«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ՀԱՑԻ ՔԱՇԻ ԵՎ ԱՅԼ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷԻՆ

Կարեն Ճշմարիտյանի խոստումներըՙ անկատար

Տարեսկզբին որակի տեսչությունը ավելի քան մեկ ամիս ստուգումներ էր իրականացնում հաց արտադրող եւ իրացնող ձեռնարկություններում: Նպատակն էր ի հայտ բերել հացի քաշին եւ մակնշմանը վերաբերող պահանջների խախտումները: Ստուգումները ուղեկցվում էին քարոզչությամբ, որին անձամբ մասնակցում էր առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը (որակի տեսչությունը ընդգրկված է նախարարության կառուցվածքում): Նախարարը հավաստիացնում էր, որ հաց արտադրողները եւ իրացնողները պարտավոր են նշել արտադրվող հացի քաշը, պատրաստման եւ պահպանման ժամկետը, մակնշման այլ պահանջներն այնպես, որ տեսանելի լինի սպառողներին:

Ինչպես արդեն նշեցինք, ստուգումներն անցկացվեցին տարեսկզբին (փետրվար-մարտ ամիսներին): Այդ ընթացքում, համաձայն նախարարության տվյալների, որակի տեսչությունը ստուգումներ է իրականացրել 103 հաց արտադրող ձեռնարկություններում եւ 236 առեւտրի օբյեկտներում: Հաց արտադրող 27 ձեռնարկություններում եւ 211 առեւտրի օբյեկտներում հայտնաբերվել են փաթեթավորված եւ չփաթեթավորված հացերի մակնշմանը ներկայացվող նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ: Դարձյալ ըստ նախարարության, խախտումներ թույլ տվածների նկատմամբ կիրառվել են տուգանքներ 5 մլն 200 հազար դրամի չափով: Սրանք պաշտոնական տվյալներն են վերոնշյալ ստուգումների մասին: Սակայն սպառողներին հետաքրքրում են ոչ թե ինչ-ինչ թվային տվյալներ, այլ իրական արդյունքներ: Այսինքն, այն արդյունքները, որոնք խոստանում էր նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ որոնք առ այսօր, չնայած ստուգումներին, իրականություն չեն դարձել: Նախարարը եթե փորձի իրեն նեղություն տալ եւ անձամբ այցելել որեւէ հացի խանութ, ապա կտեսնի, որ հացերից շատերի վերաբերյալ տվյալներ չկան, իսկ քաշն էլ հաստատապես ավելի ցածր է, քան պետք է լիներ: Սակայն մեր նախարարներին վայել չէ հավասարվել հասարակ մահկանացուներին:

Մինչդեռ որակի տեսչության պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանը, համաձայն մեր պաշտոնյաների համար սովորական դարձածՙ ամեն ինչում ժողովրդին մեղադրելու սովորությանը, օրերս Արմենպրեսի թղթակցին հայտնել է, որ սպառողների բողոքները, թեՙ հացի քաշը չի համապատասխանում ընդունված չափանիշներին, անհիմն են: Միաժամանակ նշվել է, որ սեպտեմբերին նոր ուսումնասիրություններ պետք է իրականացվեն կատարված ստուգումների արդյունավետությունը ստուգելու նպատակով:

Այս առնչությամբ նախ հարկ ենք համարում փաստել, որ որակի տեսչության պետի տեղակալի ասածն ուղղակիորեն հակասում է Կարեն Ճշմարիտյանի մի քանի անգամ արած հայտարարություններին, որ վաճառվող հացի քաշն իրականում շատ հաճախ չի համապատասխանում արտադրողների ներկայացրած քաշին, ինչն էլ, ի վերջո, ստուգումների համար առիթ է դարձել: Մյուս կողմից զարմանալի չէ որակի տեսչության նման մոտեցումը: Դրանով փորձ է արվում ծածկել սեփական անգործությունը կամ անարդյունավետ աշխատանքը: Որակի տեսչությունը պարտավոր է մշտապես հետեւել քաշի եւ մակնշման պահանջների պահպանմանը, այլ ոչ թե դա կատարի միայն սպառողների բողոքների դեպքում, այն էլ հետագայում վերջիններիս սխալ հանելու նպատակով: Իսկ ստուգումների դեպքում նույն սպառողները պետք է տեսնեին փոփոխությունները, որոնք, ինչպես նշեցինք, պարզապես բացակայում են: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ սեպտեմբերին կայանալիք նոր ստուգումներից, համենայն դեպս, մենքՙ սպառողներս, չպետք է լուրջ ակնկալիքներ ունենանք: Այլ բան է, որ նախարարության, որակի տեսչության ղեկավարների եւ տեսուչների համար ստուգումները գուցե իսկապե՞ս դրական հետեւանքներ են ունենում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4