Երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր մշակութային ծրագրերի շրջանակներում կազմակերպել էր մի միջոցառում, որի ընթացքում մի քանի շնորհալի երեխաներ երաժշտական գործիքներ ստացան: Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի եւ Լիբանանում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հիմնադրամում երաժշտական նոր գործիքների հավաքածու է ստեղծվել, որը տրամադրվում է այն շնորհալի երեխաներին, որոնք ունեն դրանց կարիքը: Այս անգամ հավաքածուի ավելի քան 20 գործիքներից մի քանիսը տրվեցին վերջերս Հայաստանում անցկացված 3 մրցույթներում հաջողությունների հասած երաժիշտներին:
Գործիքների ձեռքբերման ֆոնդը հավաքվել է նախորդ տարեվերջին դեսպանատան կազմակերպած համերգներից մեկից հետո, որը նպատակ է ունեցել օժանդակել Հայաստանում մշակութային որեւէ ծրագրի: «Մենք ցանկանում ենք, որ սա սփյուռքի համար փոքր ջանքերով մեծ արդյունքի հասնելու օրինակ լինի, ասաց Լիբանանում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը: Թերեւս սա առաջին քայլն է, սակայն լավ է, որ նման քայլերը սովորաբար վարակիչ են լինում»:
Ծրագիրը խոստանում է շարունակական լինել: Արդեն կան արձագանքներ, մասնավորապես սփյուռքահայ ուսուցչուհի Սոնա Սարգսյանն արդեն խոստացել է հիմնադրամի հավաքածուն համալրել նոր թավջութակով: Նաիրա Մելքումյանը կոչ արեց բոլորին` հնարավորության սահմաններում նույն կերպ վարվել: «Յուրաքանչյուր գործիքի վրա նշվելու է հիմնադրամի անունը: Երեխաներն ուսումն ավարտելուն պես գործիքը վերադարձնելու են, որից հետո երաժշտական դպրոցների տնօրեններից, մասնագետներից բաղկացած հանձնաժողովը կորոշի, թե գործիքը որ շնորհալի երեխային է հարկավոր տալ: Մեզ համար շատ կարեւոր է, որ գործիք չունենալու պատճառով որեւէ մեկը չդադարի պարապել: Եկեք այնպես անենք, որ երաժշտությունը Հայաստանում միշտ կենդանի լինի», ասաց նա:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ «Սպեղանի» երգչախումբը, որին «Հայաստան» համահայկական հիմնադրամն օժանդակել է մասնակցելու Իտալիայում անցկացվելիք միջազգային մրցույթ-փառատոնին:
Թ. Մ.