«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Ազգային պատկերասրահում բացվեց սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսը: Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ «ներկայացված նկարները մի առանձնահատուկ հայկական շունչ ու հոգի են արտացոլում, իսկ գույնի զգացումը, ձեւի բովանդակությունը տիպիկ հայկական է»: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը նշեց, որ «այս ցուցահանդեսում մեկտեղված են աշխարհի տարբեր երկրներում ապրող եւ ստեղծագործող գեղանկարիչների ստեղծագործությունները, գեղագիտական մտածելաոճը: Ցուցահանդեսը եկավ հաստատելու այն միտքը, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու ստեղծագործող հայը նայում է միեւնույն լեռան ձյունին, միեւնույն մտայնությամբ եւ իր տեսիլքն է բերում խառնելու այսօրվա մեր հայ գեղանկարչության երազին ու գեղագիտությանը»:
Սիրիահայ իրականության մեջ առհասարակ չկա արվեստի քննադատություն, որի պատճառով էլ կերպարվեստը, մասնավորապես նկարչությունը, զուրկ է մնացել ոչ միայն քննադատությունից, այլ նաեւ հետաքրքրությունից: Ցուցահանդեսում ներկայացված տարբեր ոճերի կտավները ներկայացնում էին հալեպցիները: Արտո Համբարձումյանի տարերքը գույնն է, գույների սուր ըմբռնումն անխզելի կապ է ստեղծում կտավի ու դիտողի միջեւ ու ստիպում է խորհել... Սակայն նկարչի ներաշխարհը մնում է թաքուն իր վրձնի հպումների տակ: Զավեն Պարտաքճյանը սիրիահայ իրականության գեղանկարչության մեջ արդիականություն ներմուծողներից մեկն է եղել, որ գույնին տվել ծավալ եւ հնչողական ուժ, իսկ արժեքինՙ նոր ըմբռնում: Վարդգես Պարսամյանի քանդակներն առանձնանում են նրբագեղությամբ, ներդաշնակ կատարելությամբ: Վիգեն Շարոյանի բանաստեղծական բնանկարաշարքը դրսեւորում է նկարչի մեծ սերը բնության հանդեպ: Ծաղրանկարիչ Վրեժ Քասունու երգիծանկարները, գաղութի առօրյա մշակութային թոհուբոհի մեջ մոռացված երգիծանկարչական արվեստին նոր վերածնունդ տվեց, իր տեսակի մեջ Քասունին Հալեպում մնում է առայժմ եզակի: Ջորջ Ամբարջյանի աշխատանքներն իրենց խորությամբ եւ նրբագեղությամբ առանձնանում էին գյումրեցի Հրազդան Թոքմաջյանի պատկերած բնանկարներից, որտեղ նկարիչը գունային վարպետ անցումների միջոցով վրձնահարել է կուռ ու հարազատ մտահղացումներ: Թերեւս այս նկարիչների փունջը հաստատում է, որ անկախ ապրած երկրից, նրանք մտածում են ու պատկերում հայկական ոգով ու շնչով:
Մ. Մ.