«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ՔԱՋԱԶԻ ԽԱՉԸ

Կյանքի 80-րդ տարում, հեռավոր Նյու Յորքում, երկարատեւ ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց հայտնի գեղանկարիչ Քաջազը (Քաջազունի Քեչյան):

Մոտ մի տարի առաջ իր պաշտած Երվանդ Քոչարի տուն-թանգարանում Քաջազը Երեւանի արվեստասեր հասարակայնությանն էր ներկայացնում իր կյանքի ու ստեղծագործության համապատկերը շքեղ հրատարակված պատկերագրքի միջոցով: Շնորհանդեսի մասնակիցները միաձայն էին թե նկարչի հին ու նոր գործերի ջերմ գնահատությամբ եւ թե այն զգացումով, որ նկարիչը կարծես երբեք էլ չէր բացակայել Հայաստանից, չնայած արդեն շուրջ երեք տասնամյակ ապրում եւ ստեղծագործում էր Միացյալ Նահանգներում: Հիմա էլ, երբ վշտալի իրողություն է Քաջազի վախճանը, դա երբեք ու երբեք չի նշանակելու նրա բացակայությունը իրեն ճանաչողների ու իրեն գնահատողների մտքից, մեր կերպարվեստից, իր հայրենիքից: Քանզի նրա անբասիր անցած ճանապարհը, նրա նվիրումը արվեստագետի իր կոչմանը մշտապես ու մեկընդմիշտ կապված են եղել հայ իրականության ու պատմության, հայ մարդու եւ նրա ճակատագրի հետՙ բարձրարվեստ պատկերումները տոգորելով խորապես ազգային եւ միաժամանակ համամարդկային հնչողությամբ:

Նախ եւ առաջ այս հատկանիշներն են, որ հարուցել են մեր արվեստի երեւելիներիՙ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Մինասի, Հարություն Կալենցի, շատ-շատերի հիացմունքը, օտար հեղինակություններիՙ Վալդեմար Ժորժի, Ուլդիս Զեմզարիսի, Էդվարդ Կալիֆանոյի, Պիեռ Փարսուսի, Կիմ Բակշիի եւ ուրիշների անվերապահ դրվատանքը, լայն ընդունելություն վայելել ինչպես հայրենիքում, այնպես էլ հատկապես արտասահմանյան բազմաթիվ պատկերահանդեսներում, բերել տարբեր մրցանակներ, Հռոմի մշակույթի միջազգային կենտրոնի, Փարիզի «Լյութես» ակադեմիայի անդամի, Հռոմի «Լեոնարդո դա Վինչի» ակադեմիայի թղթակից-անդամի պատվավոր կոչումները:

Քաջազի դիմանկարները, նատյուրմորտները, բնանկարները, իմաստալից, գրեթե խորհրդանշական կոմպոզիցիաներն առինքնում են իրենց ուրույն ոճով, պարզ, միաժամանակ խորհրդավոր հնչողությամբՙ անկախ նրանից կոնկրետ անձ թե պատմական դեմք է բնորդը, ընդհանրացված հայկական կոթող կամ բնության տեսարան է կտավի նյութը թե աստվածաշնչյան կերպար: Արվեստաբանի խոսքով ասածՙ «Նկարչի ներաշխարհը բացահայտող այդ գործերը դիտողին հաղորդում են վերժամանակյա, երազային հովվերգական ապրումներ», նաեւ հայրենականչ զգացումներ, դրամատիկ հույզեր, գեղեցիկ վայելք:

Քաջազը, չնայած իր արվեստի լայնասփյուռ հնչողությանը, ապրում ու աշխատում էր պարզ, անաղմուկ, համեստ: Նրա նվիրումը արվեստին ճշմարիտ ճգնություն էր, արվեստագետի խաչ, որը պատվով ու հեզությամբ կրեց մինչեւ վերջ...

ԷՄԱՆՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Օգոստոսի 22-ին, կիրակի, ժամը 12.30-ին, Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցում, Քաջազի հարազատների խնդրանոք, կկատարվի հոգեհանգստյան պաշտոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4