«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ «ՀԱՐԱՎ-ՕՍԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ» ԿԱՐՈՂ Է ՎԱՐԱԿԻՉ ԼԻՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Անդրկովկասում առկա երեք էթնիկ հակամարտություններըՙ ղարաբաղյանը, աբխազականը եւ վրաց-օսականը, ունեն մեկ ընդհանուր նմանություն. համընդհանուր հանրաքվեով անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան եւ Հարավային Օսիան միջազգային հանրության կողմից չեն ճանաչվում որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ:

Անհրաժեշտության դեպքում, անշուշտ, հնարավոր է այլ ընդհանրություններ գտնել: Սակայն տարբերությունները շատ ավելի են: Առանձնահատուկ է Հարավային Օսիայի պարագան մարդկային կորուստների, փախստականների թվի եւ մի շարք առումներով: Օրինակ, պատկերացնո՞ւմ եք, ավտոբուսային երթեւեկություն Ստեփանակերտի եւ Բաքվի կամ Սուխումի եւ Թբիլիսիի միջեւ: Իսկ ահա պատերազմից որոշ ժամանակ անց Թբիլիսիի եւ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի միջեւ ստեղծվել է տրանսպորտային կանոնավոր կապ: Որեւէ մեկի համար զարմանալի չէ, որ նույն Ցխինվալի շուկաներում օսերի կողքին առեւտուր են անում վրացիները:

Հարավային Օսիայի փախստականների գերակշիռ մասը, լինեն վրացիներ թե օսեր, 199092 թթ. պատերազմից հետո վերադարձել են մշտական բնակավայրեր: Չճանաչված հանրապետության վրացաբնակ գյուղերի բնակիչները մասնակցում են Վրաստանի նախագահական, խորհրդարանական եւ տեղական ընտրություններին:

Մի խոսքով, ի տարբերություն վրացիների եւ աբխազների, եւ հատկապես հայերի ու ադրբեջանցիների միջեւ առկա թշնամանքի, օսերի ու վրացիների միջեւ ակնհայտ թշնամանքի մասին խոսելն ավելորդ է:

Վերջին ամիսների, հատկապես վերջին օրերի իրադարձությունները վրաց-օսական հակամարտության գոտում կարող են նոր անջրպետ ստեղծել երկու ժողովուրդների միջեւ: Արդեն իսկ Թբիլիսիի իշխանությունները Հարավային Օսիայի վրացաբնակ գյուղերից մոտ 400 խաղաղ բնակիչների, գլխավորապես երեխաների, տեղափոխել են Վրաստանի ավելի անվտանգ վայրեր:

Տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի «վարդյա» առաջնորդը ցանկություն ունի բարեկամություն անել օսերի հետ, բայց միաժամանակ Թբիլիսիի վերահսկողությունը վերականգնել Հարավային Օսիայում: Այսպես, մայիսի 26-ին Վրաստանի առաջին հանրապետությանը նվիրված տոնակատարությունների ընթացքում Միխայիլ Սաակաշվիլին օսերենով դիմեց չճանաչված հանրապետության բնակիչներինՙ նրանց բարեկամության ձեռք մեկնելով: Մյուս կողմից, Վրաստանի նոր իշխանությունները տարբեր առիթներով սպառնալիքներ են հնչեցնում: Այսպես, ներքին գործերի նախարարը երեկ հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում վրացական զորքերը 15 րոպեում կհասնեն Ցխինվալ:

Անշուշտ, Անդրկովկասում առկա էթնիկ հակամարտությունների լուծումը ձեռնտու է հատկապես ուղղակիորեն դրանում ներքաշված կողմերին: Սակայն անչափ կարեւոր է «լուծում» բառի բովանդակությունը: Օրինակ, Հարավային Օսիայի իշխանությունները պնդում են, որ Սաակաշվիլին հետեւում է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային, որի անմիջական մասնակցությամբ սկսվեց զինված հակամարտությունը: Ցխինվալի իշխանությունների այս պնդումը կարելի է որակել քարոզչական քայլ: Սակայն մյուս կողմից Վրաստանի իշխանությունների վերջին շաբաթների հրահրած սադրանքը վրաց-օսական հակամարտության գոտում ենթադրությունների տեղիք է տալիս, թե հնարավորության եւ Արեւմուտքի թույլտվության դեպքում Թբիլիսին պատրաստ է խնդիրը կարգավորել հենց ռազմական ճանապարհով:

Ցխինվալից ոչ հեռու, վրաց-օսական վարչական սահմանին գտնվող Էրգնետի գյուղը, որտեղ տարիներ շարունակ գործում էր առեւտրի մեծածախ շուկան եւ որը վերջերս վերացվեց Սաակաշվիլու կարգադրությամբ, համարվում էր Ռուսաստանից Վրաստան բերվող մաքսանենգ ապրանքների դարպասը: Արդարացված էր Սաակաշվիլուՙ Էրգնետիի մաքսանենգ շուկան փակելու որոշումը, քանի որ այն լուրջ վնաս էր հասցնում Վրաստանի տնտեսությանը: Սակայն արդարացվա՞ծ էին Վրաստանի զինված ուժերի կողմից վերջին շաբաթներին Ցխինվալի եւ այլ օսական բնակավայրերի ռմբահարումները, որոնց հետեւանքով սպանվեցին եւ վիրավորվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ: Եվ արդյոք այս փաստը չի՞ խոսում հարավ-օսական խնդիրը հենց ռազմական ճանապարհով լուծելու Սաակաշվիլու ցանկության մասին:

Երեկ, ի դեպ, Թբիլիսիի իշխանությունների որոշմամբ վրաց-օսական հակամարտության գոտուց դուրս են բերվել մոտ 200 զինվորականներ, որոնք վերջերս էին տեղակայվել Հարավային Օսիայի վրացական գյուղերում, եւ որոնք մաս չեն կազմում չճանաչված հանրապետությունում տեղակայված վրաց-ռուս-օսական եռակողմ խաղաղարար ուժերին: Վերջին օրերին փոխհրաձգության ընթացքում վրացական կողմը տվել է, ըստ տարբեր աղբյուրների, մի քանի տասնյակ զոհեր, եւ Սաակաշվիլու զորքերը դուրս բերելու որոշումը կարելի է համարել պարտության արդյունք:

Թե ինչ զարգացումներ կլինեն վրաց-օսական հակամարտության գոտում, ցույց կտա ժամանակը: Սակայն եթե Վրաստանի «վարդյա» ղեկավարությունը փորձելու է ապագայում եւս ռազմական ճանապարհով լուծում փնտրել, ինչպես արվեց Գամսախուրդիայի օրոք եւ ինչպես թվում է փորձում է անել Սաակաշվիլին, ապա Թբիլիսիի պարտությունը Հարավային Օսիայում արդարացված կլինի, որովհետեւ ռազմական ճանապարհով Թբիլիսիի հնարավոր հաղթանակը կարող է պատճառ դառնալ նորանոր մարդկային զոհերի ու տառապանքների:

Բացի այդ, վատ օրինակը կարող է վարակիչ լինել: Վրաստանը եւ Ադրբեջանը ոչ միայն դաշնակիցներ են, այլեւՙ բախտակիցներ: Թբիլիսիի եւ Բաքվի նախկին իշխանությունների փորձերըՙ ռազմական ճանապարհով լուծել համապատասխանաբար Աբխազիայի ու Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները, ավարտվեցին անհաջողությամբ: Սակայն, եթե Սաակաշվիլուն հաջողվի ռազմական ռեւանշի հասնել Օսիայում, ապա դա կարող է վարակիչ լինել առանց այն էլ ռազմամոլ Իլհամ Ալիեւի համար: Խնդիրն այն չէ, ունա՞կ է արդյոք Ադրբեջանը նոր պատերազմում հաղթելու Ղարաբաղին եւ Հայաստանին: Յուրաքանչյուր պատերազմ առաջին հերթին նշանակում է մարդկային անմեղ զոհեր ու տառապանքներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4