«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Ամառային 28-րդ օլիմպիական խաղերում մեծ հետաքրքրություն է ներկայացնում ծանրորդների մրցավեճը, մանավանդ որ Հայաստանն այդ մրցաձեւում չորս ներկայացուցիչ ունի: Հիշեցնենք, որ հայ ծանրորդներից Արմեն Ղազարյանը մինչեւ 62 կգ քաշային կարգում գրավել էր 5-րդ տեղը: Հայ մարզասերները որոշակի ակնկալիքներ ունեին մինչեւ 77 կգ քաշային ծանրորդ Գեւորգ Ալեքսանյանից: Պոկում վարժությունը մեր ծանրորդը վատ չկատարեց, թեեւ արդյունավետ օգտագործեց 3 մոտեցումներից 2-ը: Առաջին մոտեցմամբ նա բարձրացրեց 157,5 կգ ծանրությունը, երկրորդում չկարողացավ իրեն ենթարկել 162,5 կգ-անոց ծանրաձողը, որը, սակայն, «սանձեց» 3-րդ փորձից: Պոկում վարժությունից հետո նա ուժեղագույնների խմբում հանդես եկած 12 ծանրորդների մեջ 5-րդն էր եւ թվում էր, թե հրում վարժությունում կզարգացնի հաջողությունը: Սակայն, ցավոք, սպասելիքները չարդարացան: Ավելինՙ հրում վարժությունը սկսելով առաջինը, մասնակիցների մեջ պատվիրելով ամենացածր քաշը (190 կգ), Ալեքսանյանն այդպես էլ չկարողացավ բարձրացնել ծանրաձողը եւ 0 ստանալով, դուրս մնաց հետագա պայքարից: Ակնհայտորեն զգացվում էր, որ հայ ծանրորդը պատրաստ չէ լուրջ պայքարի: Պոկում վարժությունում էլ նա մեծ դժվարությամբ էր հաղթահարում ծանրությունը:

Այսպիսով, Հայաստանի 2-րդ ներկայացուցիչը ձախողվեց: Իսկ մեդալների համար հիմնական պայքարն ընթացավ ռուսաստանցի Օլեգ Պերեպեչյոնովի, ղազախստանցի Սերգեյ Ֆիլիմոնովի, թուրք ծանրորդներ Թաներ Սագիրի եւ Արաբաչիօղլու միջեւ: Պոկում վարժությունից հետո 172,5 կգ արդյունքով առջեւից էր ընթանում աշխարհի երիտասարդների չեմպիոն ու ռեկորդակիր, 19-ամյա Թաներ Սագիրը, որն օլիմպիական 2 նոր ռեկորդ սահմանեց: Նույնպիսի արդյունքի էր հասել նաեւ Սերգեյ Ֆիլիմոնովը, որն անձնական քաշով ավելի ծանր էր թուրք ծանրորդից:

Հրում վարժությունն էլ Սագիրն անթերի կատարեց: Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար նրան բավական էին հաջող 2 մոտեցումները, որոնց արդյունքում նա հաղթահարեց 202,5 կգ-անոց ծանրաձողը: Թաներ Սագիրը երկամարտի 375 կգ (172,5+202,5) արդյունքով նվաճեց օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Նրանից 2,5 կգ-ով հետ մնաց արծաթե մրցանակակիր Սերգեյ Ֆիլիմոնովըՙ 372,5 կգ (172,5+200): 365 կգ (170+195) արդյունքով բրոնզե մեդալի արժանացավ Օլեգ Պերեպեչյոնովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4