«Ազգ»-ի հուլիսի 31-ի համարում տպագրված «Գողություն «Արմավիա» ավիաընկերության սպասարկած ինքնաթիռում» հոդվածից հետո խմբագրությունը օգոստոսի 3-ին ընկերության մամլո ծառայությունից պատասխան հերքում նամակ ստացավ: Արձակուրդում լինելու պատճառով խմբագրությունը հնարավորություն չունեցավ տպագրելու այն: Տնտեսավարողն իր հերքում-պատասխանը հրապարակեց «Իրավունք» թերթի օգոստոսի 6-12-ի համարում: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր ամերիկյան Նորթ-վեստ ավիաընկերության ինքնաթիռով Բոստոնից Ամստերդամ եւ այնտեղից Արմավիայի ինքնաթիռով Երեւան եկած ԱՄՆ քաղաքացի Գայանե Հակոբյանի ճամպրուկից կատարված գողությանը: Փոքր ինչ ուշացումով, այնուամենայնիվ, անդրադառնում ենք ընկերության մեկնաբանություններին:
Վերանալով կոնկրետ փաստից, պատասխան նամակով ընկերությունը հոդվածագրին մեղադրում է անգիտության մեջ, թե ինքնաթիռում նման բան չէր կարող տեղի ունենալ:
Հենց վերնագրում մատնանշելով «Արմավիայի» սպասարկած ինքնաթիռը, նկատի է առնվել ուղեւորին սպասարկող ծառայությունն ընդհանրապես, տվյալ չվերթը, որ պարտավոր է ապահովել նման տհաճ անակնկալներից զերծ ժամանում` իրերով հանդերձ: Հայոց լեզվի բառագիտական առանձնահատկություններին տեղյակ լինելու հանգամանքը գուցե թե բացառեր գլխավորապես նման «մեղանչման» վրա ծանրանալու իրողությունը: Հարկադրված ենք մի փոքրիկ բացատրություն մեջբերել. երբ ասում ենք` քաղաքը քնած է, ամենեւին էլ նկատի չունենք քաղաքն իր նյութական կառուցվածքով, այլ մարդիկ, ովքեր բնակվում են այնտեղ: Տվյալ դեպքում ընդամենը ի մասնավորի արտահայտվել է ընդհանրական իմաստ: Սա, իմիջիայլոց:
Ինչ վերաբերում է լրագրողի կողմից առանց փաստերը ստուգելու հրապարակում տպագրելու հանգամանքին, ապա նման յուրահատուկ փաստ ստուգելը, կարծում ենք, լրագրողի հնարավորության սահմաններում չէ: Տվյալ դեպքում նա ընդամենը եղելությունը հասարակությանը ներկայացնելու եւ ահազանգելու միջնորդ է դարձել, իսկ կենդանի փաստը տվյալ չվերթի սպասարկումից օգտված մարդն է ու նրա վրդովմունքը: Սա այն յուրահատուկ դեպքերից է, երբ կատարվածի իսկությունը հավաստելը խիստ բարդ է նույնիսկ տուժածի համար: Ներկայացնենք կարճատեւ արձակուրդը ծննդավայրում անցկացնելու նպատակով Երեւան եկած ուղեւորի բացատրությունը. «Ես Երեւան թռել եմ հուլիսի 22-ին` Բոստոն-Ամստերդամ-Երեւան ուղերթով: Ամստերդամ հասել ենք առավոտյան ժամը 7-ին, սպասել ենք մինչեւ ժամը 1:30: Հետո եկան «Արմավիայի» աշխատակիցները, որոնք էլ մեզ ուղեկցեցին օդանավակայանի շենքից բավական հեռու գտնվող ինքնաթիռը: Երեւանում ուղեբեռս ստացել եմ դեպուտատական բաժանմունքում: Կոդավորված ճամպրուկից իրերի անհետանալը հայտնաբերել եմ տանը:
Հանգամանքների բերումով Ամերիկայի նահանգներում շատ եմ ճանապարհորդում, ճամպրուկս նույնիսկ չեմ էլ կոդավորում, ոչ մի բան չի կորչում: Այս պարագայում կոդավորեցի: Ինչպե՞ս եղավ, որ Հայաստան գալիս նման դեպք եղավ»:
Գայանե Հակոբյանը մինչեւ սեպտեմբերի 22-ը դեռ Երեւանում է, եւ ցանկության դեպքում լրացուցիչ մանրամասների ակնկալիքով ընկերությունը կարող է դիմել նրան: Ասենք, որ հոդվածի հրապարակումից հետո նա 2 անգամ եղել է «Արմավիա» ընկերության գրասենյակում, սակայն չի հաջողվել հանդիպել իրավասու որեւէ պաշտոնյայի: Արձակուրդի օրերին քաշքշուկների մեջ չընկնելու մտավախությունը պատճառ է դարձել, որ ի սկզբանե նա դիմի թերթի օգնությանը: Ցավոք, մեզանում նույնիսկ սպասարկման ներքին օղակում ուղեւորի խնդրանքին կամ բողոքին ընդառաջելու (առավել եւս օգոստոսի շոգերին), նրան բազմիցս գնալ-գալու, իրավասուներին փնտրելու հոգեմաշ հարկադրանքից ազատելու ավանդույթ չկա:
Ավիաընկերության` խմբագրությանն ուղղված հերքում-նամակում ընդգծվում է այն հանգամանքը, թե անմիջապես «Արմավիան» պատասխանատու չէ կատարվածի համար, քանի որ, համաձայն Վարշավյան կոնվենցիայի, նման դեպքերում «սահմանազատվում է այն պատասխանատվությունը, որ կրում են ավիաընկերությունները եւ վերգետնյա սպասարկման ծառայությունները»: Գոնե ինքնաթիռի տոմսի վրա, թե ընկերությունը ուղեբեռի կորստի համար պատասխանատվություն չի կրում, որեւէ ծանուցում չկա, իսկ սովորական ուղեւորը պարտավոր չէ քաջատեղյակ լինել կոնվենցիայի դրույթներին: Անկասկած, օդային ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունների միջեւ պայմանագրային կետեր կան նաեւ նմանօրինակ դեպքերի վերաբերյալ, եւ կորստի պատասխանատվությունը այս կամ այն չափով վերաբերում է բոլորին: Սակայն ամենեւին ուղեւորի խնդիրը չէ պարզել, նույնիսկ տեղյակ լինել այդ պայմանավորվածություններին: Ավիաընկերության պատասխանատվությունն է ուղեւորին եւ ուղեբեռը ապահով հասցնել տվյալ օդակայանից մեկ այլ օդակայան: Ասենք, որ Գ. Հակոբյանը ԱՄՆ հասնելուց հետո մտադիր է բողոք ներկայացնել նաեւ Նորթ-վեսթի ծառայությանը:
«ԱԶԳ»