Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով Հայաստանի ԱԻՎ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ) կատարում է Ազգային դիտացանցի ավելի քան 150 կայաններից ստացվող սեյսմաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, հիդրոերկրադինամիկ, սեյսմակենսաբանական տվյալների շուրջօրյա ընդունում, օպերատիվ մշակում եւ համալիր մեկնաբանում:
Վերջերս Թուրքիայի Իգդիր եւ Դողուբայազետ քաղաքների շրջանում, ՀՀ հարավ-արեւմտյան սահմաններից ոչ հեռու, աճել է սեյսմիկ ակտիվությունը: Այսպես, հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 17-ը ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները գրանցել են 25 երկրաշարժՙ 3-7 բալ ուժգնությամբ, որոնք տեղի են ունեցել նույն շրջանում` Իգդիրից դեպի հարավ, հարավ-արեւելք եւ հարավ-արեւմուտք 25-40 կմ հեռավորությամբ: Այս տարածքում պատմական հայտնի երկրաշարժեր են եղել 1319 թ. (M=6,9), 1834 թ. (M=6,1), 1840 թ. (Արարատի) (M=7,3), 1900 թ. (M=5,3), 1932 թ. (M=5,7), 1946 թ. (M=5,3), 1976 թ. (M=4,9):
Սեյսմատեկտոնական առումով վերջին երկրաշարժերից ամենաուժեղը, 7 բալ, տեղի է ունեցել Բայազետի ակտիվ բեկվածքի գոտու հյուսիս-արեւմտյան հատվածում: Հավանաբար, ակտիվացել են նաեւ Գայլատուի ակտիվ բեկվածքի եւ Թոնդուրեկի ընդլայնման գոտու մոտակա հատվածները:
ՍՊԱԾ-ի մոնիտորինգային դիտակայանների տվյալներով, երկրաշարժերին նախորդել են մի քանի բազմաբնույթ պարամետրերի անոմալ փոփոխություններ: Դրանց քանակը մեծ է սովորականից: Անոմալիաներ գրանցած դիտակայանները տեղաբաշխված են ՀՀ գրեթե ամբողջ տարածքում եւ ընդգրկում են սեյսմաակտիվ գոտիների մեծ մասը: Մասնավորապես, «Մեծամոր» դիտակայանում ապրիլ ամսից գրանցվել է (եւ այժմ էլ շարունակվում է) ստորերկրյա ջրերի մակարդակի տարեկան ընթացքի շեղում, որը մեծ հավանականությամբ կապված է ընթացող սեյսմիկ գործընթացների հետ, իսկ «Ախուրիկ» դիտակայանում գրանցվել են երկրաքիմիական պարամետրերի անոմալ փոփոխություններ:
Սեյսմաբանական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տարածքի սեյսմիկ ռեժիմի պարամետրերը գտնվում են իրենց երկարաժամկետ ֆոնային արժեքների սահմաններում: Սեյսմիկ ռեժիմի համեմատաբար ակտիվ եւ պասսիվ փուլերի իրար հաջորդելը սովորական երեւույթ է: Տվյալ տարածքում անջատված էներգիայի որոշ պակասը լրացվեց տեղի ունեցած երկրաշարժերով: 1962 թվից սկսած այս գոտում տեղի ունեցած ամենամեծ մագնիտուդով երկրաշարժերի էպիկենտրոնները նույնպես գտնվել են Բայազետի, ինչպես նաեւ Բալիքգյոլի ակտիվ խզվածքային գոտիների սահմաններում: Այս գոտուն բնորոշ երկրաշարժերը լարվածությունների կուտակման ու լիցքաթափման հերթական եւ օրինաչափ արտահայտումն են: Ըստ վերլուծության արդյունքների, տվյալ օջախային գոտում հնարավոր են 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժեր, որոնք ՀՀ տարածքում կարտահայտվեն մինչեւ 4 բալ ուժգնությամբ: Նման ուժգնության երկրաշարժերը ՀՀ տարածքին վտանգ չեն սպառնում:
Ի տարբերություն Իգդիրի (Դողուբայազետի) երկրաշարժերի օջախային գոտու, որտեղ սեյսմիկ ռեժիմը մեծ հավանականությամբ ընթանում է կայունացման ուղղությամբ, Հայաստանի հարավում եւ նրա սահմանամերձ շրջաններում շարունակվում է «սեյսմիկ անդորրը», այսինքն` երկրաշարժերի բացակայությունը, որը սկսվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Հայտնի է, որ սեյսմիկ անդորրը նախապատրաստվող երկրաշարժի նախանշաններից մեկն է: Հայաստանի հարավում հայտնի են 1931 թ. M=6.3 եւ 1968 թ. M=4.7 երկրաշարժերը: Հետեւաբար, այստեղ պետք է հատուկ ուշադրություն դարձնել սեյսմիկ ռեժիմի մոնիտորինգին, առաջնահերթ զարգացնելով եւ վերազինելով սեյսմոլոգիական ու երկրաֆիզիկական դիտարկումների ցանցը:
ԱԻՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ