«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբը (HUJ) ավելի քան 40 տարվա պատմություն ունի: 1919 թ.-ից շտաբը կազմակերպում է հայ եւ արտասահմանցի կամավորականների գործունեությունը Հայաստանում գործող աշխատանքի միջազգային ճամբարներում: Ներկայումս HUJ-ն իրականացնում է կամավորականների փոխանակում 40 միջազգային կազմակերպությունների հետ: Այս տարի Հայաստանում գործում են 7 միջազգային աշխատանքի ճամբարներ, որտեղ իրականացվում են բարեկարգման, կրթամշակութային, էկոլոգիական, հնագիտական եւ այլ աշխատանքներ: Ճամբարները տեղակայված են Երեւանում, Սպիտակում եւ Գառնիում: Դրանցից շատերն ավանդական են դարձել, այդ թվում նաեւ Գառնու ճամբարը, որն արդեն 4 տարի հյուրընկալում է աշխարհի ամենատարբեր ծայրերից ժամանած երիտասարդ կամավորների:

Այս տարի հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 6-ը Եվրոպայից եկած 14 երիտասարդներ 5 հայ կամավորների հետ հնագիտական պեղումներ էին կատարում Գառնու տաճարի շրջակայքում: Կամավորականները բնակվում են Գառնու հիվանդանոցի շենքում, որտեղ առողջապահության նախարարության կողմից հատկացվել է մեկ հարկաբաժին: Նրանք աշխատում են վաղ առավոտից մինչեւ կեսօր, իսկ մնացած ժամանակը նվիրում են ակտիվ հանգստինՙ հետաքրքրական զրույցներ, ինտելեկտուալ խաղեր, քննարկումներ զանազան թեմաների շուրջ: Հանգստյան օրերին կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: Երիտասարդներն արդեն եղել են Երեւանում եւ Գեղարդում, նախատեսվում են էքսկուրսիաներ դեպի Էջմիածին, Սեւանա լիճ, Դիլիջան եւ այլն:

Եվրոպացիներին հետաքրքրում է հայ մշակույթը, պատմությունն ու լեզուն, քանի որ նրանցից շատերը մինչեւ Հայաստան գալը մեր երկրի մասին գրեթե ոչինչ չգիտեին: Երկար ամառային երեկոներին հայ կամավորները մեծ ոգեւորությամբ եւ նվիրումով օտարերկրացիներին սովորեցնում են հայ գիրը, ներկայացնում պատմության հիշարժան դրվագները, խոսում հայ մեծերի կյանքի եւ գործունեության մասին:

Փոլը, Կատալոնիայից, առաջին անգամ է Հայաստանում, բայց քանի որ ուսումնասիրում է քաղաքագիտություն, ծանոթ է ղարաբաղյան հիմնահարցին եւ գտնում է, որ այս խնդրի լուծման միակ ճանապարհը փոխզիջումներն են: Այնուհանդերձ նա կարծում է, որ Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է կազմում: Փոլը 5-րդ օրն արդեն հարուստ տպավորություններ ուներ, եւ Հայաստանը բնութագրում էր իբրեւ բարձրաբերձ լեռների եւ ազատատենչ ու հյուրասեր մարդկանց երկիր:

Հայաստանի մասին գիտեր նաեւ Լիլին, որը եկել է Բելգիայից: Լիլին զբաղվում է հնագույն լեզուների ուսումնասիրությամբ, մասնավորապես լատիներենի, հին հունարենի եւ գրաբարի: «Հայաստան այցելության մասին վաղուց եմ երազում: Իմ նպատակն է բացահայտել Հայաստանը, ճանաչել հայ մարդուն եւ կատարելագործել իմ հայերենը»: Լիլիի մեծագույն ցանկությունն էր այցելել Մատենադարան, տեսնել հայ դպրության ոսկետառ գոհարները:

Երիտասարդներից եւ ոչ մեկը մասնագիտությամբ հնագետ չէ, սակայն նրանք գտնում են, որ հնագիտական պեղումները չափազանց հետաքրքրական ու գրավիչ են, եւ վստահ են, որ իրենց պեղումներն արդյունավետ կլինեն, քանի որ գիտեն, որ նախորդ տարիներին այս տարածքում գտնվել են Սասանյան մետաղադրամներ, գինու կարասներ եւ հայտնաբերվել են թոնիրներ: Ճամբարի գիտական ղեկավարներն են գիտությունների թեկնածուներ Ամինա Կանեցյանը եւ Ժորես Խաչատրյանը: Նրանք մեզ տեղեկացրին, որ տվյալ տարածքում միջնադարում (12-14-րդ դդ.) բնակվել են ոչ այնքան հարուստ հայ ընտանիքներ, եւ այժմ կամավորականները պեղում են բնակավայրի տնտեսական մասը: Տիկին Կանեցյանն ասում է, որ եվրոպացիներն աչքի են ընկնում իրենց ֆիզիկական լավ պատրաստվածությամբ եւ արտասովոր ջանասիրությամբ: Նրանք աշխատանքին նվիրվում են ամբողջ ոգով եւ խանդավառությամբ:

Կամավորները գոհ էին իրենց աշխատանքից եւ անկեղծ ու անմիջական շփումից: Սակայն կա մի հանգամանք, որ մթագնում է համընդհանուր ոգեւորությունը. դա հիվանդանոցում առկա վատթար պայմաններն են: Եվրոպացիներին անակնկալի էր բերել այն փաստը, որ սանհանգույցն աղետալի վիճակում է, առկա են ջրի հետ կապված խնդիրներ: Այս ամենի պատասխանատուն հիվանդանոցի տնօրինությունն է, սակայն, ինչպես մեզ հայտնեց գլխավոր բժիշկ Գրիգոր Գրիգորյանը, շենքը շահագործման է հանձնվել 1989 թ.-ից եւ այդ օրվանից ի վեր ֆինանսավորման բացակայության պատճառով չի վերանորոգվել: Ողջ հիվանդանոցում առկա են գրեթե նույն խնդիրները, եւ պրն Գրիգորյանը ցավով նշեց, որ իր հնարավորությունները չեն ներում պատշաճ ընդունելություն կազմակերպելու օտարերկրյա հյուրերի համար: Չնայած այս ամենին, ճամբարում տիրում էր մի յուրահատուկ համերաշխության եւ ջերմության մթնոլորտ, որտեղ միավորվում են երկու տարբեր աշխարհներ ու տարբեր մշակույթներ: Այս ամենը վկայում է, որ երիտասարդությունը սահմաններ չի ճանաչում, եւ նրանք են դնում ժողովուրդների ու մշակույթների բարեկամության հիմքերը:

ԱՆԻ ՉԻՏԵՄՅԱՆ, ՍՈՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետ. լեզվաբանական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4