֆի» դեմ ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդների հարուցած դատական գործին, հարցը հօգուտ հայերի կարգավորելու դատարանի որոշմանըՙ պաշտպանելով մեկ այլ թուրք հեղինակ Էրջումենթ Քըլըչի տեսակետը: Նա միանգամայն հավանական է համարում, որ ամերիկյան ապահովագրական ընկերությունները փոխհատուցումները գանձելու նպատակով պահանջ ներկայացնեն Թուրքիային եւ վերջապես մտահոգությամբ է նշում «փոխհատուցումը ցեղասպանության զոհերի ժառանգորդներին վճարելու» հանգամանքը:

Իլթեր Թուրքմենը չի բացառում, որ ցեղասպանության զոհերի ժառանգորդները, ներառյալ ամերիկահպատակները, ունենալով դրա իրավունքը, դիմեն Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, իսկ շահագրգիռ առանձին պետություններՙ Միջազգային դատարան: Նա հիմք ընդունելով այս դատարանների գործունեության բնույթը, ընդգծում է, որ նրանք հազիվ թե ի վիճակի լինեն պատասխանատվության ենթարկել Թուրքիային, կամ փոխհատուցում եւ հող պահանջել:

Այլ կերպՙ Թուրքմենին ոչ այնքան դատարանի որոշումներն են հուզում, որքան դրանց հետագա քաղաքականացման բացասական հետեւանքները Թուրքիայի համար: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ նա գրում է. «Իհարկե, իրավունքը մի բան է, քաղաքականությունըՙ մեկ այլ: Թերեւս դա է պատճառը, որ ԱՄՆ-ի 34 նահանգներ ցեղասպանությունը ճանաչող որոշումներ ընդունեցին: Նույնը կատարվեց Կանադայի եւ Եվրոպայի մի շարք երկրների խորհրդարաններում, ինչպես նաեւ Եվրոխորհրդարանում: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայկական լոբբիների ամենամյա նախաձեռնությունները մենք առ այսօր կարողացանք չեզոքացնել ԱՄՆ նախագահների ակտիվ միջամտությամբ միայն: Ընտրվելու դեպքում ցեղասպանության բանաձեւերի հարցում այդ նույն վճռականությունը կասկածելի է, որ ցուցաբերի հայերի նկատմամբ ընդգծված համակրանքով հայտնի Ջոն Քերին»:

Այնուհետեւ Իլթեր Թուրքմենն անբավարար է համարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը չեզոքացնելու Թուրքիայի գործունեությունը: Ելնելով դրանից մտահոգություն է հայտնում, որ ԵՄ-ին Թուրքայի անդամակցության բանակցություններն անխուսափելիորեն կնպաստեն հայկական ջանքերի ծավալմանը: Վերջում Թուրքմենը գրում է. «Հակալոբբիստական քայլերի արդյունավետությունը կասկածելի է, որովհետեւ Արեւմուտքում հայերը մեծ հնարավորություններ ունեն: Վերջին շրջանում նրանց է միացել նաեւ շուրջ 2 միլիոնի հասնող Ռուսաստանի հայությունը: Մեզ համար նախընտրելի միակ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չափավոր, բայց դրական քայլերով բացասական գործընթացը դանդաղեցնելն է եւ հարցի լուծումը ձգձգման մեջ որոնելը: Ցավոք, այդ քաղաքականության հետ չեն համակերպվել թուրքական կառավարություններից թերեւս ոչ մեկը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4