«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ԸՆՏՐՎԵՑ ԴԱՄԱՍԿՈՍԻ ԹԵՄԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ

Ստորեւ հրատարակում ենք Դամասկոսի ազգային առաջնորդարանի դիվանից ստացված հաղորդագրությունը օգոստոսի 15-ին կայացած թեմական խորհրդի ընտրությունների վերաբերյալ: Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Հայ եկեղեցու Դամասկոսի թեմը միակն է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությանն օրինավորապես պատկանող 4 թեմերից (Լիբանան, Հալեպ, Դամասկոս եւ Կիպրոս), որը 1956 թ. անթիլիական ներեկեղեցական երկփեղկման հրահրումից հետո չի ենթարկվում վերջինիս եւ իր հավատարմությունն է ներկայացնում Մայր աթոռ Սբ. Էջմիածնին, որն այն ընդունում է ի գիտություն:

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդութիւնը ուրախութեամբ կը յայտնէ, թէ կամօքն Աստուծոյ եւ մասնակցութեամբ համայն դամասկահայութեան, կիրակի, 15 օգոստոս 2004-ին, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարանին մէջ տեղի ունեցաւ Ազգային գաւառական ժողովի (թեմական ժողով) ամբողջական կազմի ընտրութիւնը: Դամասկոսի Ազգային քաղաքական ժողովի նախաձեռնութեամբ եւ Դամասկոսի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցւոյ թաղականութեան կազմակերպութեամբ եւ ընտրողական քննիչ յանձնախումբի հսկողութեամբ կատարուեցան արդար եւ օրինաւոր ընտրութիւններ Ազգային սահմանադրութեան կանոններուն համաձայն:

Պատմական օր մը ապրեցաւ դամասկահայութիւնը, քանզի 30 տարիներ ետք Դամասկոսի բոլոր կազմակերպութիւններու անխտիր մասնակցութեամբ կատարուեցան այս ընտրութիւնները: Հետեւեալ 11 ազգայինները ստանալով քուէներու առաւելագոյն ձայները, կը դառնան նորակազմ Ազգային գաւառական ժողովի անդամները.

Պարսումեան Պերճ, Եագուպեան Նազարէթ, Պոյաճեան Թագւոր, Կիրակոսեան Նորայր, Խպոյեան Յովսէփ, Տոքթ. Գրիգորեան Յարութիւն, Չարըքեան Նազարէթ, Կէօնճեան Ասատուր, Տեմիրճեան Զոհրապ, Տոքթ. Ղազարեան Կարպիս, Ակինեան Շաւարշ:

Ազգային գաւառական ժողովի մաս կը կազմեն նաեւ Դամասկոսի կրօնական ժողովէն 2 քահանայ հայրեր, Տ. Աբգար քհնյ. Քահքեճեանն ու Տ. Տրդատ քհնյ. Քիրեճեանը:

Ըստ Ազգային սահմանադրութեան տրամադրութեանցՙ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ վրդ. Նալպանտեանը կը սեպուի Գաւառական ժողովի նախագահը:

Լիայոյս ենք, որ ամենաբարի Տիրոջ կամքով նորընտիր Ազգային գաւառական ժողովի անդամները պիտի լծուին թեմի պայծառացման, բարգաւաճման եւ կազմակերպչական պատասխանատու եւ արժանի ծառայութեան:

Միածին Որդւոյն օգնութեամբ վստահ ենք, որ նորակազմ Գաւառական ժողովը պիտի յաջողի իր առաքելութեան մէջ ի պայծառութիւն Հայաստանեայց առաքելական Սուրբ եկեղեցւոյ եւ ի վայելումն հաւատացեալ ժողովրդեան:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ, Դամասկոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4