«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ

Թվում է, թե միջազգային հանրությունը չի գիտակցում հայերի եւ ադրբեջանցիների (թուրքերի հովանավորությամբ) միջեւ գոյություն ունեցող անվստահության խորությունը: Միջնորդ կողմերը միամտաբար հավատում են, որ հայերի պարտադրված տարածքային զիջումների գնալով, կարելի է լուծել խնդիրը եւ խաղաղություն հաստատել երկու հարեւան երկրների միջեւ: Անցյալ շաբաթ ադրբեջանցի գնդապետ Ռամիզ Մելիքովը չարագուշակ մի հայտարարություն արեցՙ ապացուցելով, որ հայկական կողմի ցանկացած զիջում էլ ավելի է գրգռելու ադրբեջանցիների ախորժակը, ստիպելով նրանց կանգ չառնել մինչեւ Հայաստանի ամբողջական զավթումը: Նրա խոսքերը պետք է ահազանգ դառնան եւ ԵԱՀԿ-ի միջնորդներին համոզեն, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փոխարեն Ադրբեջանն իրականում ծրագրում է ընդարձակել պատերազմը: Ի վերջո, ինչպե՞ս կարող են միջնորդները հակամարտությունը լուծելու կամ սահմանափակելու հույս փայփայել, երբ բարձրաստիճան ադրբեջանցի մի զինվորական հոխորտում է, որ Ադրբեջանը ծրագրում է գրավել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Ըստ Բաքվի «Զերկալոյի», գնդապետ Մելիքովն ասել է. «Մոտակա 25-30 տարիներին Հարավային Կովկասում Հայաստան անունով պետություն չի լինելու: Այդ մարդիկ այնքան վատ բաներ են արել իրենց հարեւաններին, որ իրավունք չունեն ապրելու այս տարածաշրջանում: Այսօրվա Հայաստանը ձեւավորվել է ադրբեջանական պատմական տարածքների վրա: Կարծում եմ, հաջորդ 25-30 տարիներին այդ հողերը դարձյալ կանցնեն Ադրբեջանի հսկողության տակ»: Մելիքովը հոխորտացել է, որ Ադրբեջանն այժմ շատ ավելի ուժեղ է ռազմական առումով, քան 10 տարի առաջ: Նա Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պատերազմ հայտարարել Հայաստանի դեմՙ Ղարաբաղը «ազատագրելու» համար:

Վերջին ամիսներին նախագահ Իլհամ Ալիեւն ու ադրբեջանցի այլ պաշտոնյաներ քանիցս սպառնացել են վերսկսելու ռազմական գործողությունները: Հայկական պաշտոնական շրջանակներն արհամարհել են այդ սպառնալիքներըՙ հավատալով, որ Ադրբեջանը դեռ ի վիճակի չէ ռազմական առումով մրցելու Հայաստանի հետ: Ավելին, հայերի կարծիքով, եթե Ադրբեջանն իրոք նման կարողություն ունենար, անհապաղ կհարձակվեր առանց նախազգուշացման: Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը երբեւէ փորձի նման խելահեղ քայլ անել, նա ավելի շատ տարածք կկորցնի, քան անցյալ անգամ, չխոսելով արդեն բազմամիլիարդանոց նավթարդյունաբերության հնարավոր քայքայման կամ ամբողջական խորտակման մասին:

Զարմանալի է, որ հայկական կառավարությունը պատասխան հայտարարությամբ հանդես չի եկել այդ ռազմատենչ սպառնալիքի առնչությամբ: Ամերիկայի Հայ դատի ազգային կոմիտեն անմիջապես արձագանքել էՙ Սպիտակ տան եւ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամին օրինակներ ուղարկելով գնդապետ Մելիքովի հայտարարությունից, խնդրելով «հրապարակայնորեն հակադարձել Ադրբեջանի կառավարության բացահայտ ատելությամբ լեցուն սպառնալիքներին, որոնք ապակայունացնող բնույթ ունեն»:

Հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունն ավելի լուրջ կվերաբերվի ադրբեջանցի պաշտոնյաների սպառնալիքներին եւ կպահանջի Ադրբեջանի կառավարությունից հետ վերցնել նման ռազմաշունչ հայտարարություններն ու նկատողություն հայտարարել գնդապետ Մելիքովին: Իսկ մինչ այդ Հայաստանը պետք է չմասնակցի որեւէ բանակցությունների: Ինչպե՞ս կարելի է խաղաղության մասին բանակցել, երբ կողմերից մեկը սպառնում է մյուսի գոյությանը:

Ադրբեջանն ի վիճակի չէ սպառնալիքներ տեղալու կամ պայմաններ թելադրելու Հայաստանին: Ղարաբաղը դե ֆակտո վաստակել է իր անկախությունը, եւ մինչեւ Ադրբեջանը չմերժի Մելիքովի անընդունելի հայտարարությունը, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները որեւէ պատճառ չունեն հանդիպելու եւ որեւէ հարց քննարկելու իրենց ադրբեջանցի գործընկերների հետ:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4